Ինչո՞ւ չեն խմում Լֆիկի օղիները

Ինչո՞ւ չեն խմում Լֆիկի օղիները

Հանգամանքների բերումով ծանոթացա 48-ամյա Մարինեի հետ: Սոցիալական կարիքներից դրդված՝ լքել էր հեռավոր մարզերից մեկն ու տեղափոխվել Երեւան այն հույսով, որ մայրաքաղաքում աշխատանք գտնելու խնդիր չի ունենա: Եվ չէր սխալվել:



Աշխատանքի էր տեղավորվել ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունում, որպես շշեր լվացող:



Երբ զարմացած հարցրի, թե ինչ շշերի մասին է խոսքը, ավելի զարմացած պատասխանեց. «Արաղի շշերի. զիբիլանոցներից հավաքած շշեր էինք լվանում, որ մեջը արաղ լցվեր: Էնքան կեղտոտ էին, որ կեղտը հանելու համար դանակով էինք քերում: Խոզանակներ էլ ունեինք, դրանցով էլ շշերի մեջն էինք մաքրում»:



Կնոջ պատմելով, օղու շշերը լվացքատուն էին բերում կամ աղբանոցներից, կամ շրջիկ շշահավաքների միջոցով: Իրենց սովոր աչքն արդեն կարողանում էր աղբավայրերից իրենց հասած շշերը տարբերել շշահավաքների միջոցով բերվածներից: «Աղբանոցից բերվածների մեջ շատ էին մազութոտ ու տավուտոտները, որոնցից ազատվելու համար մաքրող ինչ միջոց ասես օգտագործում էինք: Շշերը պիտի փայլեին. եթե մի աննշան կետ լիներ վրան, հետ էին ուղարկում՝ կրկնակի լվանալու համար»:



Հարցին, թե «Ալեքս Գրիգի» բոլո՞ր օղիներն են շշալցվում աղբավայրերից հավաքված տարաների մեջ, կինը միամիտ անկեղծությամբ պատասխանեց. «Հա, բայց ի՞նչ կա դրա մեջ: Նենց չէր, որ ամբողջ արաղը դրանց մեջ էին լցնում: Իրանք Ռուսաստանից թե որտեղից շշեր ստանում էին, բայց քանի որ դրանք չէին հերիքում, մեր լվացածներն էին օգտագործում: Լավ էր, էլի, օրական 15 հազար դրամ էի ստանում: Ափսոս, էդ ցեխը փակվեց...»: Իսկ թե ինչու «ցեխը» փակվեց, գործազուրկ դարձած կինը պատասխանեց. «Արաղի վաճառքը քչացավ: Չգիտեմ որն է պատճառը, բայց Լֆիկի արաղներն էլ չեն խմում»:



Սերոբ ՄԱՐՈՒԹՅԱՆ