Մահվան թևերով վերադարձ

Մահվան թևերով վերադարձ

Ամերիկաներ մեկնող շատերի հետ եմ զրուցել: Մեծահասակաները սարսափում են մի բանից՝ բա որ մեռնեմ, Ամերիկայի հողու՞մ են ամփոփելու, ջահելներն էլ այլ կերպ են սփոփում իրենց՝ մի քիչ փող կաշխատենք, կգանք: Վերջերս ինձ շատ հարազատ մեկն էլ գնաց: 80-ի շեմին է: Ասաց՝ Հաս ջան, չե՞ս գալու ինձ հրաժեշտ տաս: Ոնց որ իր «պանիխիդային հրավիրեր»: Մի փունջ ծաղիկ առա ու գնացի: Առաջին անգամ էի նրա համար ծաղիկ տանում: Մեկը ասեր՝ ինչու՞ տարար: Թարսի պես էլ վարդերի փունջ էր ու չէի հաշվել, թե փնջի մեջ քանի հատ կա: Ինքը հաշվեց՝ հանգի՜ստ- հանգի՜ստ: Հետո շփոթվեց՝ զույգ է: Խառնվեցի՝ մի հատը դիր ուրիշ ծաղկամանում: Չէ՜,- ասաց,- իմ բախտն է, էլ հետ չեմ գա: Գրկեց ինձ ու սկսեց լաց լինել.
-Ինձ որ ուրիշ հողում թաղեն, կմեռնեմ,- ասաց:
- Ախչի, մեռածն էլ ի՞նչ մեռնի,- ծիծաղեցի:
- Մեռնել էլ կա, մեռնել էլ,- ասաց:- Մի ողջ հավերժություն շուռումուռ եմ գալու:
Է՜, օտարության մեջ կարոտից հողի պես պռոշը ճաքած հայ ջան: Քո ցավը միայն դու կարող ես հասկանալ: Ծերերը Ամերիկայում մեռնելուց են վախենում, ջահելները, դե ջահել են, չեն մտածում: Մտորումներիս պատճառը էլի Հասմիկ Ղարիբյանն է: Մի պարզ աղջիկ՝ Հասո: Թե ով է նա, ինչ է ստեղծել, ինչքանով է հայտնի կամ անհայտ, ինձ հետաքրքիր չի: Իր խոսքը հեռավոր Ամերիկայում կարոտից տառապող հայի ճիչ է, որ ասում էր, որ խնդրում էր մահից առաջ՝ ինձ կհուղարկավորեք Հայաստանում: Սա միայն Հասոյի ճիչը չէ, այլ… օտարության մեջ ապրող ցանկացած հայի:
Սա ներու՞մ ունի, երբ մարդը երկրի կարոտն աչքերում ու սրտում հեռանում է երկրից: Սա ներու՞մ ունի, երբ մարդը մահից առաջ խնդրում է իրեն ամփոփել հայրենի հողում… Մահվան թևերով վերադարձ: Մահն ավելի բարեգութ է: Նորից հիշում եմ Ամերիկա մեկնող մտերմուհուս խոսքերը.
-Մի ողջ հավերժություն հողի մեջ շուռումուռ եմ գալու:
Իսկ Հասմիկը, ասում են, կհանգստանա հայրենի հողում: Աստված իմ, որքա՜ն հայեր ունենք, ովքեր անգամ մահվան թևերով Հայաստան չեն հասնում…




ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ