Սահմանադրական փոփոխությունների «քամին» հասավ նաեւ Լեռնային Ղարաբաղ

Սահմանադրական փոփոխությունների «քամին» հասավ նաեւ Լեռնային Ղարաբաղ

Փետրվարի 4-ին ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի փոքր դահլիճում տեղի է ունեցել «Ազատ հայրենիք», Արցախի ժողովրդավարական, Հայ հեղափոխական դաշնակցություն, «Շարժում-88» եւ «Ազգային վերածնունդ» կուսակցությունների ղեկավար կազմերի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սահմանադրական բարեփոխումների թեմայով քաղաքական խորհրդատվություններ սկսելու հարցը:



Ըստ Արցախի ԱԺ-ի տարածած հայտարարության՝ քաղաքական քննարկումների եւ խորհրդատվությունների ձեւաչափը բաց է Արցախի մյուս կուսակցությունների համար:
Փաստորեն Արցախում էլ մտադիր են նմանակել Հայաստանի իշխանությունների գործունեությունը եւ փոխել սահմանադրությունը։



«Ես կարծում եմ, որ քաղաքական դաշտը Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում պետք է լինի միատեսակ. դա հեշտացնում է շատ հարցերի, առաջին հերթին՝ սոցիալ-տնտեսական հարցերի լուծումը»,- մեր հարցին, թե ինչ կարող են տալ Լեռնային Ղարաբաղին սահմանադրական բարեփոխումները, այսպես արձագանքեց Արցախի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Կարեն Օհանջանյանը։



«Չնայած եւ՛ այն ժամանակ, եւ՛ հիմա ես համոզված եմ, որ Արցախում ներկայումս պահանջված է ուժեղ նախագահական կառավարման մոդելը։ Ես ուզում եմ հիշեցնել, որ ԼՂՀ-ն ձեւավորվել է որպես խորհրդարանական հանրապետություն։ Ավելի ուշ դաժան պատերազմը, որը մարդկային հազարավոր կյանքեր եւ տարածքային կորուստներ արժեցավ, երկրի քաղաքական ղեկավարությանը հարկադրեց գնալու իշխանության կենտրոնացման ճանապարհով, որպեսզի կարողանա հաղթել հակառակորդին՝ ստեղծելով պաշտպանության պետական կոմիտե։ Այդ քաղաքական տրանսֆորմացիայի արդյունքն այսօրվա Լեռնային Ղարաբաղն է, որը կառավարվում է ավելի արդյունավետ մոդելով, քան՝ ներկայիս ՀՀ-ի կառավարման մոդելն է։ Ի՞նչ է այսօր անհրաժեշտ ԼՂՀ-ին. նախագահական իշխանության լիբերալացում, որպեսզի քաղաքական կազմակերպություններին տրվեն ինքնաարտահայտման ավելի մեծ հնարավորություններ»,- ասում է Կարեն Օհանջանյանը։