ՀՀԿ-ն լայն քննարկումներ է սկսում

ՀՀԿ-ն լայն քննարկումներ է սկսում

Ոչ իշխանական տասնյակ կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ այսօր կայանալիք խորհրդաժողովում Գագիկ Ծառուկյանը թերեւս նպատակ ունի ձեւավորել սահմանադրական բարեփոխումներին դեմ բեւեռ, որը պատրաստ է խոչընդոտելու իշխանության վերարտադրությունը, ինչը, ըստ ոչ իշխանականների, սահմանադրական փոփոխությունների բուն նպատակն է: Այս թեմայով զրուցեցինք ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ:



- Պարոն Բաղդասարյան, ավարտին է մոտենում Սերժ Սարգսյանի նախանշած ժամկետը, եւ շուտով նա պետք է իր կարծիքը հայտնի Սահմանադրության հայեցակարգի վերաբերյալ: Ենթադրվում էր, որ այս ընթացքում ՀՀԿ-ն պետք է կոնսուլտացիաներ աներ քաղաքական շրջանակների հետ, եւ ձեւավորվեր լայն կոնսոլիդացիա: Ի՞նչ քայլեր են արվում այդ ուղղությամբ:



- Այս հարցով ձեւավորված մասնագիտական խումբը կատարել է բավականին քննարկումներ, ես չեմ մասնակցել այդ քննարկումներին, բայց մոտ օրերս կլինի ՀՀԿ խորհրդի նիստ, որտեղ արդեն կմշակվի հանրային հանդիպումների վերաբերյալ աշխատակարգ, եւ որից հետո արդեն կկայացվի որոշում: Այս ամսվա ընթացքում բավականին լուրջ քննարկումներ պետք է լինեն, եւ այդ քննարկումներին կմասնակցեն քաղաքական գործիչներ, պատգամավորներ, քաղաքական ուժեր, եւ այդ ամենի արդյունքում կկազմվի որոշում:



- Հնարավոր կլինի՞ մինչեւ Սերժ Սարգսյանի նախանշած ժամկետն ավարտել այդ քննարկումներն ու հանդիպումները, թե՞ նորից ժամկետը կհետաձգվի:



- Ես կարծում եմ, որ՝ այո, կհասցնենք, բայց եթե լրացուցիչ ժամանակի կարիք լինի, ՀՀ նախագահը հանդես կգա հայտարարությամբ: Նորից պիտի կրկնեմ, որ, իմ կարծիքով, մինչեւ մարտ որոշակիություն կլինի, եւ կոնսոլիդացիայի հետ կապված խնդիրների պատասխանը կլինի, եւ քննարկումների արդյունքները կմատուցվեն հանրությանը:



- Ձեր կարծիքով, կարո՞ղ եք եւ ո՞ր ուժերի հետ պետք է լայն կոնսոլիդացիա ապահովեք, երբ Գագիկ Ծառուկյանը բավական լայն հակադիր բեւեռ է ձեւավորել: Հնարավո՞ր է հրաժարվեք այդ բարեփոխումներից:



- Ինձ թվում է՝ այդ դեմ լինողները պետք է հիմնավորումներ ներկայացնեն, թե ինչու են դեմ: Մենք մտածում ենք ապագայի մասին եւ երկիրը տանում ենք ապագա, իսկ ապագա տանող ճանապարհներից մեկը, ըստ իս, սահմանադրական բարեփոխումներն են:



- Ոչ իշխանականներն սպառնում են ժողովրդին փողոց հանել, անցնել հանրահավաքային պայքարի եւ թույլ չտալ իշխանության վերարտադրություն, այսինքն՝ սահմանադրական փոփոխությունների իրականացում:



- Հանրահավաքային պայքարը կարծես սովորություն է դարձել, եւ եթե մենք ամեն անգամ տուրք տանք այդ հանրահավաքներին, ինձ թվում է, որ մենք այն քաղաքականությունը, որը որդեգրել է իշխանությունը, չի կարող իրականացնել: Պարզապես որոշ ընդդիմադիր կամ ոչ ընդդիմադիր ուժեր իրենց համար սովորություն են դարձրել գնալ, ցանկացած առիթի դեպքում սկսում են մտածել հանրահավաք անելու մասին, որովհետեւ նրանց փողոց դուրս գալու առիթ է պետք: Իշխանությունը, թեկուզ հանրահավաքների ներքո, պետք է անի իր գործը, իսկ հանրահավաքի մասնակիցներին բացատրություն է պետք, մենք տեսնում էինք՝ նախորդ հանրահավաքների ժամանակ անեկդոտներ էին պատմում մարդկանց, որովհետեւ չէին կարողանում այդ հանրահավաքի բուն իմաստը մեկնաբանել:



Նույն սահմանադրական փոփոխությունների հետ կապված, ես չեմ կարծում, որ այնպիսի բուռն քննարկումներ կարողանան ծավալել, հիմնավորումներ բերել, որ կարողանան համոզել հանրությանը: Եթե պետք է ասեն, որ մենք դեմ ենք, որովհետեւ մենք թեկնածու ունենք, ինձ թվում է՝ դա լուրջ չէ, դա քաղաքական չէ: Նրանք յուրաքանչյուր պատրվակ այլ նպատակի են իրականացնում, չի բացառվում, որ այս ամենը եւս պատրվակ է մարդկանց հետ նորից շփումներ ունենալու, հանրահավաքներ կազմակերպելու, բայց պետք չէ շտապ եզրահանգումներ անել, որովհետեւ խորհրդակցությունները, հանդիպումները երբ կլինեն, մենք դրանից հետո նոր կարծիք կհայտնենք: