Գալուստ Գրիգորիչին կամաց թոշակի են ուղարկում

Գալուստ Գրիգորիչին կամաց թոշակի են ուղարկում

Գալուստ Սահակյանը գնալով բրեժնեւյան ներկայություն է ապահովում Հայաստանում։ Որպես ԱԺ նախագահ՝ անունը կա, ամանում չկա: 



Տեւական ժամանակ է՝ մամուլը գրում է, որ սկանդալների առիթ դարձած ԱԺ գործուղումների հարցով անգամ զբաղվում է ոչ թե խորհրդարանի խոսնակը, այլ ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Վիկտոր Բիյագովը, որին հաջողվել է պատգամավորներին տրամադրել ԱԺ ղեկավարի դեմ՝ այն պատճառով, որ արտասահման գործուղումներին ոչ այնքան պատգամավորներին, որքան աշխատակազմի անդամներին է ներգրավում: Իսկ նոյեմբերի 27-ին ՀԱՊԿ 8-րդ խորհրդարանական վեհաժողովին մասնակցելու համար Սանկտ Պետերբուրգ էին մեկնել եւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, եւ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, սակայն, չգիտես ինչու, ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինն ընդունել է ոչ թե Գալուստ Սահակյանին, այլ նրա տեղակալ Էդուարդ Շարմազանովին։ Այդ հանդիպման ժամանակ Շարմազանովն իր տեսակետն է արտահայտել նոյեմբերի 24-ին թուրք-սիրիական սահմանին խոցված ռուսական Սու-24 ռմբակոծիչի վերաբերյալ` հայտարարելով, որ Թուրքիան վերջին 100 տարվա ընթացքում այդպես էլ չի փոխվել: ԱԺ-ում այս հանդիպումն առիթ է տվել ենթադրությունների, որ Շարմազանովը դուրս է մղել Գրիգորիչին, եւ ԱԺ նախագահը ձեւական է իր պաշտոնում: ԱԺ հասարակայնության եւ լրատվության բաժնի պետ Արսեն Բաբայանը մեր հարցին, թե ինչու Շարմազանովը եւ ոչ թե Գրիգորիչը, պատասխանեց. «ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀԱՊԿ ԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովի հետ:



ԱԺ նախագահի հանդիպում նախատեսված չի եղել, քանի որ օրակարգում քննարկման ենթակա հարցեր չեն եղել: Առավել եւս, որ ՀՀ ԱԺ նախագահն ու Սերգեյ Նարիշկինը վերջին ամիսներին մի քանի անգամ հանդիպել են: Հավելեմ, որ Սերգեյ Նարիշկինը ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նախագահն է»։