Ուղղաթիռի անկման վայրում շնագայլեր կան

Ուղղաթիռի անկման վայրում շնագայլեր կան

5 օր անց խփված ուղղաթիռի անկման վայրում իրավիճակն անփոփոխ է: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի այցը եւ նրա հանդիպումները ԼՂՀ նախագահի եւ ՊԲ հրամանատարի հետ, ըստ էության, արդյունք չունեն:



«Ժառանգության» մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը ԵԱՀԿ գրասենյակի առաջ հացադուլ սկսեց, իր ՖԲ էջում հայտարարելով. «Ինչո՞վ են զբաղված ԵԱՀԿ համանախագահները, ի՞նչ են արել մինչ օրս, որ խաղաղ ձեւով ուղղաթիռի անձնակազմը հետ բերենք.... եթե մի բան էլ արել են, շատ քիչ է, տղաները դեռ հոշոտման վտանգի տակ են, եթե արդեն չի եղել...»:



Դավիթ Սանասարյանի ասածը հաստատեց ղարաբաղյան պատերազմի մասնակից հրամանատարներից մեկը, որը խնդրեց չհրապարակել իր անունը: Նա ծանոթ է այն վայրերին, որտեղ վայր է ընկել հայկական ուղղաթիռը, եւ «Հրապարակին» հայտնեց, որ ղարաբաղաադրբեջանական սահմանի այս հատվածում շատ շնագայլեր կան: Այնպես որ, որքան ժամանակ է անցնում, այնքան ավելի է բարդանալու դիակների դուրսբերումը շփման գոտուց: Մինչդեռ սա գլխավոր խնդիրն է այս պահին, բոլոր հարցերից էլ կարեւոր, որին սրտատրոփ սպասում են ոչ միայն զոհվածների հարազատները, այլեւ ողջ Հայաստանն ու Ղարաբաղը:



Հայկական ուժերը երեկ կրկին չէին կարողանում մուտք գործել չեզոք գոտի կոչվող տարածք: Թե ինչ իրավիճակ է այնտեղ, անհնար էր հասկանալ պաշտոնական հաղորդագրություններից: ՀՀ ՊՆ-ն, ինչպես միշտ, օպերատիվությամբ աչքի չէր ընկնում: Վերջին լուրերը թարմացվել էին նոյեմբերի 14-ին:



ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանից երեկ 18:00-ին տեղեկացանք, որ կրակահերթերն ուղղաթիռի անկման վայրում չեն դադարում, եւ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմն անընդհատ խախտվում է: «Արդյոք շնագայլեր կա՞ն այդ տարածքում, եւ հնարավո՞ր է, որ մերոնք ուղղակի կորցնեն դիակները»: Այս հարցին պատասխանելով, խոսնակն ասաց, որ չի կարող որեւէ ինֆորմացիա տրամադրել, քանի որ հնարավոր չէ իմանալ, թե ինչ է կատարվում դեպքի վայրում:



Երեկ կարճ հեռախոսազրույց ունեցանք ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանի հետ, որը դրանից մի քանի ժամ առաջ էր հանդիպել Անջեյ Կասպրշիկին:



- Պարոն Հակոբյան, կարո՞ղ է արդյոք ԵԱՀԿ-ն օգնել գոնե կրակը կարճ ժամանակով դադարեցնելու եւ դիակները դուրս բերելու հարցում:



- Հույս ունենք, որ ինչ-որ քայլեր կձեռնարկեն, որ առաջնահերթ գոտում խնդիրները լուծվեն: 



- Ոչ մի պաշտոնական տեղեկություն չկա, թե ինչ է ասել Անջեյ Կասպրշիկը ԼՂՀ նախագահի եւ Ձեզ հետ հանդիպումների ժամանակ: Նա ինչ-որ բան խոստացե՞լ է:



- Խոստացավ, որ կաշխատի:



- Հիմա, էս պահին, ի՞նչ վիճակ է ուղղաթիռի անկման վայրում:



- Եկեք տեսեք:



- Գանք, ֆլեշ-մո՞բ անենք, ինչպես ասաց մեր նախագահը:



- Ոչ: Դրանք իրար հետ անհամեմատելի բաներ են:



- Մենք գիտենք, որ երկրորդ ուղղաթիռին էլ է վտանգ սպառնացել, այդպես չէ՞:



- Այո, երկուսն էլ նշանառության տակ են եղել:



- «Ժառանգությունից» Դավիթ Սանասարյանը ԵԱՀԿ գրասենյակի դիմաց հացադուլ է անում, ի՞նչ կարծիքի եք, նման ակցիաներն արդյունք կտա՞ն:



- Ադրբեջանի դեսպանատան առաջ թող գնան անեն: