Մի կողմում բոլշեվիկներն են, մյուս կողմում` ՀՀ քաղաքացիները

Մի կողմում բոլշեվիկներն են, մյուս կողմում` ՀՀ քաղաքացիները

Հարցազրույց ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ



- Տիկին Փոստանջյան, Դուք Ազգային ժողովում նորից բավական խիստ հայտարարություններ հնչեցրիք` նաեւ նշելով, թե անհրաժեշտ է միասնություն եւ համախմբում` այս իշխանություններին հեռացնելու համար: Ի՞նչ եք կարծում` ԱԱԾ-ն կարո՞ղ է կրկին արձագանքել Ձեր ելույթին:



- Երբ պայքարում ես, չես մտածում ԱԱԾ-ի քիմքին համահունչ գործունեություն ծավալելու մասին։ Մենք հասկանում ենք ովքեր են մեր առջեւ կանգնած, հետեւաբար, մեր գործողությունները չենք պայմանավորելու այս կամ այն կառույցի ապօրինի գործունեությամբ կամ ցանկություններով։



- Սահմանադրական փոփոխությունների շուրջ ձեւավորված «ոչ»-ի ճամբարն առայժմ չի կարողանում համախմբված պայքար ծավալել, ինչի գլխավոր խոչընդոտը «ոչ»-ի տարբեր ճակատների, թերեւս, անջատ-անջատ գործելն է: Պայքարի արդյունավետության համար արդյոք հրատապ չէ՞ միասնաբար հանդես գալը:



- Կարծում եմ՝ պետք է ոչ միայն գործող քաղաքական միավորները համախմբվեն, այլեւ հանրապետության բոլոր քաղաքացիները պետք է ունենան իրենց քաղաքական օրակարգը, որը մեկն է՝ ազատվել այս ապօրինի իշխանություններից, անցկացնել արտահերթ ընտրություններ, ունենալ ժամանակավոր կառավարություն, որը պետք է սպասարկի այդ ամենը։ Խոսքն այստեղ ոչ միայն քաղաքական միավորների միանալու մասին է, այլեւ ողջ ժողովրդի։ Կարծում եմ՝ մեզ կհաջողվի համախմբվել մեր բոլոր քաղաքացիների միջոցով եւ տանել այս աշխատանքը։



- Այդ համախմբման հնարավորությունը Դուք տեսնում եք նշանակվելիք հանրաքվեից առա՞ջ, թե՞ հետո։



- Հանրաքվեից առաջ արդեն պետք է լինի հստակ քաղաքական հայտ եւ դրա սպասարկում։ Մենք ժամանակ չունենք սպասել հետոյին, մենք այս գործընթացը պետք է դնենք շարժման մեջ, բոլոր բջիջները պետք է գործեն։ Մեր ողջ հասարակությունը մրջյունների նման պետք է լծվի աշխատանքի, եւ հենց սրա շնորհիվ մենք, լինելով բազմաշատ, բայց չունենալով այդ հստակ կազմակերպվածությունը, թուլանում ենք։ Իսկ նրանք, լինելով փոքրաթիվ, կարողանում են մեզ ճնշել։ Հետեւաբար, մենք բոլորս արդեն հիմա պետք է սկսենք այդ շարժը։



- Տիկին Փոստանջյան, այս հարցի վերաբերյալ «Ժառանգություն» խմբակցությունում կարծես տարբեր մոտեցումներ են առկա, եւ Ձեր խմբակցության որոշ պատգամավորներ այլ դիրքորոշում ունեն։ Ի՞նչ կասեք այդ տարակարծության վերաբերյալ:



- Շատ լավ է, որ այս պահին կա հստակ բաժանում, որ մի կողմում բոլշեւիկներն են, մյուս կողմում` ՀՀ քաղաքացիները։ Եթե մարդն իր էությամբ բոլշեւիկ է եւ պատրաստ է հանձնել Հայաստանի Հանրապետությունը, մենք այդ մարդու հետ անելիք չունենք։



- Մեր հասարակությունը մինչ օրս առավելապես ակտիվացել է համապետական ընտրությունների շրջափուլում: Ըստ Ձեզ` սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն հասարակության կողմից արդյոք կդիտարկվի՞ որպես ընտրություն` դրանից բխող ակտիվ պայքարով: Չէ՞ որ այսօր մարդկանց մի հատված կա, որը պատրաստ է մի քանի հազար դրամով վաճառել իր ձայնը կամ անտարբեր է դարձել եւ չի էլ գնում քվեարկության:



- Համաձայն եմ, որ հանրությունն ընտրության նկատմամբ չունի վստահություն։ Հենց դա է խնդիրը, որ մենք չենք ասում, որ գնում ենք ընտրությունների։ Մենք ասում ենք, որ մենք գնում ենք մարտի, մեր վրա տեղի է ունենալու հարձակում, եւ մենք պետք է պաշտպանենք մեզ՝ մեր իրավունքները։ Հանրությունը դա պետք է հասկանա։ Այն, ինչ իրենց պատկերացմամբ արդեն վերցրել են՝ մինչեւ 2018 թվականը, արդեն նրանց չի բավարարում, եւ աշխատում են 2018 թվականից հետո բռնազավթման ծրագրի իրականացման շուրջ: Սա ուղղակի ընտրություններ չեն, համապետական փոքր միջոցառում չէ։



- Տիկին Փոստանջյան, ԱԺ-ում սահմանադրական փոփոխությունների նախագծի քվեարկությունը ցույց տվեց, որ ընդդիմադիրների քանակը փոքր է, ընդամենը մեկ տասնյակ պատգամավորներ դեմ քվեարկեցին նախագծին։ Նման իրավիճակում ի՞նչը կարող է Սերժ Սարգսյանին ստիպել, որ նա հրաժարվի այս փոփոխություններից։



- Մենք չպետք է թույլ տանք հասնելու նրան, որ նա ուղղակի այս նախաձեռնությունից հրաժարվի։ Ես հենց այնպես չեմ ասել, որ մենք պետք է տապալենք եւ Սերժ Սարգսյանին, եւ ՀՀԿ-ն։ Պետք է անցնենք եւ Նալբանդյանով, եւ Մելիք-Ադամյանով։ Այսինքն՝ սա պետք է լինի ոչ թե սահմանադրական փոփոխությունների նախագծի տապալումը, այլ գործող ապօրինի իշխանակարգի տապալում։ Իշխանագողին պետք է չեզոքացնել եւ մեկուսացնել։



Այս իշխանագողը եղել է եւ 1996 թվականին նա Ազգային անվտանգության խորհրդի այն ժամանակվա անդամների սեպտեմբերի 26-ի կեսգիշերային ելույթում ողջունել է իշխանագողությունը: Իշխանագողը 1998 եւ 2003 թվականներին նույնպես եղել է «գործի» մեջ: Իսկ 2008 թվականին համաձայնել է իշխանագողությունն ավարտին հասցնելու համար կրակել մեր ժողովրդի վրա։ 2013-ին իշխանագողության հետեւանքով իր մոտ պահվող մեր ժողովրդի քվեն նա դեռ օգտագործում է:



- Ինչպե՞ս կգնահատեք Սյունիքի մարզպետի որդու ազատ արձակումը։ Դուք բավական երկար ժամանակ փաստաբան եք աշխատել, Ձեր կարծիքով` ինչո՞ւ նրան ազատ արձակեցին, կարո՞ղ ենք համարել, որ մեր երկրի արդարադատությունը պարտվեց։



- Ուղղակի հերթական անգամ իշխանագողին անհրաժեշտ էր ունենալ Սուրիկ Խաչատրյան գործիքը, քանի որ Սուրիկ Խաչատրյան գործիքների միջոցով է տեղի ունենում իշխանագողությունը։ Մեր ժողովրդի քվեն հենց նրա նմանների միջոցով են գողանում։ Պատկերացնում եք, չէ՞, պետք է տեղի ունենա լայնածավալ գողություն, ապա միայնակ դա իրականացնել հնարավոր չէ, մեր դեպքում կա կազմակերպիչ՝ Սերժ Սարգսյան, եւ նրան պետք են գործիքներ, կատարողներ եւ օժանդակողներ: Տվյալ դեպքում Սուրիկ Խաչատրյանն այդ փորձված գործիքներից մեկն է։



Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ