Մենք ցնցումներից ենք վախենում

Մենք ցնցումներից ենք վախենում

Արդեն մի քանի օր է, ինչ խորհրդարանականներին բաժանվել է Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախնական տարբերակը, որը կենացների ու ցանկությունների ձեռնարկ է հիշեցնում: Ընդդիմադիր ուժերի պատգամավորները, պարզվում է` դեռ չեն հասցրել ծանոթանալ բարակ «բրոշյուրին» ու երեկ մեզ խոստանում էին սահմանադրական փոփոխությունների մասին վերջնական կարծիք հայտնել հայեցակարգը քննարկելուց հետո: Հատկապես ուշագրավ է ԲՀԿ-ի պահվածքը, մինչեւ փետրվարյան հայտնի իրադարձությունները ԲՀԿ-ականները լսել անգամ չէին ցանկանում այս փոփոխությունների մասին, պարզվում է՝ հիմա էլ վերաբերմունքը չի փոխվել անգամ Սերժ Սարգսյանի հետ հարցի վերաբերյալ հանդիպումից հետո, եւ ԲՀԿ-ն անցնելու է բարեփոխումների դեմ պայքարի: Թե երբ, ինչպես, ներկայացնում է խմբակցության պատգամավոր Վահագն Մախսուդյանը, որից պարզեցինք նաեւ, թե ինչով է տարբերվելու իրեն կառուցողական ընդդիմություն հռչակած ԲՀԿ-ն նախկին այլընտրանքից:



- ԲՀԿ-ն հայտարարել է, որ սահմանադրական բարեփոխումների հարցում իր տեսակետը չի փոխել: Պարոն Մախսուդյան, նախ կասե՞ք, թե կառուցողական ընդդիմության կարգավիճակն ինչ է ենթադրում եւ կառուցողական ընդդիմությունը, օրինակ, ինչ է անելու այդ բարեփոխումների դեմ:



- Դե, կառուցողական ընդդիմությունն այն է, որ մենք լավ բաներին կողմ ենք, վատ բաներին դեմ ենք: Այսինքն՝ եթե կառավարությունը բերում է մի օրինագիծ, իսկ մենք նայում ենք, որ սա մեր ժողովրդին օգուտ ա, փոքր ու միջին ձեռներեցներին օգուտ ա, դրան չենք կարա դեմ լինենք:



- Փաստորեն խոստովանում եք, որ առաջ՝ լավ, թե վատ, ամեն ինչին դեմ էիք:



- Չէ, առաջ էլ դեմ չէինք, նույն ձեւ էր, ոչ մի բան չի փոխվել, նույն տեսակետը տանում ենք: Թե ինչի էին մեր անունը «այլընտրանք» դրել, ես չգիտեմ, բայց մեր տեսակետը մնացել է նույնը:



- Իսկ կարո՞ղ է Գագիկ Ծառուկյանը ռիսկ չէր անում ընդդիմություն հայտարարելու մասին, դրա համար էլ անհասկանալի այլընտրանք էիք:



- Չէէէէէ, …դե եղել ա, հիմա եղել ա, եկեք չքննարկենք, բայց մենք մնացել ենք այն, ինչ եղել ենք:



- Չէ, չէ, մի քիչ, հաստատ, փոխվել եք, այն ժամանակ ձեր համար սա «չարիքի» իշխանություն էր, իսկ հիմա ձեր նոր ղեկավարությունը ձեռք է սեղմում, հանդիպում Սերժ Սարգսյանին:



- Դե, Ծառուկյանն էր գնում, կուսակցության նախագահն ինքն էր... չէ, Նաիրան ու Մելքումյանն էլ էին գնում, խմբով էին գնում:



- Գնացիք-եկաք՝ հայտարարեցիք, որ ոչինչ չի փոխվել, սահմանադրական բարեփոխումների հարցում մնում եք ձեր տեսակետին, իսկ ի՞նչ եք անելու այն տապալելու համար:



- Հիմա նոր ենք, դեռ սպասի՝ տեսնենք ինչ է գալիս գլխներիս, նոր կասենք:
Սահմանադրական բարեփոխումներին, այո, էլի դեմ ենք: Այսօրվա դրությամբ դրա խիստ անհրաժեշտությունը չկա, եկեք էսօր տնտեսությունը փոխենք, էս խեղճ ժողովրդին մի քիչ հնարավորություն տանք ապրելու, նոր էդ սահմանադրական փոփոխություններն անենք: Մենք ցնցումներից ենք վախենում, իսկ դա ժողովրդին ոչ մի բան չի տա:
Հիմա, էդ հայեցակարգը երբ դրվեց քվեարկության, մենք մինչեւ էդ պիտի բացատրենք, որ ժողովուրդ ջան, սա ձեզ պետք չի, դեմ քվեարկեք, թե ժողովուրդն ինչպես կքվեարկի, էդ արդեն ժողովուրդը գիտի:



- Այսինքն՝ էլ չե՞ք «պատերազմելու» իշխանության դեմ, ժողովրդին փողոց հանելու, միայն կոչե՞ր եք անելու:



- Այ մարդ, կգա ժամանակը, կասենք, բա ինչպե՞ս պիտի բացատրենք ժողովրդին, պիտի ասենք, բացատրենք, ասենք, որ դա անհրաժեշտ չէ, ժողովուրդ ջան, դրան դեմ եղեք, ինչքանով կանցնի մեր խոսքը, քվեարկությունը ցույց կտա:
Իսկ ձեր ասած էդ նախագահականի դեմ գնալ՝ չէ, դրա ժամանակը չէ: Էսօր ոչ էլ քվեարկել են էդ հայեցակարգը, դրան մի տարի դեռ կա, հսկայական ժամանակ է:



- Որ քվեարկեցին, այսինքն՝ հանրաքվե եղավ, էլ ինչի՞ դեմ պիտի պայքարեք:



- Չէէէ, մինչեւ էդ ժամանակ ունենք, ամեն մեկս մեր տեղում, մեր տեղամասերում ժողովրդի հետ հանդիպումներ ունենք, կասենք, բա ո՞նց չենք ասի: