Միջկուսակցական շարքային, ձանձրալի, ճանաչողական, արձանագրային այց

Միջկուսակցական շարքային, ձանձրալի, ճանաչողական, արձանագրային այց

Փետրվարի 9-10-ը երկօրյա պաշտոնական այցով Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ մոսկովյան այցը, հակառակ սպասումներին, այնքան էլ լույս չսփռեց ներքաղաքական պրոցեսների վրա: Քաղաքական շրջանակներում այդ այցը ներկայացվել էր իբրեւ ռուսաց թագավորից «դաբրո» ստանալուն եւ իշխանափոխության գործընթաց սկսելուն ուղղված ակտ: Սպասվում էր, որ ամեն ինչ պարզ կդառնա մոսկովյան այցից հետո: Ենթադրվում էր, որ ԲՀԿ-ի ներկայացուցչական պատվիրակությանը Մոսկվայում արժանացրած ընդունելությունից արդեն իսկ պարզ կդառնար՝ ԲՀԿ-ն վայելո՞ւմ է Կրեմլի աջակցությունը եւ կարո՞ղ է անցնել կտրուկ գործողությունների:



Սակայն պարզվեց, որ Մոսկվայում նրանց ընդամենը սպասվում էր «միջկուսակցական այցի շարքային, ձանձրալի, ճանաչողական-արձանագրային ծրագիր՝ ժՊՌվՈÿ ՀՏրրՌÿ-ի հետ համագործակցության շրջանակներում»,- գրել է ռուսական ԾՏրՍՏՉրՍՈÿ կՐՈՉՊՈ-ն, նշելով, որ ԲՀԿ-ին հաջողվել է ռուսական վերնախավի ներկայացուցիչներից հանդիպել միայն ԱՊՀ հարցերով Պետդումայի կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկու հետ, որի միջոցով հաղթական գովազդ Հայաստանում հնարավոր չէր անել: «Այսպիսով, Ծառուկյանի` ռուսաստանյան բարձրաստիճան դեմքերի հետ հանդիպելու աղոտ հույսերը եւ ԲՀԿ-ի խամաճիկավար Ռոբերտ Քոչարյանի մոսկովյան կապերը վերջնական ֆիասկո են ապրել:



Ծառուկյանը վերադարձել է Հայաստան ձեռնունայն եւ Մոսկվայի փաստացի ակնարկով առ այն, որ մոտ ապագայում ԲՀԿ-ն երկրի ներքաղաքական դաշտում կարող է միայն երկրորդական դերի հավակնել»,- գրել է թերթը: Ի դեպ, այցից առաջ խոսակցություններ կային, թե պլանավորել են հանդիպել ՌԴ Պետդումայի նախագահ Նարիշկինի հետ:
Ծառուկյանին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերության՝ այցի մասին պատմող ռեպորտաժում մեկ հանդիպում էլ կա, որը շրջանցել է ռուսական մամուլը: Խոսքը Ռուսաստանի Լիբերալ դեմոկրատական խմբակցության եւ դրա ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկու հետ հանդիպման մասին է, որը, մեր տեղեկություններով, կայացել է Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ:



Ժիրինովսկու համար, հավանաբար, այնքան անկարեւոր է եղել այդ հանդիպումը, որ «պաշտոնական» հանդիպմանը նա ներկայացել էր առանց փողկապի, «կլետչատի» վերնաշապիկով, մի քանի երիտասարդ կուսակցականների հետ եւ սեղանի գլխին, բազկաթոռի մեջ ճոճվելով, զրուցում էր հյուրերի հետ: Բոլոր հանդիպումների ժամանակ ԲՀԿ ղեկավարը ողջունել է ԵՏՄ-ին անդամակցության փաստը եւ իր պատրաստակամությունը հայտնել, որ պատրաստ է «անձնական դերակատարում ունենալ երկու երկրների միջեւ քաղաքական-տնտեսական, մշակութային եւ մյուս ոլորտների հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար:



ԲՀԿ-ն ունի բոլոր ռեսուրսները ամենատարբեր ձեւաչափում Ռուսաստանի հետ կապերն ընդլայնելու համար, եւ մենք պատրաստ ենք առավելագույնը աջակցել այդ գործընթացին»: Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը նկատում է, որ ԲՀԿ-ն փորձում էր փիառ տպավորություն ստեղծել, որ ինքը կարող է ամբողջությամբ փոխարինել իշխանությանը: «Այդ նպատակով էլ համաձայնում էր, որ աշխարհաքաղաքական կարեւոր ընտրություն ենք կատարել, որ նոր փուլ ենք թեւակոխել, մինչդեռ մեզ վերադարձրել են Սովետմիություն, եթե չասենք՝ կայսրական շրջան»: Ուշագրավ է, որ հանդիպման մասին «Կենտրոնի» նախորդ օրը պատրաստած ռեպորտաժից հետո Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը փորձեց տարանջատվել Ծառուկյանից՝ հայտարարելով, որ նախօրեին մեր տպագրած լուրը՝ Ծառուկյան-Քոչարյան հանդիպման մասին, չի համապատասխանում իրականությանը:



Չնայած այս ամենին, այցի ավարտից հետո Ծառուկյանի հրավիրած «Ոչ իշխանական քաղաքական հասարակական ուժերի խորհրդաժողովի քարտուղարության» կողմից տարածվեց տեղեկանք, որտեղ գրված է. «Խորհրդաժողովի մասնակիցներն անթույլատրելի են համարում կիսապատերազմական իրավիճակում, տնտեսական անկման պայմաններում երկրի կառավարման մոդելի փոփոխության թեմայով սահմանադրական հանրաքվեի անցկացումը: Խորհրդաժողովի մասնակիցները փաստում են, որ հանրաքվեի անցկացումը ժամանակավրեպ եւ խիստ վտանգավոր միջոցառում է:



Խորհրդաժողովում հնչել են առաջարկներ, որ եթե իշխանություններն այնուհանդերձ չլսեն հասարակության եւ քաղաքական ուժերի կարծիքը եւ գնան հանրաքվեի, ապա վերջինիս անցկացման օրը պետք է հայտարարել ՈՉ-ի հանրաքվեի օր եւ սկսել շուրջօրյա համապետական ցույցեր` իշխանափոխության պահանջով»: Տեղեկացնենք, որ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգով նախատեսված է սահմանադրական հանրաքվեն անցկացնել 2016-ի գարնանը: Այսինքն՝ մինչեւ հաջորդ տարի հանրահավաքներ չե՞ք անելու, երեկ հարցրինք ԲՀԿ-ական պատգամավոր Վահագն Մախսուդյանին: «Չէ, ինչի՞, մենք մեր պայքարը սիստեմատիկ տանելու ենք»,- զարմացավ պատգամավորը: Հաջորդ պահին մեր զարմանալու հերթն էր, երբ Մախսուդյանը, պարզվեց, տեղյակ չէ մոսկովյան այցի մասին. «Դու ունե՞ս հավաստի աղբյուրներ, որ այց է կատարվել»: