ՀՀԿ-ն որոշել է սատարել Վահագն Գեւորգյանին

ՀՀԿ-ն որոշել է սատարել Վահագն Գեւորգյանին

Երեկ տեղեկացանք, որ նախօրեին ՀՀԿ Կոտայքի մարզային կառույցի խորհրդի նիստ է հրավիրվել եւ քննարկվել է Աբովյանի քաղաքապետի ընտրությունների հարցը: ՀՀԿ մարզային կառույցը որոշել է սատարել անկուսակցական Վահագն Գեւորգյանին: Հիշեցնենք, որ նա ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի օգնականն է Ազգային ժողովում: Ուշագրավ է, որ Աբովյանում մեծ թվով անձինք էին հավակնում այս պաշտոնին, այդ թվում՝ ՀՀԿ-ական գործարար, Ծառուկյանի սանիկ, հասարակության մեջ «Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը՝ «Քինգ դե լյուքս» ընկերության տերը: Հարցին, թե ինչով էր պայմանավորված այս որոշումը, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Ում սատարեինք, պիտի ասեիք՝ ինչո՞ւ որոշվեց իրեն: Մեկին պետք է սատարեինք... ինչքան գիտեմ՝ Ձեր նշած թեկնածուն անկուսակցական է… Մեզ համար ոչինչ չի նշանակում, թե ով ում թիմակիցն է, մենք նայում ենք մարդու կարողություններին ու հնարավորություններին», իսկ Գեւորգյանը «կարող անձնավորություն է»: Ինչ վերաբերում է Արթուր Հարությունյանին չսատարելուն, Բաղդասարյանն ասաց, որ դա նեղ կուսակցական խնդիր է, եւ ինքը պարտավոր չէ պարզաբանումներ տալ: