Փոխանակ իր կնիկ Փիրուզին պաշտպանի, խալխի կնանքին է մեջ գցում

Փոխանակ իր կնիկ Փիրուզին պաշտպանի, խալխի կնանքին է մեջ գցում

Ֆինանսների նախկին նախարարը ունքը դզելու տեղ, աչքն էլ հանեց: Facebook- ի իր էջում փոխանակ իր կնիկ Փիրուզին պաշտպանի, խալխի կնանքին է մեջ գցում: Գաղտնիք չէ, որ հանրությունը երկար ժամանակ իր Փիրուզի դեկրետային միլիոններն է գզզում ու տաք արևին փռում: Դավիթն էլ որոշել է լուրջ պատասխան տալ. «Ես այսպես էլ չունեմ հարցի պատասխանը՝ ո՞րն է ավելի բարոյական. ստանալ բարձր վարձատրութու՞ն ու վճարե՞լ հասանելիք բոլոր հարկերը, թե՞ ցույց տալ անվանական մի փոքր աշխատավարձ, իսկ մնացածը ձևավորել ստվերայնորեն»: Փաստորեն Դավիթ Սարգսյանը հանրությանը հրամցնում է ևս մի ձև, որ ուրիշ պաշտոնյաներն են իրենց կանանց համար անում ու մեզ էլ հարցնում է՝ ո՞ր ձևն է լավը: Ասենք, Դավիթ, ասենք: Ոչ մի ձևն էլ լավ չի: Երկու ձևն էլ նույն թալանն է՝ տարբեր մոտեցումներով: Նախ մի հարց. էդ ո՞նց է լինում, որ բոլոր յուղալի թիքաները պաշտոնյաների կանանց է տրվում: Ասում եք՝ լավ իրավաբան է: Հանրապետությունում քիչ լավ իրավաբաններ կա՞ն, որ տեղից տեղ են վազում ու անգամ նվազագույն աշխատավարձով գործ չեն գտնում: Ուզու՞մ եք, հայտարարություն տամ, ու հազարավորները ձայն հանեն: Ասում եք, որ ձեր տիկինը մինչ ձեր տիկին լինելն էլ է բարձր աշխատավարձ ստացել. « Իմ կինը, այո, բարձր վարձատրվող իրավաբան է։
Ընդ որում, նա բարձր վարձատրվող իրավաբան էր դեռ այն ժամանակ, երբ Դավիթ Սարգսյանի կինը չէր»: Մի հատ չեք հիշեցնի՞, թե ում աղջիկն էր, որ էն ժամանակ էլ այդպես բարձր էր վարձատրվում:
Լավ չէր լինի՞ պարզ ասեիք՝ հիմա մեր պաշտոնյաներից ու՞մ կինը չի այդքան ստանում, որ իմը չստանա: Թե չէ քողարկված ձևով ակնարկելով, թե որ ձևն է բարոյական՝ առանց անուններ տալու, ուրիշների կանանց փուռն եք տալիս… Վերջում էլ իմ շնորհակալությունը, որ ստվերայնորեն չի փողը տրվել, այլ՝ «ափաշկարա է նվիրվել»:



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ