Հասարակություն-իշխանություն խաղաղ փոխազդեցության այս նախադեպը ապագայում սարեր է շրջելու. Սամվել Ֆարմանյան

Հասարակություն-իշխանություն խաղաղ փոխազդեցության այս նախադեպը ապագայում սարեր է շրջելու. Սամվել Ֆարմանյան

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվելը Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և նշել վեց կետ, թե այս ակցիաների շնորհիվ ինչ ձեռք բերվեց։



Գրառման մեջ ասվում է.



«Անկախության սերունդն իր շուրջ մեկշաբաթյա պայքարի արդյունքում՝



1. Լուծեց սոցիալական լրջագույն նշանակություն ունեցող խնդիր՝ հասարակությունը էլեկտրաէներգիայի դիմաց կշարունակի վճարել հին սակագնով, ինչը նշանակում է, որ կբացառվեն նաև շղթայական ենթադրյալ թանկացումները: Սա աննախադեպ ձեռքբերում է անկախության ողջ պատմության համատեքստում:



2. Հաստատուն հիմքեր դրեց երկրի ամբողջ էներգետիկ համակարգի, նաև ՀԷՑ-ի անխուսափելի առողջացման համար, ինչն այլընտրանք չունի և առաջիկա ամիսներին կարձանագրվեն առաջին պտուղները:



3. Բոլորովին նոր մակարդակի բարձրացրեց մեր հասարակության, հատկապես երիտասարդության քաղաքացիական գիտակցությունը, որն ապագայում, անխուսափելիորեն, նոր բարձունքներ է նվաճելու և չի հանդուրժելու բոլոր այն խնդիրներն ու արատները, որոնք այսօր թվում են անլուծելի կամ բարդ լուծելի:



4. Արձանագրեց հայաստանյան քաղաքական համակարգի խորը ճգնաժամը, և որ առաջիկա ընտրական գործընթացները անխուսափելիորեն ի հայտ կբերեն նոր դերակատարների, որոնք թթվածին կմատակարարեն ճգնաժամ ապրող քաղաքական համակարգին:



5. Երկրում ու ողջ հայության շրջանում շրջեց բարոյահոգեբանական մթնոլորտն ու անկումային տրամադրությունները՝ նոր լիցք ու վստահություն հաղորդելով ապագայի վերաբերյալ նախկինում առկա թեական պատկերացումներին:



6. Կազմակերպված ու գիտակից գործողություններով, պատասխանատու պահվածքով նախադեպ ստեղծեց, երբ կոնկրետ հարցերի շուրջ իշխանություններին մղում է որոշումների, որոնք արտացոլում են հասարակության պահանջը: Հասարակություն-իշխանություն խաղաղ փոխազդեցության այս նախադեպը ապագայում սարեր է շրջելու»: