Ծաղկավաճառները հեռու պետք է խաղան

Ծաղկավաճառները հեռու պետք է խաղան

Ապրիլի 24-ից առաջ տագնապ է տարածվել ծաղկավաճառների շրջանում: Սովորաբար, նրանք այդ օրը մեծ շահույթ են ստանում, տեղավորվելով Ծիծեռնակաբերդի ստորոտում, ընդհուպ այն հատվածը, որտեղից սկսվում է սգո թափորի վերելը: Այս անգամ ծաղկավաճառներին արգելել են տեղեր վերցնել Ծիծեռնակաբերդի մոտ: «Մեզ չի կարելի ապրիլի 24-ով առեւտուր անել, մի երկու կոպեկ աշխատել, էդ մի օրն է, որ մի քիչ գործ է լինում, իսկ իրենց կարելի է Թուրքիայից մեխակ ներմուծել, հարստանալ»,- գանգատվում էր 15 թաղամասում գտնվող ծաղկի սրահներից մեկի աշխատակիցը:



Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Արթուր Գեւորգյանից հետաքրքրվեցինք, թե կա՞ն արդյոք սահմանափակումներ, եւ ինչո՞վ են դրանք պայմանավորված: Նա մեզ հայտնեց, որ սահմանափակումները կապված են այդ օրն սպասվող մարդկային աննախադեպ հոսքի հետ: «Պատկերացնո՞ւմ եք այդ օրն ինչ հոսք է լինելու: Աշխարհի տարբեր կետերից պատվիրակություններ են լինելու: Որքանո՞վ է ճիշտ, որ հուշահամալիր վերելքի հենց սկզբից ծաղիկ վաճառեն: Կամ ի՞նչ է փոխվելու, եթե ծաղիկները մի 300 մետր այն կողմ վաճառեն: Այդ օրվա հետ կապված բոլոր շահարկումներն անընդունելի են»,- ասաց Արթուր Գեւորգյանը: Նա խուսափեց տեղեկացնել, թե ապրիլի 24-ին մինչեւ որ հատվածը կարելի է փողոցային առեւտրով զբաղվել: «Եթե իրենց արգելել են, իրենց հաստատապես ասած կլինեն, թե որտեղ կարող են վաճառել»: