Հերթը կհասնի՞ ՀՀԿ-ականներին

Հերթը կհասնի՞ ՀՀԿ-ականներին

Երբ Սերժ Սարգսյանը բարձրացրեց Գագիկ Ծառուկյանի կողմից հարկերը չվճարելու հարցը, հանրապետական շրջանակներում սկսեցին խոսել, թե հերթը հասնելու է բոլորին: Մանավանդ՝ հարկայինն սկսեց ստուգումներ անցկացնել նաեւ ՀՀԿ բիզնեսմենների կազմակերպություններում: Մյուս կողմից էլ, նույն իշխանավորները տրտնջում են, թե երկրի վիճակը շատ վատ է, բյուջեն դատարկ է, սպասվում է տնտեսական պայթյուն, եւ դրանից խուսափելու համար պետք է ստիպել, որ հարկային դաշտ գան նաեւ ՀՀԿ-ականները:



Անկախ հարկային պարտավորությունների եւ տուգանքների չափերից, օդում առկախված է մնում գլխավոր «ինչուն»՝ ի վերջո, ի՞նչն ստիպեց յուրայինների վրա եւս բանեցնել հարկային մահակը: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից հետաքրքրվեցինք. իսկ ե՞րբ են անցնելու յուրայինների մասին օդում առկախված քրեական հանցագործությունների լուրերն ստուգելուն, Բաղդասարյանը խուսափեց հարցին հստակ անդրադառնալ. «Չգիտեմ ինչ հերթականություն եք նշում, բայց էդ հաջորդականությունը չկա, պարզապես բոլորը պիտի հարկային դաշտում լինեն հավասար, եւ ստուգումները լինեն հավասարապես»: Ինչո՞ւ մինչ այդ չէին հիշում հավասարության սկզբունքի մասին: «Պարզապես ձեր ուշադրության կենտրոնում չէր, մինչեւ ինչ-որ երեւույթ չլիներ, ուշադրություն չէիք դարձնում, դա ուշադրության կենտրոնում եք դուք պահում հայտնի հայտարարությունից հետո»:



Եթե լրագրողները նոր սկսեցին ուշադրություն դարձնել, ապա պատգամավորներն ինչո՞ւ սկսեցին սրտնեղել հարկային մարմինների հետ շփումներից: «Ո՞ւմ մոտ գնան ստուգման, որ բացասական վերաբերմունք չլինի, դրա համար էլ ցանկացած քաղաքացու մոտ որ ստուգում է կատարվում, անկախ արդյունքից, դժգոհություններ են առաջանում: Վերջին տարիների ընթացքում այդ ստուգումները նպատակային են դարձել, առաջ կարող էին լինել պատեհ-անպատեհ, հիմա բոլորի հանդեպ վերաբերմունքը հավասարեցվել է, ու որոշ մարդիկ կարող են դժգոհություն ունենալ էդ հավասարությունից»: Իսկ ինչո՞ւ մինչ օրս հավասարության ծիրում չէին Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Հովիկ Աբրահամյանի, Գագիկ Խաչատրյանի, Միհրան Պողոսյանի, Սաշիկ Սարգսյանի, Գալուստ Սահակյանի եւ այլ բարձրաստիճանների բիզնեսները: Բաղդասարյանը հորդորեց թվարկել դրանք, որպեսզի կարողանա պատասխանել՝ այդտեղ ստուգում կատարվե՞լ է, թե՞ ոչ, հակառակ դեպքում չի մեկնաբանի: