Վեր կաց, Ֆելիքս Էդմունդովիչ, մի տես՝ էս ինչ է կատարվում

Վեր կաց, Ֆելիքս Էդմունդովիչ, մի տես՝ էս ինչ է կատարվում

Ես միշտ այն տպավորությունն եմ ունեցել, որ ԱԱԾ-ում և այդ կառույցի բոլոր գաղտնի ծառայություններում սև կոստյումով, անթափանց ակնոցներով, քչախոս, ավելի շատ լսող, խիստ, համարյա անմարդկային մարդիկ են աշխատում: Նրանցից, ովքեր, երբ քարին երկար նայում են, քարը ճաքում է: Այս մարդկանց աշխատասենյակները ես միշտ պատկերացրել եմ նույն խստության մեջ՝ գորշ պատեր, թանձր վարագույրներ, սովետական գրասեղան՝ դիմացը տաբուրետկա: Բնականաբար՝ ճարտարապետական լուծումներից զուրկ ու մռայլ շենքում:



Այսօր սակայն իմ պատկերացումները հօդս ցնդեցին, երբ կարդացի ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին ուղղված ՀՀ ԱԱԾ զգուշացումը: Խոսք չեմ գտնում նկարագրելու հիասթափությունս: Ինչպիսի~ բառապաշար, ինչպիսի~ գնահատականներ քաղաքական գործչի հայտարարություններին, ու ցուցաբերած կեցվածքներին: Գրել են. ««Ժառանգություն» խմբակցության նորաթուխ ղեկավարի պաշտոնամուտի իր ելույթով Զարուհի Փոստանջյանը փորձեց իր կարգավիճակի փոփոխությունն, այսպես ասած, շռնդալից դարձնել, սակայն, ակնհայտորեն գերազանցեց ինքն իրեն և փորձեց ոտնակոխ անել քաղաքական պայքարի թույլատրելիության իրավական սահմանը»: Զգո՞ւմ եք՝ նորաթուխ ղեկավար, շռնդալից ելույթ, ակնհայտորեն գերազանցեց... Մի՞թե Ֆելիքս Էդմոնդովիչ Ձերժինսկու հետնորդներն են գրել սա:



Գորիկ Գուրգենիչ, մենք Ձեզ հետ խոսելիք ունենք: Դուք ԱԱԾ ե՞ք, թե ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետ: Սա ի՞նչ պոեզիա է՝ ձոնված գեղեցկադեմ, համակրելի կին պատգամավորին: Դուք վստա՞հ եք որ Զարուհին հոգնեցրել է ժողովրդին: Չլինի՞ Ահարոն Ադիբեկյանի հարցման արդյունքներով եք կազմել ձեր պատկերացումները: Դուք կարդացե՞լ եք ձեր հայտարարության այս բաժինը. «21-րդ դարում «Բաստիլներ քանդող», ժամանակավոր կառավարություններ ձևավորող, իրենց հեղափոխական բառապաշարով հասարակությանն ակնհայտորեն հոգնեցրած...»: Ի դեպ, եթե ձեր այս ինֆորմացիան Ահարոն Ադիբեկյանի հարցումների արդյունքների հիման վրա չեք կառուցել, այլ սեփական պրպտումների, ինչո՞ւ չկանխեցիք Զարուհի Փոստանջյանի ակնհայտ դիվերսիան, երբ նա հավաքեց բոլոր ՀՀԿ-ականների քարտերը և նույնիսկ Շմայսին առանց քարտ թողեց:



Եվ ապա՝ ձեր բանասերներին փոխանցեք, որ մի հատ գրքույկ հրատարակեն, որտեղ հստակեցված լինեն քաղաքական պայքարի սահմանները: Դա մեզ՝ լրագրողներիս էլ պետք կգա, որովհետև խոսքն էլ մի տեսակ քաղաքական պայքար է ու պետք է իմանանք ինչքան կարող ենք խոսել, որ մի նախազգուշացում էլ մեզ չուղարկեք:



Էդիկ Անդրեասյան