Էլինար Վարդանյանին կփոխարինի Աբրահամ Մանուկյանը

Էլինար Վարդանյանին կփոխարինի Աբրահամ Մանուկյանը

ԲՀԿ-ից հեռացված Էլինար Վարդանյանին ՆԱՏՕ-ի հայաստանյան պատվիրակության կազմում կփոխարինի ԲՀԿ-ական Աբրահամ Մանուկյանը։ Այս մասին արդեն խմբակցությունում որոշում կայացվել է, և օրերս պատվիրակության կազմն ուղարկվել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին։ Hraparak.am-ին սա հաստատեց նաև Էլինար Վարդանյանը, որ իրեն Աբրահամ Մանուկյանն է փոխարինելու, և ավելացրեց, որ ինքը պատրաստ է աջակցել Մանուկյանին այս հարցում։



Հիշեցնենք, որ Վարդանյանին այս պատվիրակությունից հետ կանչեցին այն բանից հետո, երբ նա անհնազանդություն ցուցաբերեց և դեմ արտահայտվեց սահմանադրական փոփոխություններին, ինչին կողմ է ԲՀԿ-ն։ Սա եղավ առիթ, որ հեռացնեն նրան կուսակցությունից, ու քանի որ իրավունք չունեին հեռացնել նաև խմբակցությունից, ԲՀԿ-ն որոշեց որպես պատժամիջոց նրա հանդեպ՝ հետ կանչել նրան ՆԱՏՕ-ի խորհրդարանական պատվիրակությունների կազմից։ Նրա նման պատժամիչոցների տակ ընկավ նաև ԲՀԿ խմբակցության անկուսակցական անդամ Ստեփան Մարգարյանը, ով ևս անհնազանդների շարքում էր։ Նրան էլ հետ են կանչել ԵԱՀԿ և Հայաստան-Եվրոպա պատվիրակություններից։ Այս ամենը ԲՀԿ-ում փորձում են ներկայացնել որպես սովորական ռոտացիա, որը «որևէ կապ չունի» իրենց խմբակցության անդամների սահմանադրական անհնազանդության հետ։ Թերևս այս ֆոնին էլ ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը «հետ կանչվեց» Ֆրանկոֆոնիայի պատվիրակությունից՝ մնալով միայն ԵԽԽՎ-ում։