Պատմական իրադարձություն

Պատմական իրադարձություն

2015թ. ապրիլի 21-ը մեր հայաստանաբնակ եզդիների, ինչու չէ՝ նաեւ համայն աշխարհի եզդիների կյանքում բացառիկ պատմական իրադարձություն է:
Պատմական է, որովհետեւ առաջին անգամ աշխարհում, ՀՀ մայրաքաղաք Երեւանում բացվեց ՀՀ պետության ղեկավարության անմիջական աջակցությամբ, բարերար Ռաշիդ Շամոյանի ընտանիքի միջոցներով կառուցված, եզդի ժողովրդի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողը: Որը եւս մեկ ապացույց կլինի, որ ժամանակն է բացելու մեր կյանքի պատմության եւս մեկ մութ եւ անավարտ էջերից մեկը:
Վստահաբար կարող եմ ասել, որ այն մեր ժողովրդի միասնական կամքի արտահայտությունն է, այն արդարության, ազատության եւ խաղաղության կոչ է անում:
Պատմության խորքում ձեւավորված եզդի ժողովրդի հազարամյա մայրուղին, ցավոք, լի է եղել տարաբնույթ վայրէջքներով եւ վերելքներով:



Դարեր շարունակ գտնվելով օսմանյան բռնատիրության տակ, մեր ժողովուրդը, ինչպես նաեւ հայերը, ասորիները, հույները եւ այլ ժողովուրդներ, եղել են ճնշված, իրավազրկված, ազգային, կրոնական վիրավորանքների ենթարկված եւ ցեղասպանություն ապրած: Ինչպես մյուս ժողովուրդները, այնպես էլ եզդի ժողովուրդը տվել է ահռելի կորուստներ:
Հավատացած եմ, որ կառուցված հուշարձանը մեկ անգամ եւս խնդիր է դնելու, որ Թուրքիան ինչքան էլ ուրանա կատարված ոճրագործությունը, միեւնույն է, արդարությունը կհաղթի, եւ Թուրքիան կճանաչի հայոց եւ մյուս ժողովուրդների ցեղասպանությունը: Հուշարձանի կառուցումը եւս մեկ հաստատուն փաստ է Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ ապացուցելու, որ մեր ժողովուրդների ցեղասպանությունը վաղուց մշակված պետական քաղաքականություն է եղել, եւ որ մեր Հայաստան պետությանը հավասարապես հուզում են թուրքական յաթաղանից տուժած մյուս ժողովուրդների ցեղասպանության խնդիրները: Այս հուշարձանն ինքնըստինքյան նշանակում է, որ որքան էլ ժամանակն անցնի, մենք հիշելու եւ պահանջելու ենք, որ աշխարհը ճանաչի եւ դատապարտի հայ, եզդի եւ մյուս ժողովուրդների ցեղասպանությունը:



Ցավոք, այսօր էլ մենք ականատես ենք լինում ժողովուրդների եղեռնի եւ մարդկության դեմ ուղղված նման հանցագործությունների: Իրաքի Հանրապետության եզդիաբնակ Շանգալ մարզում մեր ժողովուրդը ենթարկվեց ահավոր ցեղասպանության: ԻՊ-ի հրեշները եզդիների նկատմամբ այնպիսի ոճիր գործեցին, որը չէիր կարող տեսնել զարհուրելի երազներում, նույնիսկ սարսափելի կինոնկարներում: Դաժան խավարը պատել էր մեր բնօրրանը, ամենուր մահ էր: Այս էլ 9 ամիս է, որ ահավոր ցավով եւ թափված արցունքներով մենք սպասում ենք, որ կդադարեցվի եզդիների ցեղասպանությունը, եւ վերջնականապես կազատագրվի Շանգալը:



Հավատացած եմ, որ եթե ժամանակին դատապարտվեր հայերի ցեղասպանությունը, ապա հետագա հանցագործությունները չէին լինի: Բայց թշնամությունը եւ ատելությունը հավերժ չեն կարող լինել: Թուրք ժողովուրդը պետք է ազնվորեն առերեսվի իր անցյալին, այն ամոթ չէ, այլ ուղղակի անհրաժեշտություն է: Եվ նրանք վերջապես պետք է հասկանան, որ երիտթուրքերը հերոսներ չէին, այլ ռազմական հանցագործներ, որոնք պլանավորեցին եւ իրագործեցին հայ եւ մյուս ժողովուրդների ցեղասպանությունը: Պարզապես պետք է իրատես եւ ազնիվ լինել: Մենք չենք կարող փոխել ցեղասպանությունների անցյալը: Ինչպես ասում է մեր նախագահ Ս. Սարգսյանը, մենք կարող ենք եւ պարտավոր ենք նման հանցագործություններից զերծ ապագա ստեղծել:



Մենք մեր միասնությամբ, համերաշխությամբ ենք հզոր եւ ուժեղ, իսկ ուժը, միասնությունը, արդարադատությունը, հավատացեք, միայն հաղթանակ են բերում: Եզդի ժողովուրդն աշխարհին ներկայանում է իր բնօրրան Շանգալով, հոգեւոր առաջնորդարան Լալիշա Նուրանիով եւ անկախ ու ազատ, իր քաղաքացիների համար ապրելու եւ արարելու հավասար իրավունքներ ապահովող Հայաստանով: Ոգեկոչում եմ մեր ժողովրդի անմեղ զոհերի հիշատակը եւ երախտագիտությամբ խոնարհվում եմ նրանց հիշատակի առջեւ: Հավերժ հիշատակ:
Հավատացած եմ, որ մեր ժողովուրդների անմեղ զոհերի իրավունքները կվերականգնվեն, եւ կհաստատվի արդարությունը: Հավերժ հիշատակ բոլոր անմեղ զոհերին, անկախ ազգությունից եւ դավանանքից: Եվ թող տա Աստված, որ սրանից հետո մեր ընդհանուր տանը, Երկիր մոլորակում ոչ ոք չսպանվի իր ազգային պատկանելության եւ դավանանքի համար:



Ամո ՇԱՐՈՅԱՆ
«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ