Վարչապետի մեքենան տարել են տեխսպասարկման

Վարչապետի մեքենան տարել են տեխսպասարկման

Վարչապետի ավտոմեքենան տարել են տեխսպասարկման։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության կայքի գնումների բաժնից։ Նոյեմբերի 23-ին կառավարության աշխատակազմը պայմանագիր է կնքել «Եվրոմոթորս» ընկերության հետ՝ կառավարության աշխատակազմի հաշվեկշռում գրանցված BMW 750 Li xDrive մոդելի ներկայացուցչական դասի ավտոմեքենայի համար տեխսպասարկում իրականացնելու համար։ Պայմանագրի արժեքը 249 հազար 382 դրամ է, իսկ աշխատանքների ավարտը նախատեսված էր մինչեւ դեկտեմբերի 7-ը։ Սրա դիմաց «Եվրոմոթորսում» պարտավորվել են փոխել կառավարության կառավարական BMW-ի արգելակման կոճղակները, յուղի զտիչը, շարժիչի եւ փոխանցման տուփի յուղը, արգելակման կոճղակների եւ դիմացի արգելակման սկավառակների մեխանիզմը։



Պայմանագրում, իհարկե, նշված չէ, որ մեքենան սպասարկում է վարչապետ Հովիկ Աբրահամյանին, բայց ակնհայտ է, որ այն հենց վարչապետի ծառայողական ավտոմեքենան է, քանզի կառավարությունում այդ տեսակի BMW միայն մեկ հատ կա, եւ դա վարչապետինն է։ Այն, որքանով տեղյակ ենք, 2011 թվականի արտադրության է, եւ Հովիկ Աբրահամյանից առաջ սպասարկել է Տիգրան Սարգսյանին։ Այն ժամանակ պետբյուջեի միջոցներով երկու այդպիսի մեքենա գնվեց, մեկը՝ վարչապետի, մյուսը՝ ԱԺ նախագահի համար։ Հովիկ Աբրահամյանն այն ժամանակ էլ էր նմանատիպ BMW-ով երթեւեկում, հիմա էլ, տարբերությունն անվահեծերի չափի մեջ է միայն. վարչապետի մեքենայի անվահեծերը մեկ դյույմ ավելի մեծ են եւ ավելի գեղեցիկ։ Ներկայացուցչական դասի՝ 7-րդ սերիայի եւս մեկ BMW էլ կա կառավարության աշխատակազմում, սակայն այն տարեթվով բավականին հին է՝ 90-ականների արտադրության։ Դա էլ սպասարկում է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին, իսկ մինչ այդ էլ, մեր տեղեկություններով, սպասարկել է Ազգային ժողովի նախկին նախագահներին, այդ թվում՝ Արմեն Խաչատրյանին։ Երկու BMW-ներն էլ զրահապատ են, իրենց տեսակով համարվում են BMW-ի մոդելային շարքի ամենաթանկարժեք եւ բարձրակարգ մոդելները (սրահում նոր BMW 750-ի գինը 100 հազար դոլարից ավել է), ունեն հզոր շարժիչներ, հետեւաբար, նաեւ նրանց էքսպլուատացիոն ծախսերն էլ բավականին թանկ արժեն։



Նկատենք, որ այս օրերին վարչապետ Հովիկ Աբրահամյանը երթեւեկում է մեկ այլ ավտոմեքենայով՝ 2000-ականների սկզբի թողարկման Lexus LX470 ամենագնացով։ Բայց պատճառը թերեւս ոչ թե BMW-ի՝ տեխսպասարկման ուղարկելն է, այլ երեւի ձմեռային եղանակը, թեպետ նորմալ ձմեռ էլ չարեց, որ ամենագնացի կարիք զգացվեր։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ