Արևմտյան Հայաստան ենք ուզում, բանն էլ հետն ենք ուզում

Արևմտյան Հայաստան ենք ուզում, բանն էլ հետն ենք ուզում

Մեր քաղաքագետների ձեռն արդեն կրակն ենք ընկել: Քանի դեռ ջրերը համեմատաբար խաղաղ են, ամեն օր խոսում են պահանջատիրությունից, Ցեղասպանությունը Թուրքիային ճանաչել տալուց: Աշխարհի տարբեր անկյուններից Ցեղասպանության ճանաչման ամեն լուրի հետ ծուլ էին լինում ու խելացի-խելացի դեմքով ճառում: Բա հիմա ի՞նչ է պատահել նրանց, երբ Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ է մտել Պետդդումա՝ Ռուսաստանի խարհրդարան: Ինչո՞ւ են տակները լցրել մեր քաղաքագետներն ու մեզ զսպվածության կոչեր են անում, նսեմացնում ՌԴ խորհրդարանի քայլը, ընդհուպ Պետդուման որակում հոգեկան հիվանդների հավաքատեղի:



Քաղաքագետ Լևոն Շիրինյանն, օրինակ, Tert.am-ի հետ զրույցում ասում է. «Ռուսաստանը նպատակ ունի այդկերպ վարկաբեկել Թուրքիային: Սա էժանագին քայլ է, ուզում են ցույց տալ, որ ոճրագործ է, ցեղասպան է, բայց դա առանձնապես բան չի փոխի»: Էժանագին քա՞յլ: Ի՞նչ տարբերություն, պարոն Շիրինյան՝ Ֆրանսիայի խորհրդարանն է նման օրնագիծ շրջանառո՞ւմ, թե՞ Ռուսաստանի: Ի՞նչ տարբերություն՝ Ֆրանսիայի նախագահն է այցելում Ծիծեռնակաբե՞րդ, թե՞ Ռուսաստանի: Ի՞նչ տարբերություն՝  Թուրքիայի կողմից հովանավորվող ահաբեկիչները Փարիզում են ահաբեկչություն կազմակերպո՞ւմ, թե՞ ռուսական քաղաքացիական օդանավում:



Սա ի՞նչ նորահայտ խտրականություն է:



Ռուսական հեռուստաեթերում Ժիրինովսկու հայտնի ելույթից հետո, որտեղ նա հայտարարեց, որ «հայերն ատում են թուրքերին և, եթե Ռուսաստանն աջակցի հայերը կազատագրեն իրենց հայրենիքը՝ Արևմտյան Հայաստանը, ինչպես դա մի անգամ արել են 18 թվին, բայց հետո դավաճանվել բոլշևիկների կողմից», առաջին տակը լցնողներից մեկը քաղաքագիտական ինստիտուտ ղեկավարող ոչ անհայտ Ստյոպա Սաֆարյանն էր, որ հասցրեց իր ֆեյսբուքյան էջում հեգնել՝ հա~, հիշեցի~ն, բա ինչո՞ւ այն ժամանակ չթողեցին և այլն և այլն:



Սա ի՞նչ մոտեցում է:



Ու հիմա մեր քաղաքագետները մեզ առաջարկում են զուսպ մնալ, ծպտուն չհանել, սպասել... Երևի սպասում են, որ Ռուսաստանը Արևմտյան Հայաստանը առանց մեզ կազատագրի ու իրենց էլ կհրավիրի այնտեղ խելեք-խելոք հարցազրույցներ տալու:



Հիմարություն:



Դարձյալ պետք է անդրադառնամ Լևոն Շիրինյանի հայտարարություններին, որովհետև նրա հետ բավականին երկար ճանապարհ եմ անցել ու շատ բան սովորել հենց նրանից: Շիրինյանն ասում է. «Թուրքիան պարզապես սխալ հաշվարկներ արեց, սա հերթական տգիտության դրսևորումն էր, որովհետև շահեցին ռուսները: Ռուսաստանի հետ բախվելը կնշանակի մահ, դրա համար Էրդողանը կբավարարվի վայրահաչություններով: Ռուսաստանն ուժեղացրեց իր դիրքը Սիրիայում, ինչը մեզ ձեռնտու է»: Շիրինյանը վերջում հավելում է. «Սիրիան փրկվեց թուրքական անհետևողական քաղաքականության արդյունքում»:



Իսկ մե՞զ ինչ դրանից, պարոն Շիրինյան: Ասենք՝ Թուրքիան վախեցավ հայոց խաղաքարտից և նորից բարեկամացավ Ռուսաստանի հետ, ինչի արդյունքում փրկվեց Ասադը: Իսկ ե՞րբ պետք է մեր հարցը վերջապես գոնե մեկ անգամ ծառայի մեր խնդիրները լուծելուն: Եթե, ինչպես Դուք եք ասում, զուսպ մնանք, չդատապարտենք Թուրքիայի կողմից ահաբեկչության բացահայտ հովանավորչությունը, իր տարածքում ազգային փոքրամասնությունների նկատմամբ ճնշումները, չբարձրաձայնենք այդ երկրի՝ ամեն ինչ արյան մեջ թաղելու, ամեն առաջավոր բան ոչնչացնելու իսլամիստական նկրտումները, ապա ավելի լա՞վ կլինի մեզ համար: Բայց այդ դեպքում մեր մասին ի՞նչ կմտածեն ռուսներն ու առհասարակ մնացածը, ովքեր Էրդողանի տոնակատարությունները թողած՝ եկել էին Երևանում Ցեղասպանության 100-ամյակի արարողությանը մասնակցելու:



Եկեք մեզ կողքից նայենք մի հատ: Մենք ամեն ինչ պատրաստի չե՞նք ուզում, արդյոք: