Իր փորած փոսն ընկավ

Իր փորած փոսն ընկավ

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանի դիրքերն օր օրի խարխլվում են կամ, ինչպես ասում են՝ փոս փորողն ինքն է հայտնվում այնտեղ։ Սերժ Սարգսյանը երեկ ստորագրել է «Ազգային ժողովի կանոնակարգի», «Վերահսկիչ պալատի մասին» եւ «Բյուջետային համակարգի մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերը, ինչը նշանակում է, որ Բյուջետային գրասենյակի ձեւավորումը սարերի հետեւում չէ։ Բյուջետային գրասենյակ ստեղծելու մասին նախագիծը խորհրդարանում շրջանառվում էր դեռեւս Հովիկ Աբրահամյանի ԱԺ նախագահ եղած ժամանակ։ Արգամիչն անձամբ շահագրգիռ էր այդ նախագծի ընդունմամբ՝ այդպիսով հավելյալ լծակ կունենար իր հավերժ հակառակորդ Տիգրան Սարգսյանի կառավարության գլխին, քանի որ դա ըստ էության լինելու է Վերահսկիչ պալատ-2։ Գրասենյակի հիմնական գործառույթը լինելու է բյուջեի կատարման ընթացքի, ծախսերի, եկամուտների, նաեւ պետական պարտքի ուսումնասիրությունը, համապատասխան տեղեկանքների կազմումը: Բայց ուրբաթը շաբաթից շուտ եկավ, եւ Հովիկ Աբրահամյանն էլ արդեն վարչապետության դիրքերից ծածուկ ամեն ինչ անում էր, որ այն տապալվի։ Դրանով բացատրվեց նաեւ նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ եւ ԲՀԿ խմբակցությունների գործընկերների գնահատմամբ՝ չպատճառաբանված քննադատություններն այդ գրասենյակի ստեղծման վերաբերյալ։ Մինչդեռ, Գալուստ Սահակյան-Հովիկ Աբրահամյան հակամարտության սրվելուն զուգահեռ, այդ նախագիծը դարձավ օրակարգային ու ընդունվեց ԱԺ մեծամասնության եւ մնացած բոլոր խմբակցությունների կողմից։ Հիշեցնենք, որ փաթեթի հեղինակներից 5-ը ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչներն են՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյան, Գագիկ Մինասյան, Սամվել Նիկոյան, Սուքիաս Ավետիսյան, Խոսրով Հարությունյան: ՀԱԿ-ից համահեղինակ է Հրանտ Բագրատյանը, ՀՅԴ-ից՝ Արծվիկ Մինասյանը, իսկ ՕԵԿ-ից` Մհեր Շահգելդյանը: