Զարուհի Փոստանջյանին առաջարկեցին «մաֆիա» խաղալ (ֆոտո)

Զարուհի Փոստանջյանին առաջարկեցին «մաֆիա» խաղալ (ֆոտո)

Բաղրամյան պողոտայում այս գիշերն անցավ բավականին լարված և թեժ մթնոլորտում, քանզի ցուցարարները բաժանվել էին երկու մասի՝ պայքարը Ազատության հրապարակում շարունակողների և Բաղրամյան պողոտայում մնացողների։ Կեսգիշերն անց, սակայն, երբ լարվածությունը թուլացավ, ոստիկանական զորքերն էլ քաշվեցին հետ, Բաղրամյանում կրկին ամեն ինչ խաղաղվեց․ այստեղ մնացին մեկ-երկու պատգամավոր ու մի երկու դերասան, հասարակական գործիչ, մի քանի լրագրող և ընդամենը մի քանի տասնյակ ցուցարարներ։ Լուսադեմին մոտիկ փողոցի սկզբնամասում նկատեցին «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանին, ով քարին նստած ակտիվ զրուցում էր մի քանի երիտասարդների հետ։ Տարատեսակ սոցիալ-քաղաքական քննարկումներից հետո, որոշ ժամանակ անց, վերջիններս պատգամավորին առաջարկեցին «մաֆիա» խաղալ իրենց հետ, քանի որ Փոստանջյանը գտնվում էր հենց այն «սեղանի» շուրջ, որտեղ իրենք այս օրերին «մաֆիա» էին խաղում։ Գործի բերումով խորհրդարանում ակամա իր յուրատեսակ «մաֆիան» շատ հաճախ խաղացող ընդդիմադիր պատգամավորը, սակայն, հրաժարվեց առաջարկից, բայց խոստացավ քիչ ուշ վերադառնալ և խաղալ երիտասարդների հետ բաղձալի խաղը։ Մինչ այդ լույսն արդեն բացվեց, և այդ ընթացքում մեզ մոտեցավ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն իր որդու՝ Կարինի հետ։ Նրանք ևս Բաղրամյան պողոտայում էին թեժ պահերին, լարվածությունը թուլանալուց հետո գնացել էին մի փոքր հանգստանալու, լուսադեմին նորից վերադարձան ու շրջում էին հավաքվածների շարքերում։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ