ԼՂՀ ԱԳ նախարարը Անջեյ Կասպշիկի հետ քննարկել է Ադրբեջանի կողմից ուղղաթիռի խոցման հետևանքով ստեղծված իրավիճակը

ԼՂՀ ԱԳ նախարարը Անջեյ Կասպշիկի հետ քննարկել է Ադրբեջանի կողմից ուղղաթիռի խոցման հետևանքով ստեղծված իրավիճակը

Նոյեմբերի 17-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:



Ինչպես հայտնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից՝ կողմերը քննարկել են ԼՂՀ Պաշտպանության բանակի ռազմաօդային ուժերի ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի Ադրբեջանի կողմից խոցման հետևանքով ստեղծված իրավիճակը։ ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի նման աննախադեպ խախտումը մարտահրավեր է նախ և առաջ միջազգային հանրության, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների խաղաղարար ջանքերին։



Կարեն Միրզոյանը նշել է, որ միջադեպերի համար պատասխանատուի հասցեական դատապարտման բացակայությունն Ադրբեջանում ընկալվում է որպես անպատժելիության արտոնագիր և այդ համատեքստում կարևորել հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմների մշակումն ու իրագործումը։



Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև մի շարք հարցերի, մասնավորապես, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից իրականացվող դիտարկումների վերաբերյալ։