Համայնքային չինովնիկները ցուցակագրում են ցուցարարներին

Համայնքային չինովնիկները ցուցակագրում են ցուցարարներին

Վերջին օրերին քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկների աշխատակազմերին հանրահավաքներին չմասնակցելու խիստ հրահանգներ են իջեցվել: Ավելին, որոշ ճարպիկներ դպրոցների, մանկապարտեզների ղեկավարներին հրահանգել են «այլախոհների» ցուցակներ կազմել ոչ միայն աշխատակազմի մակարդակով, այլեւ նրանց ազգականների, ընտանիքի անդամների ու անգամ երեխաների ծնողների: Իբր փորձում են շոշափել իրենց համայնքներում հեղափոխական տրամադրություններն ու հեղափոխականների մոտավոր քանակը ճշտել: Չի բացառվում, որ սա թաղապետարանների ինքնագործունեությունն է: Նրանց մտավախությունների ու ձեռնարկած քայլերի մասին հետաքրքրվեցինք երեկ՝ ավագանու նիստի ավարտից հետո: Իշխանափոխությանը նրանց վերաբերմունքը բազմազան էր: Օրինակ, Ավանի թաղապետը բերանը պինդ փակեց, երբ լսեց «այլախոհներին» ցուցակագրելու մասին հարցը: Նա, ատամներն ու շրթունքները սեղմած, լսում էր մեր հարցերը՝ առանց արձագանքելու: Մեր ճշտող հարցին, թե կարելի՞ է լռությունը համաձայնության նշան ընդունել, շրթունքներն ավելի պինդ սեղմեց: Արաբկիրի թաղապետ Հրայր Անտոնյանն ավելի անկաշկանդ էր, նա նախ հայտարարեց, որ նման բան մեզնից է լսում, ապա մեր ճշտող հարցից հետո, թե նման բան իսկապե՞ս չի եղել, մտափոխվեց. «Գուցե լինի նման հրահանգ, բայց ես մի բանում վստահ եմ՝ յուրաքանչյուր աշխատող իր աշխատաժամանակը պիտի իր աշխատատեղում անցկացնի»: Հանրահավաքներն աշխատանքային օրվա ավարտին են տեղի ունենում: «Ես վստահ եմ՝ մերոնցից ոչ մեկ չի մասնակցում նմանատիպ հանրահավաքի, ես վստահ եմ իմ աշխատակազմի վրա, որ պարապ-սարապ, մանր-մունր հարցերով չի զբաղվում, եթե իրանք աշխատում են աշխատանքի ժամանակ, հետո հասցնում են գնան իրանց ընտանիքներին… Կանա՞յք գնան հանրահավաքի: Պարապ կանայք կարող ա գնան, իսկ աշխատող կանայք դժվար 6-ից հետո իրանց երեխաներին ու ընտանիքը թողեն, գնան-հասնեն հրապարակ»,- փիլիսոփայեց չինովնիկը: Գուցե պայքարում են վատ իշխանությունից ազատվելու, իրենց երեխաների, երկրի լավ ապագայի համար: ՀՀԿ-ականը շարունակեց. «Ով ցանկանում ա՝ թող գնա, ես վստահ եմ՝ մեր աշխատավայրից որեւէ կին չի գնում հանրահավաք, 6-ից հետո հայ կինը գնում ա՝ իր ընտանիքով ա զբաղվում, իր հաց ու ջրով ա զբաղվում»: Բայց այսպես դատող չինովնիկները հայ կնոջը լիարժեք «օգտագործում» են ընտրությունների օրերին՝ մինչեւ կեսգիշեր ստիպում, որ կեղծիքներ անեն, չեբուրաշկայի դեր ստանձնեն, մասնակցեն ՀՀԿ-ի հրապարակային միջոցառումներին՝ «մասովկա ապահովեն»: Համայնքի կրթական ու այլ պետական հաստատությունների՝ հանրահավաքներին չմասնակցելու հրահանգի մասին հարցից խրտնեց նաեւ Նորք-Մարաշի թաղապետ Վարազդատ Մկրտչյանը: Հարցը լսելուն պես հունից դուրս եկավ ու մի կողմ հրեց ձայնագրիչը. «Ես չեմ խոսում ոչ մի բանից»: Այս «աբորիգեններից» խիստ տարբերվեց միայն Աջափնյակի թաղապետ Արտավազդ Սարգսյանը, ով բարոյախրատական ճառերի փոխարեն ասաց. «Մարդկանց իրավունքն է՝ մասնակցել կամ չմասնակցել հանրահավաքներին, դրա խնդիրը չկա: Որեւիցե մեկը մարդկանց իրավունքի վրա չի բռնանում»: