Կրակե շապիկ՝ Եվրոպայի համար

Կրակե շապիկ՝ Եվրոպայի համար

Ինչի՞ վրա է ծախսելու Թուրքիան ԵՄ-ի 3.2 միլիարդ եվրոն: Եվրոպացիների, մասնավորապես Անգելա Մերկելի կարծիքով, այդ գումարը Թուրքիան պետք է ծախսի սիրիացի փախստականների վրա, նրանց համար պայմաններ ստեղծի Թուրքիայում, որպեսզի վերջիններս չարտագաղթեն Եվրոպա: Մտահղացումը, որպես մտահղացում, ինքնին վատը չէ, բայց այստեղ հարցը մտահղացումը չէ եւ ոչ էլ գումարի պատկառելի կամ ոչ պատկառելի չափը: Հարցն այն է, որ Թուրքիայի պարագայում դա քամուն տրվող փող է, որի հսկա բաժինը, մոտ 2.5 միլիարդը, հավաքվելու է ԵՄ երկրների բյուջեից, այսինքն՝ հասարակ քաղաքացիների գրպանից:



Այս գործարքի շնորհիվ Թուրքիան վերածվում է մահակի՝ Եվրոպայի գլխին: Կարծում ենք՝ դժվար չէ այս հասարակ բանը հասկանալը: Երբ այդ գումարը կմսխվի, Եվրոպան անմիջապես հերթական հաղորդագրությունը կստանա Թուրքիայից՝ փող ուղարկեք, որովհետեւ էլ հնար չկա միգրանտներին պահելու: Այսինքն՝ Եվրոպան վերածվում է Թուրքիայի հարկատուի: Այլ կերպ ասած՝ Թուրքիան դառնում է մի հրեշ, որին անընդհատ պետք է կերակրել, որպեսզի նա փախստականներին բաց չթողնի Եվրոպայի վրա:



ԵՄ-ն, անշուշտ, հարցին մոտենում է այսրոպեական քայլերի անհրաժեշտությունից, որովհետեւ վստահ է, որ մարդկանց փախստական դառնալու խնդիրը կարգավորելն ավելի դժվար է, քան նրանց ներհոսքը ժամանակավորապես կասեցնելը կամ այլ ուղղություններով ուղղորդելը: Ասել է՝ ԵՄ-ն կռիվ է տալիս ոչ թե Սիրիայից արտագաղթի պատճառի, այլ դրա հետեւանքի դեմ:



Չգիտի՞, արդյոք, Եվրոպան, որ Սիրիայից զանգվածային արտագաղթի կազմակերպիչներից եւ ամենաակտիվ գործիչներից մեկը հենց Թուրքիան է, մի երկիր, որից տասնամյակներ շարունակ թուրքական տարրի զանգվածային արտագաղթ է եղել դեպի Եվրոպա: Ի՞նչ երաշխիք ունի Եվրոպան, որ իր «նոր պաշտոնում» Թուրքիան չի սկսի վերահսկել փախստականների ճամբարները եւ, իբրեւ «օրինական» միգրանտներ, Եվրոպա չի ուղարկի թուրքական իսլամիստական տարրին՝ ոչ փոքրաթիվ քրիստոնյաներին պահելով եւ մաշելով իր ճամբարներում:



Էրդողանը բազմաթիվ առիթներով, երբ առաջ է եկել Թուրքիային ԵՄ ընդունել-չընդունելու հարցը, երբ Եվրոպան մատնացույց է արել եղած թերությունները, հայտարարել է. «Ոչ ոք չի կարող Թուրքիայի հետ խոսել պահանջատիրության դիրքերից: Եվրոպան մեզ պետք չէ, այդ մենք ենք պետք Եվրոպային»: ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովի շրջանակներում, սակայն, պարզվում է, որ առաջիկա դեկտեմբերին ակտիվացվելու են ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները: Սա միանշանակ պետք է դիտարկել որպես Թուրքիայի հաղթանակ ԵՄ-ի նկատմամբ: Եվ որքան էլ զարմանալի թվա, Թուրքիան այդ հաղթանակը տանում է դեռ 3.2 միլիարդն ամբողջությամբ չստացած եւ փախստականների հոսքի վրա որեւէ ազդեցություն չգործադրած:



Ի՞նչը կարող էր ԵՄ-ին այսքան անփառունակ վիճակի մատնել, այնպիսի վիճակի, որ Թուրքիան կարողանար իր շոշափուկները տարածել Բոսֆորի ափերից մինչեւ Լա Մանշ: Շատ հեռուն պետք չէ գնալ այս հարցի պատասխանը գտնելու համար: Պարզապես պետք է տեսնել, թե ով Ռուսաստանից հերթական անգամ «բոբո» կերտեց Եվրոպայի համար՝ Ուկրաինայում հեղաշրջում սարքելով, ապա Արեւելյան Եվրոպայում եւ մերձբալթյան երկրներում, իբր, ռուսական հրթիռներից պաշտպանվելու համար բազաներ տեղակայելով:



Այո, այս մեծ ծրագրի վաշինգտոնյան դիրիժորները ճիշտ ժամանակին են Թուրքիային մտցնում խաղի մեջ: Հատկապես Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո նրանք հասկացան, որ առանց Եվրոպայի դիմադրությունը կոտրելու անհնար կլինի նվաճել Սիրիան եւ հեռացնել Ասադի ռեժիմը: Եվրոպան հասկանում էր, որ իր գլխավոր թշնամին Ասադը չէ, որ փախստականների նման հոսք չկար նրա երկարուձիգ իշխանության տարիներին, որ այս ամենն սկսվեց «Իսլամական պետություն» չարիքի գլուխ բարձրացնելով: Եվ այս իրավիճակում հանկարծ պարզվեց, որ Թուրքիան կարող է եւ ռուսական ինքնաթիռ խփել, եւ փախստականների հոսք կարգավորել: Ռուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցներին միացած եւ դրա արդյունքում թուլացած եվրոպական տնտեսությունն այլեւս անկարող է դիմակայել անդրօվկիանոսյան նոր խաղերին: Օլանդի հույսերը, որ Սիրիայում հակաահաբեկչական կոալիցիա կձեւավորվի Ռուսաստանի մասնակցությամբ, շատ շուտով ի դերեւ կելնեն: Լավագույն դեպքում Գերմանիան շատ երկչոտ օգնություն կուղարկի Ֆրանսիային՝ մի քանի ինքնաթիռի տեսքով, եւ սրանով էլ կավարտվեն ընդլայնված կոալիցիայի մասին խոսակցությունները:



Մյուս կողմից էլ Ուկրաինայի հանգամանքն է խանգարում Եվրոպային վերադառնալ ի շրջանս յուր եւ վերականգնել Ռուսաստանի հետ հին կապերն ու նրա աջակցությամբ խաղաղություն հաստատել Սիրիայում: Փաստորեն, ողջ Եվրոպան հայտնվում է անգլոամերիկյան ֆունկցիոներների եւ նրանց ռազմական բլոկի՝ ՆԱՏՕ-ի գրպանում: Այսպես շարունակվելու եւ հատկապես ԵՄ կազմում Թուրքիային ընդգրկելու դեպքում կհնչի Ծերուկ Եվրոպայի շուրջ օղակի ագուցման վերջին ակորդը: Իսկ դրանից հետո արդեն Պորտուգալիայից մինչեւ Բալթիկ ծով եւ Բալթիկ ծովից մինչեւ Բոսֆոր տարածքի վրա կհայտարարվի մի հսկա խալիֆայություն, այսպես կոչված՝ «Իսլամական մեծ պետություն»: