Ինչպես է ԱՄՆ-ը «պաշտպանում» Արցախը

Ինչպես է ԱՄՆ-ը «պաշտպանում» Արցախը

Հայրենական մեդիա-տիրույթի որոշակի սուբյեկտներ հետեւողական քարոզչություն են գեներացնում, որ գոյություն ունի ռուս-ադրբեջանական պայմանավորվածություն՝ ԼՂ հակամարտության գոտի ռուսաստանյան զորքեր մտցնելու, Արցախի շուրջ ազատագրված տարածքները, իսկ հետագայում նաեւ՝ բուն Արցախը Բաքվի ենթակայությանը վերադարձնելու հարցում, եւ միայն Միացյալ Նահանգների միջամտությունն է, որ թույլ չի տալիս դա անել:
Բազմաթիվ են նաեւ այս մոտեցումը հերքող հրապարակումները: Այդուհանդերձ, Stratfor ամերիկյան մասնավոր հետախուզական-վերլուծական ընկերությունը, որն անվանվում է հաճախ «ստվերային ԿՀՎ», խնդրին տալիս է գրեթե սպառիչ պատասխան: Ընկերությունը հրապարակել է մի վերլուծական, որը վերնագրված է «Ինչու՞ է ԱՄՆ-ը զսպում Ռուսաստանին»:



Դա ծավալուն փաստաթուղթ է, որն անդրադառնում է սառը պատերազմի նախապատմությանը, ԱՄՆ- ԽՍՀՄ դիմակայությանը, Խորհրդային Միության եւ Արեւելյան Եվրոպայում կոմունիստական իշխանությունների թուլացմանն ու փլուզմանը, Ռուսաստան- ՆԱՏՕ հարաբերություններին: Վերլուծականը միանշանակորեն անհրաժեշտություն է համարում ԱՄՆ- Ռուսաստան հարաբերություններում մշտական լարվածությունը: Այն նշում է նաեւ ռազմավարական կարեւորության այն տարածաշրջանները, որտեղ Միացյալ Նահանգները շարունակում են զսպել Ռուսաստանին:



Մեզ հետաքրքրող հարցի վերաբերյալ Stratfor-ի մեկնաբանումը հետեւյալն է. «Ռուսաստանի զզսպման ամերիկյան ռազմավարության գործոններից մեկն Ադրբեջանն է դարձել, ինչը մեծամասամբ բացատրվում է նրա ահռելի քանակության էներգառեսուրսներով եւ ռազմավարական դիրքով, քանի որ այնտեղով է անցնում «Հարավային միջանցքը»: Ամերիկյան էներգետիկ ընկերությունները դարձել են առանցքային օղակ Բաքու-Թբիլիսի- Ջեյհան եւ Բաքու-Թբիլիսի-Էրզրում խողովակաշարերի գործարկման համար, իսկ Եվրոպան այժմ Ադրբեջանի հետ բանակցում է՝ դիտարկելով նրան այնպիսի նախագծերի համար էներգակիրների այլընտրանքային մատակարար, ինչպիսին Տրանսկասպյան գազատարն է: ԱՄՆ–ի համար բավական դժվար խնդիր է կապեր հաստատել Հայաստանի հետ, որի տարածքում ռուսաստանյան ռազմաբազա կա եւ որը վերջերս է անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը:
Բայց Վաշինգտոնին հաջողվել է նպաստել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունների որոշ առաջընթացին: Վերջին ժամանակներս Ադրբեջանը ավելի ակտիվ է վիճարկում, թե ինչպես են Հայաստանը եւ Ռուսաստանը իրենց դրսեւորում այդ հակամարտության կարգավորման հարցում, իսկ Վաշինգտոնն սկսել է ավելի ակտիվ դիվանագիտական մասնակցություն ունենալ բանակցություններում:( http://inosmi.ru/world/20150824/229833532.html)



Եթե այսքանից հնարավոր է եզրահանգել, որ Ռուսաստանը եւ Ադրբեջանը ԼՂ հարցում գործում են միասնաբար եւ հետապնդում են ազատագրված տարածքները եւ Արցախը Բաքվի իրավազորությանը վերադարձնելու նպատակ, բայց դա իրականություն չի դառնում, որովհետեւ ԱՄն-ը թույլ չի տալիս, ապա պետք է ընդունել, որ Stratfor-ը կամ բացարձակապես անտեղյակ է Վաշինգտոնի արտաքին քաղաքական նախաձեռնություններից եւ կանխածրագրումներից, կամ գիտի, բայց միտումնավոր ապատեղեկատվություն է տարածում:



Բացառված է, որ նման հեղինակավոր ընկերությունը, որի եւ Կենտրոնական հետախուզական վարչության համագործակցությունը հայտնի է, իրազեկված չէ ԱՄՆ քաղաքականությունից: Ընդհակառակը, խնդրո առարկա վերլուծականը հիմնավորում է այդ քաղաքականության, այն է՝ աշխարհի բոլոր կետերում Ռուսաստանի ներկայության եւ հնարավոր ազդեցության չեզոքացման, անհրաժեշտությունը, անխուսափելիությունը, ուստի այն հնարավոր չէ ապատեղեկատվություն համարել:



Ապատեղեկատվություն, ըստ ամենայնի, տարածում են հայրենական մեդիա-տիրույթի այն սուբյեկտները, որոնք գեներացնում են ԼՂ հարցում ԱՄՆ-ի զսպող դերի վարկածը: Stratfor-ն, ընդհակառակը, ներկայացնում է, որ բանակցություններում ամերիկյան կողմի դիվանագիտական ակտիվացումը մի գերնպատակ ունի՝ զսպելու Ռուսաստանի ազդեցությունն Ադրբեջանում: Բայց այն կտրվածքով, որ Բաքուն վիճարկում է ԼՂ հարցում Հայաստանի եւ Ռուսաստանի մոտեցումները:



Իսկ ի՞նչ է հետեւում դրանից: Միայն մի բան՝ ԱՄՆ-ը բանակցություններում դիվանագիտական ակտիվություն է ցուցաբերում, որպեսզի Հայաստան-Ռուսաստան մոտեցումները հավասարակշռի իր եւ Ադրբեջանի դիրքորոշմամբ: Այլ եզրակացության դժվար է հանգել:



Վահրամ Աթանեսյան