«Սահմանադրական ճգնաժամ հիմա էլ չկա»

«Սահմանադրական ճգնաժամ հիմա էլ չկա»

Նախորդ շաբաթ մենք կապվել էինք ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանի հետ, որպեսզի պարզեինք՝ նախագահական հրավիրված է եւ ինչ դիրքորոշում ունի այդ քննարկումների հետ կապված, սակայն պատգամավորը նախընտրել էր եղանակից խոսել ՝ըստ էության չպատասխանելով մեր հարցերին: «Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հանդիպումը նախագահի հետ անցել է շատ ջերմ մթնոլորտում», Hraparak.am -ի հետ զրույցում ասաց ՄԱԿ կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը, որն այսօր իր կուսակցության ներկայացուցիչների հետ այցելել է նախագահական նստավայր:



Սերժ Սարգսյանի հետ այսօրվա հանդիպումից հետո Արսենյանը հայտնեց, որ կուսակցությունն ունի առաջարկներ, որոնք կներկայացնեն Ազգային ժողովում. «Միանգամից ասեմ՝ մենք «Ոչ»-ի ճամբարում չենք»,- ասաց Գուրգեն Արսենյանը: Մինչդեռ ոչ վաղ անցյալում Արսենյանը արմատական «ոչ»-ի ճակատում էր, ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի կողքին, ով նպատակադրվել էր վիժեցնել սահմանադրական գործընթացը ու հենց այդ նպատակով քննարկումներ էր կազմակերպում քաղաքական ուժերի, այդ թվում՝ Արսենյանի ՄԱԿ-ի հետ։ Այն ժամանակ Գուրգեն Արսենյանը բառացիորեն հայտարարել էր հետեւյալը. «Հայաստանում չկա սահմանադրական ճգնաժամ, հետևաբար, չկա նաև սահմանադրական փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտություն»:



Արսենյանից հետաքրքրվեցինք՝ իսկ հիմա կա՞ սահմանադրական ճգնաժամ.«Իհարկե, չկա սահմանադրական ճգնաժամ, բայց գործընթացը գնում է, քաղաքական օրակարգում այս հարցն առկա է: Իհարկե, շարունակում եմ պնդել, որ քաղաքական ճգնաժամ չկա, կառավարման համակարգի խնդիրը չէ մեզ մոտ, այս ամենը ասել եմ նախագահին, բայց քանի որ պրոցեսը ընթանում է, օրակարգում է, մենք էլ կույր չենք, տեսնում ենք, որ քաղաքական օրակարգում կա, միանում ենք այդ պրոցեսին, ժխտողական չենք մեզ պահում, կրավորական»:



Իսկ ի՞նչը կոտրեց ՄԱԿ-ի ու նրա ղեկավարի ժխտողական դիրքորոշումը.«Նախագահի բացատրությունը, որ ինքը տեսնում է նման անհրաժեշտություն: Մենք էլ ասեցինք՝ լավ, դուք էդ տեսակետին եք, մենք էլ ընդունում ենք, դա էլ ձեր իրավունքն է, մենք ուրիշ տեղից ենք նայում, նա էլ՝ ուրիշ»:



Նշենք, որ ՄԱԿ-ի հետ հանդիպումը կայացել է այսօր՝ սեպտեմբերի 9-ին, քանի որ Արսենյանը հանրապետությունում չէր: Իսկ Սերժ Սարգսյանը օգոստոսի վերջին էր հանդիպել քաղաքական տարբեր ուժերի հետ եւ քննարկել Սահմանադրական բարեփոխումներին վերաբերող հարցեր: