Այսպես կոչված իշխանափոխության դերակատարների պատասխանատվությունը

Այսպես կոչված իշխանափոխության դերակատարների պատասխանատվությունը

Մի առիթով գրել էինք, որ Եռյակից առնվազն երկուսը` ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը որոշակի պատասխանատվություն են կրում Հայաստանի` ԵՏՄ ախոռում հայտնվելու հարցում: Դատելով ամեն ինչից, սակայն, գրածը տեղ չի հասել, կամ ընկալել են այնպես, որ հարմար ժամն է այդ պատասխանատվությունից թռնելու, այլապես առաջիկա փլուզումների տակ մնալու են նաև իրենք` այսպես կոչված իշխանափոխիչները:



Եկեք խոստովանենք, որ նման պահվածքն ազնիվ չէ:



Տղերք, երբ Սերժ Սարգսյանը Գյուլին հրավիրել էր ֆուտբոլ խաղալու, դուք Սերժից ավելի լավ էիք ֆուտբոլ խաղում: Կրիք կա՞ վեր հանելու այդ օրերի ԱԺ նիստերում ԲՀԿ-ականների գյուլանպաստ ելույթները: Իսկ գուցե կա մեկը որ մոռացե՞լ է ՀԱԿ-ի` սրտառուչ ժեստը Գյուլին` դադարեցնել այն օրերի թեժ հանրահավաքները:



2013 թվականի սեպտեմբերի 3-ի հայտնի հայտարարությունից հետո ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն սահուն անցում կատարեցին դեպի պրոռուսականություն: Մեր սխալն այն էր, որ այդ ժամանակ նրանց չհիշեցրեցինք սեպտեմբերի 2-ի դրությամբ իրենց կեցվածքը, բայց հոգ չէ, հիշողը հիշում է, իսկ չհիշողը` շտաբներ է բացում մարզերում:



ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի պրոռուսական կողմնորոշման մասին հայտնի էր ճակատագրական սեպտեմբերի 3-ից դեռ շատ առաջ: Թե Լևոն Տեր-Պետրոսյանն իր հայտարարություններում և թե Գագիկ Ծառուկյանը Լուկաշենկոյի և Կրեմլի կոնյակասեր հասարակության հետ շփումներով՝ բազմիցս փաստել են, որ իրենք ռուսահպատակ են: Հիմա խնդիրն այլ է: Հարց է առաջանում, թե ինչո՞ւ էին Հայաստանում կազմակերպված Գյուլի օրերին և նույնիսկ դրանից հետո Սերժ Սարգսյանին հրահրում, որ նա փակ սահմանով գնա Թուրքիա և հանկարծ գրողի ծոցը չուղարկի ոչ միայն Գյուլի այցը, այլև Գյուլին դեսը ղրկողների ծրագրերը: Ստացվում է, որ կամ ԲՀԿ-ի ու ՀԱԿ-ի խելքը գնալ-գալովի է, կամ էլ նրանք այնպես են պահում իրենց, ինչպես Սերժ Սարգսյանին է հարմար այդ պահին: Նորմալ մարդը, որ ոչ այս կողմից է, ոչ այն, եռյակի այդ երկու ուժերին կհարցներ` դուք հիմա Սերժ Սարգսյանից ի՞նչ եք ուզում:



Չունենալով այս հարցի պատասխաանըէ ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ն իրենց սպասարկող լրատվամիջոցներին հրահանգել են ամեն ինչ անել, որպեսզի չմնան ԵՏՄ անդամակցության պատասխանատվության տակ: Չի ստացվելու: Ախր այնքան տրիվյալ բան է դա, պարոնայք:



Գրում են` Սերժ Սարգսյանին Արևմուտքը չի հավատում, իսկ Ռուսաստանն էլ չի հարգում: Այ, երբ մենք գանք իշխանության, նորովի հարաբերություններ կկառուցենք թե մեկի և թե մյուսի հետ, ու ամեն ինչ լավ կլինի: Հարցնում ենք` ո՞ւր էիք այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը, ըստ ձեզ, սխալ հարաբերություններ էր կառուցում Արևմուտքի և Ռուսաստանի հետ: Մենք չտեսանք, որ մեկդ վեր կենար ու փորձեր բռնել Սերժ Սարգսյանի ձեռքը: Եվ հիմա, երբ ԵՏՄ ախոռի դուռը ռեալ բաց է բոլորիդ առջև և սրտատրոփ սպասում եք ներս ընկնելու, դարձել եք Սերժ Սարգսյանի ընդդիմությունը:



Առհասարակ, հարց է` դարձե՞լ եք ընդդիմություն, թե՞ ձեզ նշանակել են ընդդիմություն, այն էլ այնպիսի ընդդիմություն, որ ողջունում է Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությունը և հրաժարվում քննարկել գոնե ներքին բարեփոխումները: Այսպիսի ընդդիմություն նույնիսկ Աֆրիկայում չկա, պարոնայք: Ու դեռ այսքանից հետո էլ նեղվում եք, որ ձեզ նման ընդդիմությանը քննադատո՞ւմ են:



Քաղաքականության մեջ չկան հավերժ բարեկամներ, այլ կան հավերժական շահեր: Հայաստանում, սակայն, քանի որ քաղաքականություն չկա, բարեկամությունն ու շահը մեկտեղված են: Եվ դա է պատճառը, որ Հայաստանին Արևմուտքում չեն հավատում, իսկ Ռուսաստանում էլ չեն հարգում: Արևմուտքը ինչպես հավատա Հայաստանի իշխանություններին, երբ նրանք ընդդիմութան հետ շտապում են վայրկյան առաջ ընկնել ԵՏՄ, իսկ Ռուսաստանն ինչպե՞ս հարգի մեկին, ով իշխանությամբ ու ընդդիմությամբ հայտարարում է՝ ես քոնն եմ, վերցրու ինձ: