«Ոչ» -ով անվստահություն են հայտնել գործող իշխանությանը. Միքայել Մելքումյան

«Ոչ» -ով անվստահություն են հայտնել գործող իշխանությանը. Միքայել Մելքումյան

Սահմանադրական փոփոխություններին սկզբում դեմ հանդես եկած, իսկ այնուհետեւ կողմ դարձած եւ տարբեր տրանսֆորմացիաներ ապրած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացնող ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը պատասխանում է Hraparak.am-ի հարցերին։



-Պարոն Մելքումյան, ժամանակին ԲՀԿ-ն դեմ էր սահմանադրական փոփոխություններին, հետո դարձավ կողմ։ Հիմա հանրաքվեն կայացել է, կան բազմաթիվ ահազանգեր լրագրողների, դիտորդների, վստահված անձանց նկատմամբ կիրառված բռնությունների մասին։



-Մենք ոչ թե դեմ ենք եղել հանրաքվեին, այլ ասել ենք, որ մինչեւ փետրվարյան իրադարձությունները, երբ կար պայքար, շարժում, հանրաքվե անցկացնելը ժամանակավրեպ է։ Մենք դեմ չենք եղել բովանդակությանը, խորհրդարանական կառավարմանը։ Ինչ վերաբերում է հանրաքվեի արդյունքներին, ապա «ոչ» ասողների մեծամասնությունը «ոչ» է ասել ոչ թե սահմանադրության բովանդակությանը, այլ՝ իր անվստահությունն է հայտնել գործող իշխանությանը։ Ես չեմ կարծում, թե «ոչ» քվեարկողների մեծամասնությունը կարդացել է սահմանադրությունն՝ իր բոլոր գլուխներով, եւ նրա համար պարզ են սահմանադրության հիմնական սկզբունքները։ Դա պայմանավորված է սոցիալ-տնտեսական իրավիճակով նաեւ։ Ինչ վերաբերում է խախտումներին, ապա նախ եւ առաջ պետք է արձանագրել այդ խախտումների ծավալը։ Երկրորդ՝ պետք է արձանագրել պաշտոնական բողոքները։
Մի զավեշտալի դեպք ասեմ։ Բողոք է եղել, որ մի մարդ երկու անգամ քվեարկել է, երկրորդ անգամ գլխարկը փոխած է գնացել քվեարկության։ Հետո պարզվել է, որ նույն մարդը չէ, այլ՝ նրա հորեղբոր տղան։



Ես կարծում եմ, որ բոլոր խախտումները պետք է դառնան համապատասխան մարմինների քննության առարկան։ Բայց ես կարծում եմ, որ այդ խախտումների ծավալներն այն չափի չեն, որ կարողանան ազդել հանրաքվեի արդյունքների վրա։ Եվ երկրորդ՝ որեւէ մեկը չի պնդում, որ մեր երկրում, կամ կողքի երկրներում, կամ այլ երկրում կարող է իդեալական միջոցառում կազմակերպվել։



-Սոցիալական ցանցերում, կայքերում հրապարակվում են հանձնաժողովների՝ խախտումներ կատարած ՀՀԿ-ական նախագահների, անդամների լուսանկարները։ Վստա՞հ եք, որ նրանք կպատժվեն։



-Ճիշտն ասած՝ չեմ հասկանում, թե ինչ է նշանակում՝ վստա՞հ եք։ Իշխանությանը ձեռնտու՞ է եղել, որ նրանք արջի ծառայությունն են մատուցել։ Եթե ակնհայտ փաստը կա, ինչու՞ պետք է չուսումնասիրեն, չպատժեն։ Պետք է կոնկրետ դեպքերը քննել։



-Դուք խոսում եք ընտրակեղծիքների ծավալից։ Իրականում «այո»-ն կարո՞ղ էր այդքան շատ քվեներ ստանալ մի երկրում, որտեղ առկա է սոցիալական ծայր աստիճան բեւեռացում, աղքատություն։



-Լավ հարց եք տալիս։ Ուրեմն պարտադիր չէ, որ ամեն դժգոհություն հարյուր տոկոսով վերածվի «ոչ» -ի։ Ասենք՝ 100-ից 30 տոկոսը չի գնում քվեարկության, 35 տոկոսը համախմբված է համայնքային խնդիրների շուրջ. գյուղապետով, համայնքի բնակիչներով համախմբվում են, կա բուժամբուլատորիայի, մշակույթի պալատի, ճանապարհների հարց ու գտնում են, որ «այո»-ի դեպքում իրենց համայնքի համար լավ է լինելու։ 100-ից էն մյուս 30 տոկոսն էլ թող գնան «ոչ» ասեն։



-Իսկ ծանո՞թ եք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության տարածած հայտարարությանը, որում կոչ է արվում հետաքննել բոլոր տիպի խախտումները եւ հասարակությանը համոզել, որ հանրաքվեն լեգիտիմ է։



-Մենք գտնում ենք, որ պետք է գնալ ժողովրդավարացման ճանապարհով, եւ չ նայենք, թե որ դեսպանատունն ինչ է ասել։ Ես ժամանակին արել եմ հայտարարություն։ Այսօր իշխանությունը շահագրգռված է, որ երկրում վերականգնի վստահության մթնոլորտը։ Ւշխանությունը պետք է գնա հասարակական-քաղաքական կոնսոլիդացիայի, որի հնարավորությունը տալիս է սահմանադրությունը։ Իշխանությունը պետք է այնպիսի կոնսոլիդացիա ստեղծի, որ ազատվի տարբեր հեղինակություններից, որոնք թույլ չեն տալիս ազատ մրցակցությունը, խանգարում են կոռուպցիայի դեմ պայքարին, մենաշնորհներից ազատվելուն։ Իշխանափոխություն անելու մոդելը սա է։



Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ