Իսկ ո՞վ «կմխիթարի» մարզերի դպրոցներին

Իսկ ո՞վ «կմխիթարի» մարզերի դպրոցներին

Փոքրիկ տղաների պարանոցներին թիթեռնիկներ են, աղջիկների վարսերն էլ զարդարված են մեծ սպիտակ մազակալներով, արեւի տակ կանգնած երեխաներն արդեն հոգնել են, կքանստում են, քորում են գլուխները: Հայաստանում երեկ նշում էին սեպտեմբերի 1-ը՝ Գիտելիքի օրը: Մալաթիա-Սեբաստիա համայնքում գտնվող թիվ 152 դպրոցի տնօրեն Միխայիլ Ասատուրյանը կարդում է քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանի ուղերձը: Դրսում կանգնած փոքրիկների համար այդ «մեծական» խոսքերը ոչ մի նշանակություն չունեն, կարծում եմ՝ ծնողների համար էլ, ովքեր նեղսրտում էին. «Ե՞րբ է վերջացնելու: Խեղճ երեխես վառվեց արեւի տակ»:




Դեռ 1971 թվականին հիմնադրված դպրոցը չի փոխել իր տեսքը տարիներ ի վեր: Սովետական պատուհանները մռայլ տեսք են տալիս դպրոցին: Վերջին տվյալներով, դպրոցն ունի ընդամենը 248 աշակերտ, 11 դասարան: Մինչդեռ Երեւանի «պրեստիժ» դպրոցներում գերբեռնվածություն է, մեկ դասարանում 40 երեխա է սովորում: Իսկ կրթության եւ գիտության նախարարությունից պատասխանում են, թե դպրոցն ընտրելու իրավունքը պատկանում է ծնողին: Մինչ առաջին դասարանցիներն ադապտացվում էին իրենց նոր շրջապատին, ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը գլուխ էր գովում, թե լիքը դպրոցներ են վերանորոգվել. «Ունեցանք կառուցված, լրիվ նոր կառուցված, վերանորոգված դպրոցներ, իսկ այն դպրոցները, որոնք չէին վերանորոգվել, միեւնույն է՝ խիստ բարեկարգ ընդունեցին իրենց աշակերտներին»: Մի քանի օր առաջ նախկին տնօրեն Անահիտ Բախշյանը, հակադարձելով Նարինե Հովհաննիսյանին, հայտարարեց, թե մարզերում եւ շատ գյուղերում ջեռուցման խնդիր կա: Երեկ Նարինե Հովհաննիսյանը պատասխանեց. «Յուրաքանչյուր տարի ավելանում է դպրոցների թիվը, որոնք նորոգվում եւ ջեռուցվում են: Հնարավոր է՝ դպրոցներ կան, որ կաթսայատներով չեն ջեռուցվում, միգուցե վառելանյութով են ջեռուցվում, բայց, այնուամենայնիվ, ջեռուցվում են:



 



Առավել անմխիթար դպրոցների խնդիր կա դրված, հիմա ընդգրկված է մոտ 20 դպրոց, որոնք պետք է վերանորոգվեն: Հանձնաժողով է կազմվել, մենք ունենք հատուկ վարչություն այդ ուղղությամբ». հուսանք՝ այդ անմխիթար դպրոցները դարձյալ Երեւանում չեն գտնվում:
«Ես մենակ 10-եր եմ ստանալու, լավ եմ սովորելու, որ մամաս ու պապաս հեծանիվ առնեն ինձ». փոքրիկ աղջնակի խոսքերի վրա ծիծաղում են մի խումբ կանայք. «Մեր ժամանակ 10 չէր, 5 էր»։ Հարցնում եմ՝ իսկ ձեր ժամանակվա դպրոցը շա՞տ է տարբերվում ժամանակակից դպրոցից։ «Էդքան էլ չէ: Առարկաներ կան հիմա, որ մենք չենք սովորել: Որ թոռնիկս հիմա ինձ ասի՝ տատի, օգնի սովորեմ, կարող ա չկարողանամ»:




Ի դեպ՝ նոր առարկաների մասին: Այս տարի կրթության եւ գիտության նախարարությունը դպրոցներում «փորձարկումներ» է կատարելու: Հուսանք՝ պրն Աշոտյանի թեթեւ ձեռքով նորամուծությունների շարքում դպրոցում սովորելու տարիները չեն ավելանա: ««Ազգային երգ ու պար» առարկայի ներդրումը կկիրառվի 10 դպրոցներում դեռ: Կադրերի խնդիր կա, սակայն: Արդյո՞ք մեր երգի ուսուցիչները բոլորը կարող են պար ուսուցանել: 10 դպրոցներից 2-ը մոտիկ մարզերում են՝ Աբովյանում եւ Արմավիրում: Մյուս դպրոցները Երեւանում են»,- ասաց Նարինե Հովհաննիսյանը: Վերջինս պնդում է, թե սահմանամերձ գյուղերի դպրոցները հատուկ ուշադրության են արժանանում. «Դասագրքերի հետ խնդիրներ չկան: Այնպիսի դեպք չկա, որ որեւէ երեխա, թեկուզ սոցիալական խնդիրների պատճառով, գիրք չստանա: Յուրաքանչյուր արձագանք անմիջապես լուծվում է նախարարի կողմից: Սահմանամերձ գյուղերի ուսուցիչներն արտոնություններ չունեն, վարձատրվում են այնպես, ինչպես մեր ուսուցիչները: Նրանք չեն դժգոհում»:




Դպրոցի դիմաց դրված արկղերը հանկարծ բացվում են, եւ սպիտակ աղավնիներ են թռչում դեպի վեր: Հանկարծակիի եկած փոքրիկների ուրախությունն աննկարագրելի է. «Մամա՛, նայի, ծիտիկը»: Խաղաղության աղավնու թռիչքից հիացած փոքրիկների «ռազմահայրենասիրական դաստիարակությունն իրականացվելու է պաշտպանության նախարարության եւ երկրապահների միության հետ, իսկ կրեդիտային համակարգն էլ գործելու է ավագ դպրոցում»:



ՀԳ. Այս տարի Վայոց Ձորի մարզի Գնդեվազ գյուղն ընդունել է միայն մեկ առաջին դասարանցի: Իսկ Արագածոտնի մարզի երկու դպրոցներում ընդհանրապես առաջին դասարանցիներ չկան: Ընդ որում, մարզպետարաններից ասացին, որ մարզի վիճակագրական ամբողջական պատկերը կունենան առնվազն 5 օրից՝ դեռ տվյալներ չունեն:




Սիրան ՀՈՒՆԱՆՅԱՆ
[email protected]