Սկզբում հրամանը, հետո՝ աթոռը

Սկզբում հրամանը, հետո՝ աթոռը

Վերջին շրջանում ակտիվորեն շոշափվում է կառավարության կառուցվածքային նոր փոփոխությունների, մասնավորապես մի շարք նախարարությունների միավորման թեման, որը տագնապի մեջ է գցել հավանական միավորվող գերատեսչությունների ղեկավարներին՝ առողջապահության եւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարներին, քանի որ երկուսն էլ քաջ գիտակցում են, որ միավորման դեպքում իրենք չեն նոր «սուպերնախարարի» թեկնածուները: Երեկ տեղեկացանք, որ այս փոփոխությունը դեռ չի լինելու, մինչեւ չլուծվեն արդեն միավորված եւ նորաստեղծ նախարարությունների հարցերը:



Ամենայն հավանականությամբ, կառավարության հաջորդ նիստին կներկայացվի տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության կառուցվածքի նախագիծը, իսկ միջազգային ինտեգրման եւ բարեփոխումների նախարարության կառուցվածքի հարցը, թերեւս, կմնա հաջորդ տարի: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը երեկ մեզ հետ զրույցում չբացառեց, որ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության դեպքում կլինեն փոխնախարարների կրճատումներ:



Ընդհանուր հաստիքացուցակի կրճատումների մասին ասաց` «դեռ հայտնի չէ»: Ինչ վերաբերում է հարցին, թե որտեղ է նստելու նոր նախարարը, ասաց՝ դեռ պարզ չէ: Այսինքն, փոխանակ սկզբում տեխնիկական հարցերը կարգավորեն, հետո կառավարության որոշում կայացնեն, հակառակ կողմից են սկսում՝ ապացուցելով, որ գերխնդիրը նախարարի աթոռն է եւ այն զբաղեցնողի անձը: