Արմավիրի մարզպետը գոհացրել է երկրի նախագահին

Արմավիրի մարզպետը գոհացրել է երկրի նախագահին

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի համար կարեւորը երկրի բարձրագույն իշխանությանը գոհացնելն է։ Նրան հաջողվել է իր մարզում «ապահովել» 72,89 տոկոս «այո», որն, ինչ խոսք, բարձր ցուցանիշ է։ Մարզպետի հետ մեր զրույցը ներկայացնում ենք ստորեւ:



-Պարոն Ղահրամանյան, սպասվա՞ծ էին սահմանադրական հանրաքվեի արդյունքները։



-Շատ նորմալ եմ գնահատում։ Արմավիրի մարզում մասնակիցների 72,89 տոկոսը «այո» է ասել հանրաքվեին։ Երկրի նախագահի կողմից ոչ մի դժգոհություն չի եղել։



-Իսկ ինչո՞վ եք բացատրում այն իրողությունը, որ «այո»-ն այդքան շատ տոկոսներ հավաքեց, երբ ժողովուրդը դժգոհ է գործող իշխանությունից։
-Ժողովուրդն իր ձայնն է տվել, որ չտար, ո՞նց կհաղթեր «այո»-ն։



-Իսկ Դուք համոզվա՞ծ եք, որ հանրաքվեն արդար է անցել։
-Այո՛, համոզված եմ, որ արդար է անցել։



-Իսկ կեղծիքների՞, բռնությունների մասին տեղյա՞կ չեք։
-Արմավիրի մարզում որեւէ տեղամասում որեւէ բողոք չի եղել։



-Բայց գյուղական բնակչությունը սահմանադրական հանրաքվեի քարոզչության ժամանակ հայտարարում էին, որ սահմանադրական փոփոխություններով իրենց կյանքը չի փոխվի, իրենք այդ փոփոխությունների հետ հույսեր չէին կապում, ինչպե՞ս պատահեց, որ «այո»-ն այդքան տոկոս հավաքեց։
-Դա ձեր կարծիքն է։



Մարզպետը այս հարցից հետո անջատեց հեռախոսը։
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ