Եվրախորհրդարանի՝ երեկվա ընդունած բանաձևն ունի քաղաքական, պատմական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մաս

Եվրախորհրդարանի՝ երեկվա ընդունած բանաձևն ունի քաղաքական, պատմական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մաս

Պատահական չէ, որ արդեն իսկ Թուրքիան Գալիպոլիին զուգահեռ նաև այլ գործողություններ է ձեռնարկում, որպեսզի կարողանա ահագնացնել հակահայկական լոբբին և ահագնացնել Թուրքիայի կողմից երկկողմ շահերի ներկայացման և դրանց կարևորման գործընթացը, սակայն հարյուր տարիների ընթացքում խնդիրը կրկին նույն հնչեղությամբ և էլ ավելի մեծ շեշտադրումներով է համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում, և այս հարթակում ճիշտ շեշտադրումներ անելով՝ հայ ժողովուրդը, հայկական կազմակերպությունները, Հայաստան պետությունը խնդիրը պահում են ոչ թե ավելի շատ քաղաքական երկկողմ կամ բազմակողմ հարաբերությունների կամ հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում, այլ բարոյական և արժեքային դաշտում։ Դրա լավագույն ապացույցն էր երեկ Եվրոպական խորհրդարանում ընդունված բանաձևը, և բոլոր պատգամավորները, ովքեր որ ելույթ ունեցան, դա իրենց համոզմունքն էր, ոչ մեկի համար նորություն չէր խնդիրը, և ոչ մեկը չէր գտնվում հայկական ագրեսիվ կամ ակտիվ քարոզչության ազդեցության տակ։



Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը։



«Նրանցից շատերին ես անձամբ եմ ճանաչում, և վստահ եմ, որ այս հնարավորությունը ու նաև վերջում, երբ բոլորը վերադարձան, որ քվեարկեն, խոսում է այն մասին, որ Եվրոպական խորհրդարանը շատ զգայուն է այս խնդիրների նկատմամբ։ Դրան, իհարկե, իր որոշիչ և ծանրակշիռ ազդեցությունն են ունեցել նաև Հռոմի Պապի դիրքորոշումն ու պաշտոնական հայտարարությունները Հայոց ցեղասպանության վերաբերյալ, դրանում իր դրական դերակատարությունն են ունեցել նաև Թուրքիայի կողմից ոչ ադեկվատ արձագանքներն ու ջղաձգումները գործընթացի նկատմամբ և անհիմն մեղադրանքները բոլոր պետություններին ու կառույցներին, ովքեր որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ արդարացի մոտեցում են ցուցաբերում, դրան իր ազդեցությունն է ունեցել նաև, այսպես կոչված, Գալիպոլիի՝ կարելի է արդեն ասել՝ չհաջողված միջոցառումը»,-ասաց նա։



Զաքարյանի խոսքով՝ այսօր դժվար է ասել, թե տարվա վերջին ամփոփելով՝ մենք ինչպիսի նոր իրողություններ կունենանք ճանաչման գործընթացում, բայց մի բան հստակ է, որ հայ ժողովուրդը մեծ բարոյական աջակցություն է կրում այս հարցում, հստակ է, որ խնդրի քաղաքական նշանակությունն անբեկանելի է, և Ցեղասպանությունը ենթադրում է պատասխանատվություն, դատապարտում, և ցեղասպանությունների համար պայքարը խիստ անհրաժեշտ է ամբողջ մարդկության համար՝ առաջին հերթին կանխարգելում ունենալու և այդպիսի գործողությունները սահմանափակելու կամ, ընդհանրապես, բացառելու համար։



Անդրադառնալով երեկ Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևին՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ, Արտակ Զաքարյանն ասաց, որ դա 1987 թվականին ընդունված բանաձև է, որը վերնագրված է «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին», ու այն և՛ ժամանակահատվածի առումով, և՛ ձևակերպումների առումով հիմնականում խնդիրը դիտարկում էր քաղաքական հարթության մեջ։ Հետագայում՝ 2005 թվականին ընդունված բանաձևոմ, ավելի շատ հիշատակման խնդիրն էր, իսկ այս բանաձևը, ըստ պատգամավորի, հատկանշական է նրանով, որ բոլոր քաղաքական խմբերի համատեղ աշխատանքի արդյունք էր և կոնսենսուսով ընդունված փաստաթուղթ է։



«Այնտեղ ներգրավված են բոլոր այն կորևորումները, բոլոր այն շեշտադրումները, որոնք որ քաղաքական խմբերը կարևորել են։ Մասնավորապես՝ դրանում կա և՛ քաղաքական մաս, և՛ պատմական մաս, ինչպես նաև այն ունի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության մաս, որով Թուրքիային կոչ է արվում, իր պատմությանը առերեսվելով, նպաստել և կոնտսրուկտիվ գործողություններ իրականացնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, սահմանի բացման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման ուղղությամբ»,-նշեց պարոն Զաքարյանը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ