Երեւի հարցրել եք գրականության երիտթուրքերին

Երեւի հարցրել եք գրականության երիտթուրքերին

Նախօրեին գրող Ռազմիկ Դավոյանը, ամփոփելով 2015թ. իրադարձությունները, անդրադարձավ նաեւ մշակութային դաշտին՝ նշելով, որ այն աղավաղվեց ու տրորվեց անկախության առաջին տարիներից, եւ մշակույթի դաշտում այսօր չափանիշներ չեն մնացել. «Մեր արժեքները մղվեցին գետնի տակ, որոնք, անշուշտ, դուրս են գալու: Մի ժամանակ բենզալցակայաններն էին գետնի տակ, գրադարանները՝ գետնի վրա, իսկ հիմա ճիշտ հակառակն է, ինչն ապաշնորհ քաղաքականության արդյունք է»: Դավոյանը խոսեց նաեւ մրցանակներից, ընդգծելով, որ այսօր շատերին են շնորհվում մրցանակներ, բայց խորհրդային տարիներին գոյություն ուներ Պետական մրցանակների կոմիտե, որը բաղկացած էր արվեստի բոլոր ճյուղերի վաստակաշատ ներկայացուցիչներից, եւ նրանք բոլորը միասնաբար քվեարկում էին տարբեր ոլորտների համար, եւ այնտեղ չէր կարելի լոբբինգ անել: Նա նաեւ ներկայացրեց իր վերջին «Ծովինար. Հայոց հնագույն նախապատմական էպոսը» գիրքը, որը, ի դեպ, այս տարի ներկայացված էր ՀՀ պետական մրցանակին, բայց, ինչպես գրել էինք նախօրեին, հանձնաժողովն այս տարի ՀՀ պետական մրցանակը շնորհեց Հակոբ Մովսեսին՝ «Յոթներորդ որսորդություն» գրքի համար, իսկ Դավոյանի գիրքը չէր մտել անգամ եզրափակիչ փուլ։ Ասուլիսից հետո Ռազմիկ Դավոյանից հետաքրքրվեցինք, թե ինչ է մտածում այս տարվա ՀՀ պետական մրցանակի մասին, հատկապես որ ինքն էլ էր ներկայացված.



- Ինձ համար հանձնաժողովը ժողովուրդն է, ընթերցողի գնահատականն է եւ սերը։ Չեմ համարում, որ այդ հանձնաժողովները կարող են գրականություն գնահատել։



- Այդ դեպքում ինչո՞ւ էիք ներկայացրել, եթե թերահավատ եք այդ հարցում։



- Ես չեմ կարող դիմադրել եւ ասել՝ չէ, չէ, չեմ ուզում ներկայանալ։ Իմ գործն այնպիսի գործ էր, որ մարդիկ խոշոր խանդավառություն ունեն եւ ուզեցին տեսնել, թե այդ հանձնաժողովի որակն ինչ է։ Ես էլ շատ թեթեւորեն ընդունեցի դա ու ասեցի՝ մարդկանց կամքը թող լինի, չեմ մերժելու, ինչպես կուզեք։ Եվ ինձ համար անակնկալ չէ բացարձակապես...



- Շատերի համար էլ անակնկալ չէր արդյունքը, ինչո՞ւ է այդպես։



- Դե, բոլոր պատճառաբանություններն ասացի, մարդիկ իրենք են տեսնում, թե այնտեղ ինչ է, ինչ չէ, իսկ մնացածը կարող եք հանձնաժողովին հարցնել, թե ինչպես եղավ։



- Հարցրել եմ, եւ ասացին, որ այս տարի բավականին լավ է անցել, մարդիկ իրենց խղճի դեմ չեն գնացել, արդար է անցել...



- Հանձնաժողո՞վն է ասել։



- Հանձնաժողովի մեջ ընդգրկված գրականագետներից։



- Գրականագետներից երեւի հարցրել եք գրականության երիտթուրքերին... իրենց ավագանու հետ միասին։



- Կնեղանան այդ մարդիկ...



- Ինձ շատ պետք է՝ կնեղանան, թե չեն նեղանա...



- Իսկ հաղթողի՝ Հակոբ Մովսեսի «Յոթներորդ որսորդություն» գրքի մասին ի՞նչ կասեք։



- Ես ծանոթ չեմ այդ գրքին եւ ծանոթանալու ցանկություն էլ չունեմ, այսինքն՝ այն իմաստով, որ Հակոբ Մովսեսին վաղուց գիտեմ, չեմ ասում, որ ապաշնորհ մարդ է, եւ այլն, եւ այլն, այդ տեսակ բաներ չեմ ասում, ինձ սազական չէ որեւէ գնահատական տալ, մանավանդ՝ այս հանգամանքներում։ Իմ գնահատականն այն է, որ գնացեք հարցրեք հանձնաժողովին, ժողովրդին՝ գիտե՞ն, կարդո՞ւմ են, եթե չէ, բա ի՞նչ են անում այդ գրքի հետ։



- Պետական մրցանակների դեպքում շատ են խոսում նաեւ գրական հերթերի մասին, դրա մասին ի՞նչ կասեք։



- Ի՞նչ գրական հերթեր։



- Այն, որ մրցանակը տալիս են ոչ թե գրքին, այլ հեղինակին՝ իր տարիների վաստակի համար, այդպես հերթի դնելով ավագ սերնդի գրողներին։



- Դա էլ կգնաք իրենց կհարցնեք... ինձ այդ հանձնաժողովի աշխատանքները հետաքրքիր չեն, ինձ համար հետաքրքիր էր այն մեծ հանձնաժողովի աշխատանքը, որտեղ ասել-խոսելով, քչփչալով մրցանակ տալ անհնար էր։ Ինձ համար նշանակություն չունի, «նո փռոբլըմ»։



- Այսինքն՝ լուրջ չեք վերաբերվում։



- Չէ, չեմ կարող լուրջ վերաբերվել, իմաստ չեմ տեսնում դրա մեջ։ Դա պետական մրցանակ չէ, դա ստեղծագործական կազմակերպությունների մրցանակ է։ Պետական մրցանակը պետական հանձնաժողովը պետք է շնորհի, ինչպես որ եղել է եւ կարող էր լինել, բայց հետո տրվեց ստեղծագործական միություններին՝ այդ պստիկ-պստիկ հանձնաժողովներով, որոնք՝ ստեղծագործական միություններն իրենք որոշում են, բայց, դժբախտաբար, դրա տակ ստորագրում է հանրապետության նախագահը։ Դա պետական մրցանակ չի կարող կոչվել, որովհետեւ ստեղծագործական միությունն ինքն է որոշում, թե ում տա, իսկ այնտեղ որոշելու բազում եղանակներ կան։ Պետական մրցանակը պետք է տա պետական հանձնաժողովը։ Գրականության եւ արվեստի բնագավառում պետական մրցանակների հանձնաժողով, սա մի բան է, այս ստեղծագործական միությունների որոշումները, որ ստորագրվում է հանրապետության նախագահի կողմից, դա բոլորովին տարբեր բան է։ Այսինքն՝ պետական մրցանակ ասվածը բովանդակազրկված է։ Երբ որ կկազմավորվի Հայաստանի պետական մրցանակների հանձնաժողով կամ կոմիտե՝ արվեստի եւ գրականության բնագավառում տրվելիք մրցանակների համար, այն ժամանակ կլինի պետական մրցանակ։ Քոչարյանի օրոք տարրալուծվեց հանձնաժողովը, տրվեց ստեղծագործական միություններին, ասեցին՝ դուք արեք, քանի որ արդեն վերականգնել էինք մրցանակը, առաջին տարին նա իր բյուջեից վճարեց, իսկ հետո մտավ պետական բյուջե, եւ հիմա այնտեղից է վճարվում։ Այն պետական հանձնաժողովի մեջ բոլոր ստեղծագործական միությունների վաստակաշատ մարդիկ էին։



- Այս հանձնաժողովի մեջ էլ եղել են Աելիտա Դոլուխանյանը, Արծրուն Ավագյանը, Արքմենիկ Նիկողոսյանը, Հասմիկ Հակոբյանը...



- Ովքե՞ր են դրանք՝ Արքմենիկ, Հասմիկ։



- Գրականագետներ են։



- Վստա՞հ ես, որ գրականագետներ են։



- Իրենց մասին չե՞ք լսել։



- Թումանյան, Իսահակյան, Չարենց, Տերյան մերժողները գրականագետնե՞ր են... նույնը՝ նաեւ Հակոբ Մովսեսը... Ոչ միայն գրականության ծանրակշիռ իմացություն չկա, այլ նաեւ բարոյականության խնդիր կա։



- Այսինքն՝ Դուք ուզում եք, որ այս 9 հոգանոց հանձնաժողովի փոխարեն լինի 52 հոգանոց արվեստի կոմիտե, որպեսզի ավելի արդա՞ր անցնի այդ գործընթացը։



- Այո, գրականության եւ արվեստի բնագավառում Հայաստանի պետական մրցանակների հանձնաժողով կամ կոմիտե՝ 52 կլինի, թե 48, նայած ովքեր են, որ արժանի են գնահատելու։ Եթե չկա այդ տեսակ հանձնաժողով, մնացածը հետաքրքիր չէ։



- Սրանից կարելի՞ է ենթադրել, որ հաջորդ տարիներին չեք ներկայացնելու Ձեր գործերը ՀՀ պետական մրցանակի, ինչքան էլ Ձեզ համոզեն:



- Չէ, չէ, բացարձակ... այդ մարդիկ եթե չլինեին, իմ իրական ընթերցողների պարտադրանքները ես չէի ներկայացնելու։