Ոչիշխանականները հաշվետվություն են պահանջում

Ոչիշխանականները հաշվետվություն են պահանջում

Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովը հաջորդ շաբաթ ավարտական տեսքի կբերի եւ խորհրդարանին կներկայացնի իր եզրակացությունը: Հանձնաժողովի ներսում կրքեր են բորբոքվել, ՀՀԿ-ն մտադիր է եւս մեկ անգամ՝ մինչեւ այս նստաշրջանի ավարտ՝ մայիս-հունիս, երկարաձգել հանձնաժողովի աշխատանքները. նրանք կարծում են, որ հանձնաժողովը դեռ անելիք ունի: Մինչդեռ հանձնաժողովի ոչ իշխանական անդամները դեմ են ՀՀԿ-ի որոշմանը եւ կարծում են, որ հանձնաժողովը բավարար աշխատանքներ կատարել է, եւ կարելի է եզրակացություն ներկայացնել, այլապես նրանք համատեղ որոշում ունեն՝ երկարաձգելու դեպքում չմասնակցել հանձնաժողովի աշխատանքներին: «Այո, կան բավարար փաստեր, որոնց հիման վրա մենք կարող ենք հստակ եզրակացություն ներկայացնել, եւ նպատակահարմար չենք համարում, որ եւս մեկ նստաշրջան երկարացվի»,-երեկ մեր տեղեկությունը հաստատեց հանձնաժողովի ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը: ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը նույնպես հաստատեց երկարացնելու դեպքում հանձնաժողովի աշխատանքներին չմասնակցելու որոշման մասին լուրը: Միայն ՀՅԴ-ում են կիսում ՀՀԿ-ի կարծիքը: Աղվան Վարդանյանն էլ հասցրել է պարզաբանումներ տալ՝ ասելով, թե կիսատ հարցեր կան, որոնք պարզաբանումներ են պահանջում: Հանձնաժողովը եկող երեքշաբթի նիստ է անելու, եւ ոչ իշխանականների նախաձեռնությամբ հրավիրել են պատկան այրերի՝ նրանցից լսելու բացատրություններ, որոնք հնարավոր կդարձնեն հաշվետվություն կազմելու հարցը: Բացատրություններ կտան Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, էներգետիկայի նախարարության եւ «Գազպրոմի» ներկայացուցիչները:



Բանն այն է, որ հանձնաժողովում ձեւավորված 4 ենթահանձնաժողովներից 3-ը, որոնք զբաղվում են պարտքի ձեւավորման, ստուգաչափերի, ջերմատվության, գազի որակի ուսումնասիրություններով, ավարտին են հասցրել իրենց աշխատանքները: Բայց ամենակարեւոր՝ սակագնի հարցն ուսումնասիրող հանձնաժողովը դեռեւս անելիք ունի, դրա համար էլ հանձնաժողովի աշխատանքները երկարաձգելու անհրաժեշտություն են տեսնում: Որոշ տեղեկություններով, հանձնաժողովը, ըստ էության, հիմնավորել է ընդդիմության կասկածները, որ գազի սակագինը ձեւավորվել է չհիմնավորված: Հիշեցնենք, որ այս հանձնաժողովը պետք է ուսումնասիրեր 2011-13թթ. ընթացքում գազի դիմաց ռուսական կողմին կուտակած 300 միլիոն դոլար պարտքի ձեւավորման օրինականությունն ու չափի հիմնավորվածությունը, ինչպես նաեւ «ՀայՌուսգազարդում» Հայաստանի ունեցած 20 տոկոս բաժնեմասի գնահատման գործընթացը: Խորհրդարանում մի քանի օր տեւած թեժ քննարկումներից ու մեծ աղմուկից հետո որոշվեց, որ հանձնաժողովը պետք է աշխատի դռնփակ եւ իր եզրակացությունն ԱԺ-ին ներկայացնի 2014-ի նոյեմբերի 8-ին: Հունիսի 20-ին, սակայն, հանձնաժողովը միջանկյալ եզրակացություն ներկայացրեց եւ խնդրեց գործունեության ժամկետը երկարացնել մինչեւ 5-րդ գումարման 6-րդ նստաշրջանի ավարտը: ԱԺ 6-րդ նստաշրջանն ավարտվեց դեկտեմբերի վերջին, բայց հանձնաժողովը չկատարեց ԱԺ որոշումը, չներկայացրեց հաշվետվություն:
«Այո, դուք ճիշտ եք, բայց քանի որ որոշակի հարցեր կային կուտակված բոլոր քաղաքական ուժերի կողմից, որոշում կայացվեց, որ այդ ամենը ներկայացնենք լրացուցիչ ժամկետներից հետո, որպեսզի ավելի համապարփակ լինի, ավելի ամփոփ, որպեսզի հարցեր չմնան»,- հանձնաժողովի չգոյության մասին մեր դիտարկմանը պատասխանեց ՕԵԿ պատգամավորը:



Հովհաննես Մարգարյանը չցանկացավ փակագծեր բացել, թե ինչպիսի հաշվետվություն է սպասվում. «Կլինի՝ կտեսնեք»: Նույնը հորդորեց Միքայել Մելքումյանը: Ավելի վաղ մենք գրել էինք, որ քաղաքական շրջանակներում խոսվում է, որ գազի հանձնաժողովի աշխատանքների վերջնական ամփոփումից հետո «պայթյուններ» են տեղի ունենալու` պաշտոնանկությունների տեսքով: Հատկապես քավության նոխազի կարգավիճակում է հայտնվելու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, որի վրա է կոտրվելու ոչ հիմնավոր գնագոյացման եւ ոլորտում հանելուկային դարձած մեծ պարտքերի կուտակման հարցը: