Չինական գյուղը բարգավաճել է համագյուղացի միլիոնատիրոջ շնորհիվ

Չինական գյուղը բարգավաճել է համագյուղացի միլիոնատիրոջ շնորհիվ

Չինացի միլիոնատերը իր հայրենի գյուղում քանդել է բոլոր տները և հայրենակիցների համար շքեղ բնակարաններ ու առանձնատներ կառուցել՝ դրանք անվճար տրամադրելով տեղի բնակիչներին: Այսպիսով Սյուն Շույխուան իր երախտագիտությունն է հայտնել անցյալում իր հանդեպ ունեցած բարի վերաբերմունքի համար, գրում է Lenta.ru-ն:



Գործարարը Հարավային Չինաստանում վերափոխել է բնակավայրը և այնտեղ 72 ընտանիքների համար լյուքս դասի բնակարաններ կառուցել: Դրանից բացի, ևս 18 ընտանիքների, որոնց նա ցանկացել է հատուկ երախտագիտություն հայտնել, միլիոնատերը առանձնատներ է նվիրել: Գյուղը կանաչապատվել է, նոր արձաններ են հայտնվել, մանկական հրապարակ և մշակույթի կենտրոն է կառուցվել:



Սյուն բացատրել է, որ ավելի շատ գումար է վաստակել, քան կարող է ծախսել, և մտադիր չէ մոռանալ իր պարտքերը: «Ես միշտ վճարում եմ իմ պարտքերը և ցանկացել եմ դրանք վերադարձնել այն մարդկանց, ովքեր օգնել են ինձ և իմ ընտանիքին, երբ ես երիտասարդ էի»,- ընդգծել է չինացին: Թե որքան գումար է նա ծախսել նախագծի վրա՝ հայտնի չէ:



Գործարարը խոստացել է նաև, որ պարբերաբար կայցելի թարմացված գյուղ, որպեսզի համոզվի, որ ցածր եկամուտ ունեցողներն ու ծերերը ոչ մի բանի կարիք չունեն:



Տեղի բնակիչներին դուր է եկել Շույխուայի բարեգործական նախագիծը: «Ես հիշում եմ նրա ծնողներին: Նրանք լավ մարդիկ էին: Լավ է, որ որդին ժառանգել է նրանց բարությունը»,- ասել է գյուղի երկարակյացներից մեկը: