Էբոլա՝ աֆրիկյան տենդ

Էբոլա՝ աֆրիկյան տենդ

Էբոլա հեմորագիկ տենդը հայտնաբերվել է 1976 թվականին, Զաիրի՝ Էբոլա գետի առափնյա բնակավայրերում: Առաջացնում է ՌՆԹ պարունակող էբոլային վիրուսը (Ebolavirus): Այն փոխանցվում է մաշկի վնասվածքների, օդակաթիլային ճանապարհով, վարակակիրների հետ անմիջական շփման արդյունքում:
Հիվանդության նախանշաններից են բարձր ջերմությունը, ընդհանուր խիստ թուլությունը, կոկորդի, գլխի շրջանում սուր ցավերը, երիկամային անբավարարությունը, լեյկոզը, տրոմբոցիտը, ներքին օրգանների արյունահոսությունը, փորլուծությունը, փսխումները: Ինկուբացիոն շրջանը տեւում է 2-21 օր:
Ժան-Ժակ Մուեմբեի կարծիքով, էբոլայի հիմնական վարակակիրները եւ դրա տարածողները մրգերով սնվող աֆրիկյան խոշոր չղջիկներն են, որոնց միսն օգտագործվում է սննդի մեջ:



Էբոլա տենդի դեմ ստեղծված հատուկ պատվաստանյութ դեռեւս չկա: Կենդանիների վրա մի քանի բարեհաջող փորձարկումներից հետո դեղագիտական երկու խոշոր ընկերություններ (Sarepta Tekmira) այժմ փորձարկումներ են անցկացնում մարդու վրա եւ հույս ունեն, որ, ի վերջո, կստանան պատվաստանյութը, եւ տենդը կհաղթահարվի:
Իսկ էբոլայի նոր ալիքը վերսկսվեց 2014 թվականի փետրվար ամսին, Հյուսիսային Աֆրիկայում՝ ընդգրկելով Լիբերիան, Սիեռա-Լեոնեն, Գվինեան, Նիգերիան, Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունը, Սենեգալը: Մեծ հավանականությամբ, մոտ ժամանակներս այն կտարածվի նաեւ Տոգոյում, Տանզանիայում, Եթովպիայում, Մոզամբիկում, Բուրունդիում, Հասարակածային Գվինեայում:



Էբոլա տենդն արդեն խլել է 3 հազար մարդու կյանք, բժիշկները եւ կամավորները պայքարում են մյուս հարյուրավոր վարակակիրների կյանքը փրկելու համար: Եվրոպական միությունը որոշում է կայացրել 1 միլիոն դոլարով օժանդակել հյուսիսաֆրիկյան երկրների այն ընկերություններին, որոնք պայքարում են տենդի դեմ:



Ախտականխության ակտիվ միջոցառումներ են իրականացնում այն երկրները, որտեղ տենդն իր ողջ ուժգնությամբ դեռ մուտք չի գործել: Մասնավորապես, Կամերունը փակել է Նիգերիայի հետ շփման օդային եւ ցամաքային ճանապարհները: Ճանապարհները փակելով՝ իրենց պատյանել են նաեւ Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Քենիան, Կոտ դ’Իվուարը:



Ըստ կանխատեսումների, եթե էբոլայի տենդը մոտ ժամանակներս չհաղթահարվի, 2015 թվականին հիվանդության հետեւանքով մահացածների թիվը կգերազանցի կես միլիոնը: