Մարդ էդքան լյուբապիտնի չի լինի

Մարդ էդքան լյուբապիտնի չի լինի

ԱԺ նախկին պատգամավոր Գոհարիկ Ենոքյանի՝ մեծ աղմուկ բարձրացրած ձերբակալությունից ու արդարացման որոշումից հետո շատերին է հետաքրքրում, թե որն էր այդ «շոուի» նպատակը եւ ինչու իրավապահ մարմինները հարայ-հրոցով
ձերբակալեցին տարեց կնոջը, որ հետո պիտի ազատ արձակեին՝ գործը կարճեին: Ենոքյանը մեզ հետ զրույցում կիսվեց, թե իր գլխին այսքան «պատմություններ սարքեցին», որպեսզի իրեն պատկանող Գարուն ԲԲԸ-ն ձեռքից խլեն:



-Տիկին Ենոքյան, բայց փաստ է, չէ՞, որ Ձեր եղբոր տղան ձերբակալված է՝ խարդախության գործով, որն ըստ լուրերի առնչվում է Ձեր եւ Կարո Կարապետյանի պարտք ու պահանջին: Ձեզ արդարացնելուց հետո որեւէ նոր զարգացում կա՞ Ձեր եղբոր տղայի գործում:



-Ինձ չի հետաքրքրում, հանգստացեք մի հատ, էլի, ինչ կլինի: Թազա գործեր կան, հետաքրքրվեք, կտենաք, որ ես երկրում խայտառակ բաներ են տեղի ունենում: Ինձանից կամաց-կամաց ձեռ քաշեք: Ամեն ինչ տեսաք, հասկացաք, ճիշտն ու սուտն էլ հասկացաք, շանտաժն էլ հասկացաք, մաքրությունն էլ, դե թարգեք, ուրեմն:



-Իսկ պարզեցի՞ք, թե իրականում ինչու էին «արթնացրել» վաղեմություն ունեցող գործը:



-Այ դա ձեր գործն է, գնացեք, պարզեք, ասեք՝ էդ ինչի համար էդքան քնեցիք, քնեցիք, երեք տարի հետո էդ ֆալշը, շանտաժը գրեցիք:



-Խոսվում էր, որ Աղվան Հովսեփյանի ու Կոստանյանի հակամարտության արդյունքում քնեցրած գործ էր բացվել:



-Նրանք ո՞վ են, իմ հետ ինչ կապ ունեն: Էս մի հարցը որեւիցե մի խելոք չի տալիս, իմ հետ ինչ կապ ունեն, հե՞րս են, ախպե՞րս են, իրար մեջ կռիվ ունե՞ն: Ես մի միլիոն ծանոթ մարդիկ ունեմ, էս բոլորի շառերը իմ վրայով պիտի անցնի՞:



-Այդ դեպքում ով ի՞նչ շահագրգռվածություն ուներ, որ կարողացավ այդքան բան սարքել:



-Չգիտեմ, իրանց նպատակն էր ֆաբրիկան խլել ձեռքիցս, ես ուրիշ պատճառ չեմ տեսնում, էդ ամբողջը ֆանտազիա էր:



-Ով էր ուզում խլել Կարո Կարապետյա՞նը:



-Ախպեր, ես չգիտեմ՝ ով: Նա ա, նրա կողքի մարդիկ են, վրի մարդիկ են, տակի մարդիկը, նիզնայու: Էս գործը վրաս շանտաժ էր, ուսումնասիրեցին, տեսան, որ շանտաժ է, չանցավ:



-Ասում են՝ Սերժ Սարգսյանին եք խնդրել, որ փակի գործը:



-Բացարձակ, գործը ինքը սուտ էր, չի եղել նման բան:



-Բայց փաստ է չէ՞, որ Ձեր եղբոր որդին ձերբակալված է:



-Ինձ դա չի հետաքրքրում, ամեն մարդ իրա պատիժը կրում ա: Ես որեւիցե վատ բան չեմ արել: Բացարձակ սուտ էր նաեւ՝ Կարոյից ես մի լումա չեմ տեսել ու չեմ վերցրել, նա ո՞վ ա, որ ես նրա հետ գործ բռնեմ: Ես իմ ամբողջ կյանքում որեւիցե մի խախտում չեմ արել:



-Իսկ Գարուն ֆաբրիկայի գործերը նորմա՞լ են, մի ժամանակ վարձակալությամբ էիք տվել, հետո աշխատողները գործատուի դեմ ցույցեր էին անում:



-Հիմա ի՞նչ, ինձնից պրծաք անցաք ֆաբրիկայի՞ն, մարդ էդքան լյուբապիտնի չի լինի: Էս ամեն ինչի արդյունքում որոշ մարդիկ վախեցան, որ ԱՄՆ-ից պիտի գային ու չկան էս երկու ամիս ա, այ, էդ հարցով խանգարեցին ինձ: Ես հազիվ կամպանիոն էի գտել, հազիվ պայմանավորվել էինք, պտի արդեն մայիսի 1-ով աշխատեինք, էս դեպքերն ընկան մեջտեղ, մարդիկ վախեցան, չեկան: Դեռ բանակցություններ ենք վարում, չենք կորցրել հույսներս, սպասում ենք, որ գան: Իմ դարդը իբր քիչ ա, մի հատ էլ թարմացնում եք: Հարյուրավոր աշխատատեղերի հարց էր մեջտեղում: Ես որեւիցե խախտում չեմ արել, չեմ անի, Աստծուց վախեցող մարդ եմ: