Սթափվիր, Զարուհի

Սթափվիր, Զարուհի

Եթե Ազգային ժողովը մոտ ապագայում երկրի կառավարումն իրականացնող թիվ 1 քաղաքական մարմինն է դառնալու, ապա հարկ է, որ այստեղ հայտնված անձինք ոչ միայն օրենքով անձեռնմխելիությամբ օժտված լինեն, այլեւ հարգանք վայելեն տարբեր պետական կառույցների կողմից։ Այս առումով երեկ առավել քան տարօրինակ էր Ազգային անվտանգության ծառայության զգուշացում-սպառնալիքը՝ ուղղված «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին։ Նրա սեպտեմբերի 18-ի ելույթում ԱԱԾ-ն «ՀՀ քրեական օրենսգրքով նկարագրված հանցավոր արարքների բնութագրիչ հատկանիշներ» է տեսել եւ «սադրիչ արտահայտություններ», որոնք պատգամավորը, «օգտագործելով Ազգային ժողովի բարձր ամբիոնը», թույլ է տվել իրեն։ Մասնավորապես, «տապալում, շենքերի քանդում» արտահայտությունները նկատի ունենալով՝ ԱԱԾ-ն զգուշացնում է․ «Ցանկացած նման կոչ, առավել եւս՝ գործողություն կատարելու փորձ կկանխվի ՀՀ ազգային անվտանգության ծառայության տրամադրության տակ եղած բոլոր օրինական միջոցներով»։ Եվ ԱԱԾ-ն այնքան է տարվել իր «սթափեցնող» առաքելությամբ, որ անգամ քաղաքական գնահատականներ է տվել՝ դուրս գալով իր լիազորությունների սահմաններից․ ««Ժառանգություն» խմբակցության նորաթուխ ղեկավարի պաշտոնամուտի իր ելույթով Զ․ Փոստանջյանը փորձեց իր կարգավիճակի փոփոխությունը, այսպես ասած, շռնդալից դարձնել, սակայն, ակնհայտորեն, գերազանցեց ինքն իրեն եւ փորձեց ոտնակոխ անել քաղաքական պայքարի թույլատրելիության իրավական սահմանը, որից այն կողմ անխուսափելիորեն պետք է վրա հասնի սեփական արտահայտությունների ու արարքների համար պատասխանատվությունը»։ Ապա «իր հեղափոխական բառապաշարով հասարակությանն ակնհայտորեն հոգնեցրած» գործչին կոչ է արել հաշվի առնել, որ «ԱԱԾ-ում ծառայում են բազմաթիվ նվիրյալ հայորդիներ»։