Եթե դու չես պահպանում հալածյալին, հալածանքի ուղտը մի գեղեցիկ օր քո դռանն է չոքում

Եթե դու չես պահպանում հալածյալին, հալածանքի ուղտը մի գեղեցիկ օր քո դռանն է չոքում

Երեկվանից լույսի արագությամբ զարգացող քաղաքական գործընթացներն առաջնագիծ են դուրս բերել ոչ միայն ՀՀԿ-ԲՀԿ-ին, այլեւ նույնիսկ շարքային քաղաքացիներին, որոնք ցնցված են Սերժ Սարգսյանի ելույթից: Մինչ տեւական ժամանակ Գագիկ Ծառուկյանն սպառնում էր հարյուր հազարներ հանել իշխանության դեմ, Սերժ Սարգսյանն առաջ ընկավ ու ինքը Ծառուկյանին փողոց հանեց: Ծառուկյանն իր համարձակությամբ չզիջեց Սերժ Սարգսյանին եւ հայտարարեց, որ ընդունում է Սերժ Սարգսյանի նետած ձեռնոցը, պայքարելու է մինչեւ հաղթանակ՝ սկսելով համաժողովրդական մոբիլիզացիա Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով: Պատասխան ելույթում Գագիկ Ծառուկյանն էլ իր հերթին մի շարք հարցեր ու մեղադրանքներ ներկայացրեց Սերժ Սարգսյանին՝ նրա նախագահությունը հռչակելով Հայաստանի պատմության ամոթալի էջ, որ պետք է փակել: Փորձեցինք իրավիճակի մասին լսել երկու բեւեռներից դուրս գտնվողների կարծիքները:



«Կարծում եք անկե՞ղծ պատերազմ է»,- մեզ հարցին հարցով պատասխանեց «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը, ով կարծում է, որ թե Ծառուկյանի, թե Սերժ Սարգսյանի ելույթը գրել է Սերժ Սարգսյանը, այլապես եթե Սերժ Սարգսյանի ելույթն իրական էր, ուրեմն Գագիկ Ծառուկյանը պետք է իրեն առնվազն «գլխից խփեր»: Գիմիշյանը հիշել է Վարդան Օսկանյանի ու «Սիվիլիթասի» «փողերի լվացման» պատմությունը, որը «շոուի վերածվեց, ապահովեց քաղաքական արդյունքներն ու մոռացվեց»: «Հիմա էլ չեմ հավատում, չեմ հավատում, որ Սերժ Սարգսյան- Ռոբերտ Քոչարյան կոնֆլիկտ կարող է լինի, չեմ հավատում, որ անկեղծ ցանկություն կա քաղաքական դաշտն իսկապես քաղաքական դաշտ դարձնել, որովհետեւ այսօրվա ԱԺ բացարձակ մեծամասնությունը ոչ ավել է, ոչ էլ պակաս Ծառուկյանից ու նրա թիմից»: Գիմիշյանի համար անկեղծության չափանիշ կարող են դառնալ առաջիկա հետեւյալ զարգացումները. «Նախ, Ծառուկյանին ոչ միայն ԱԱԽ անդամությունից պետք է զրկեն, որը հասարակական գործունեություն է, այլ պետք է Օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնից զրկել:



Պետք է ԲՀԿ-ի ձեռքից Գյումրի քաղաքը վերցնել, ի վերջո, գիտենք, որ դա իրականում ընտրովի պաշտոն չէ: Պետք է նրա գումարները ձեռքներից վերցնել, որ ինքը չկարողանա ֆինանսական միջոցներով գործունեություն ծավալել: Պետք է այն բոլոր մանդատները, որոնք Սերժ Սարգսյանն է բոլորին նվիրել, նրանց ձեռքից վերցնի, եթե այս ամեն ինչը կանի, էլի կասկածներ կմնան, բայց դա կնմանվի լուրջ քայլերի»: Գիմիշյանը Սերժ Սարգսյանի խոսքում հակասություններ էլ է նկատում. «Մի կողմից ասում է՝ Ծառուկյանը «ոչ ոք» է, մյուս կողմից՝ «չարիք»»: Գիմիշյանի խոսքով, իրականում բոլոր քայլերն ուղղված են հաջորդ ընտրություններին:



Գրեթե նույն կարծիքին է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: Նա ասում է, որ «վարչախումբը» 2017թ. ԱԺ ընտրությունների սցենարի երկրորդ վճռական փուլն է մտել: Տարբերակներից մեկն այն է, որ ԲՀԿ-ին, Գագիկ Ծառուկյանին հասարակության աչքի առաջ դարձնում են հիմնական թիրախ, ինչը կօգնի 2017թ. գործընթացներն այն հունով տանել, որպեսզի կայանան սահմանադրական «բարեփոխումների» ծրագրով երկբեւեռ քաղաքական ուժերը: «Մեկն ի դեմս Հանրապետական կուսակցության՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, մյուսն ի դեմս ԲՀԿ-ի՝ Քոչարյանի գլխավորությամբ: Կարծում եմ եւ համոզված եմ՝ այդ սցենարի վճռական, իմիտացիոն փուլն են սկսել»: Իսկ որպեսզի այս ամբողջ գործընթացը 2017թ. բարեհաջող հանգրվանի հասցնեն, պետք է սկսեն «հալածանք, հետապնդումներ, իբր ունեզրկման գործընթաց, որպեսզի հասարակության գոնե մի մասը համոզվի, որ Գագիկ Ծառուկյանն իրականում դեմ է դուրս եկել այս վարչախմբին»:



Անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ հարկերից Ծառուկյանի խուսափելու ակնարկներին, Մակեյանն ասաց. «Նախ պետք է արձանագրել, որ երկրի առաջին դեմքն ինքնախոստովանում է, որ իրենց թողտվությամբ հնարավոր է խուսափել հարկերից, հիմա երկրորդ հրահանգն է տվել, որպեսզի դրանք հետ վերադարձնեն: Այդ ամբողջ գործընթացը նաեւ մեր պետության խայտառակությունն է: Ինչպե՞ս կարելի է, որ երկրի թիվ մեկ ղեկավարն իմանա, որ հարկերից խուսափում են, ու հանդուրժի»: Մակեյանը չի բացառում, որ դրսից մեսիջներ են տվել ԲՀԿ-ի ղեկավարին, որ պրոցեսներ տանի ընդդեմ Սերժ Սարգսյանի: «Ռուսաստանում է եղել, հնարավոր է ինքն էլ եկել է, սկսում է պրոցեսը, բայց դա իր պրոցեսը չէ, դա Քոչարյանի պրոցեսն է: Իսկ Քոչարյանը 2013թ. ասել է, որ ղարաբաղցին ղարաբաղցու դեմ դուրս չի գա»,- ասաց նա:



«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Մասիս Այվազյանը վրդովվեց, որ իրեն հարցնում ենք ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի պայքարի մասին. «Ես ոչ ՀՀԿ-ից եմ, ոչ էլ ԲՀԿ-ից, ինչ ուզում են, թող անեն»: Իսկ «իրական է, թե ոչ իրական է, էս երկու օրը կերեւա, թող իրենք իրենց հարցերը լուծեն»: Նույն վրդովմունքով արձագանքեց նաեւ Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը. «Իրենց խնդիրն է՝ թող իրենք էլ լուծեն, իրենք իրար հետ են եղել, կոալիցիա են եղել, իրանց ռազբորկաներն են, թող իրանք էլ մաքրեն… եթե շատ են ուզում քաղաքական ճգնաժամ ստեղծեն, թող մանդատները վայր դնեն»: «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանը մինչեւ վերջ կգնա, ու ԲՀԿ-ից ոչինչ չի մնա. «Ես երբեք չեմ ընդունել ու չեմ ընդունում օլիգարխներին քաղաքականության մեջ… Չեմ ուզում քննարկել Սերժ Սարգսյանի այսօրվա ելույթի քաղաքական մասը: Դրա հարմար առիթը դեռ կունենամ:



Սակայն ուզում եմ նշել մեկ բան` ես երբեք չեմ լսել, որ Գագիկ Ծառուկյան անհատը որեւէ քաղաքական դեմքի իր խոսքով անձնապես վիրավորի… Այդպիսի բան ես չեմ հիշում… Եվ շատ տգեղ է, երբ դա անում է քաղաքական էլիտայի «ամենապատրաստված» անհատը…»: Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, ով ժամանակին Գագիկ Ծառուկյանի տեռորին է ենթարկվել, նկատում է. «Գագիկ Ծառուկյանն ընկավ իմ օրը, հիմա էլ իրենից են մանդատը խլելու՝ քրեական գործեր սարքելու միջոցով: Գրասենյակներն էլ կխլեն, ինչպես մեր միության գրասենյակն են ուզում խլել: Վերեւում աստված կա, եթե դու չես պաշտպանում հալածյալին եւ մի բան էլ նրան թիկունքից հարվածում ես, հալածանքի ուղտը մի գեղեցիկ օր քո դռանն է չոքում»: Հովհաննիսյանն ստեղծված իրավիճակի ելքը տեսնում է համախմբված պայքարի մեջ: