ԲՀԿ-ն եւ Ուրիխանյանն ընդհանուր հայտարարի չեկան

ԲՀԿ-ն եւ Ուրիխանյանն ընդհանուր հայտարարի չեկան

ԲՀԿ-ից հեռացած, բայց ԲՀԿ խմբակցության անդամ համարվող պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը երեկ հայտարարություն է տարածել՝ պարզաբանելով ՄԻՊ թեկնածուի շուրջ իրենց եւ ԲՀԿ-ի միջեւ ծավալվող խոսակցությունները։ Բանն այն է, որ պետաիրավական հարցերի հանձնաժողովում ԲՀԿ խմբակցությունը ներկայացնում է Տիգրան Ուրիխանյանը, որը մարդու իրավունքների պաշտպանի իր սեփական թեկնածուն ունի՝ Նարեկ Ալոյանը։ ԲՀԿ-ն էլ ցանկանում է իր թեկնածուին առաջադրել՝ Մակար Եղիազարյանին։ Երեկ Վահան Բաբայանը հայտարարել էր, թե իրենք ունեն պայմանավորվածություն Ուրիխանյանի հետ՝ առաջադրել մեկ միասնական թեկնածուի, որն իրենց նախընտրածն է՝ Մակար Եղիազարյանը։ Ապա Ուրիխանյանի հիմնած «Ալյանս» կուսակցության մամուլի խոսնակը հայտարարություն տարածեց։ «Պաշտոնապես հայտնում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մեր գործընկերների հետ եղել է քննարկում օմբուդսմենի թեկնածուների առաջադրման հարցի վերաբերյալ: Քննարկումները մինչ օրս շարունակվել են, իսկ պայմանավորվածություն, որ ԲՀԿ-ի թեկնածուին պետք է առաջադրի «Ալյանս»-ի ղեկավար Տիգրան Ուրիխանյանը, չի եղել: Ով պնդում է հակառակը՝ ստում է, ապացույցները պատրաստ ենք ներկայացնել:



«Ալյանս»-ն առաջադրել է սեփական թեկնածուին, իսկ ԲՀԿ-ն կարող էր եւ դեռ էլի կարող է ներկայացնել լրացուցիչ անդամ պետաիրավական հարցերի հանձնաժողովում եւ առաջադրել սեփական թեկնածուին: Ըստ էության, այդպիսին է եղել պայմանավորվածությունը»,-ասված է հայտարարության մեջ։



Անդրադառնալով այս հայտարարությանը՝ ԲՀԿ խոսնակ Վահան Բաբայանը մեզ հետ զրույցում ասաց, որ եղել է խմբակցությունում քննարկում Տիգրան Ուրիխանյանի հետ։ Ի դեպ, Ուրիխանյանը ԲՀԿ խմբակցության նիստերին խմբակցությունից հեռանալուց հետո չէր մասնակցում եւ այս մեկին մասնակցել է հենց ՄԻՊ թեկնածուի հարցը քննարկելու նպատակով։ «Այդ քննարկման ժամանակ մենք լսել ենք հետեւյալը, որ հնարավոր է ընդհանուր մոտեցումներ թեկնածուի առաջադրման առումով, եւ Տիգրան Ուրիխանյանը դեմ չի եղել այդ հարցը քննարկել։ Այնուհետեւ ես չգիտեմ՝ եղել են պայմանավորվածություններ, թե ինչ խոսակցություններ, ես անձամբ չեմ մասնակցել, բայց տեղյակ եմ եղել, որ որեւէ խնդիր չկա այդ առաջադրման հետ կապված։ Այնուհետեւ երեկ օրվա վերջում մենք տեղեկացանք, որ ամենեւին պատրաստակամություն չկա առաջադրելու ընդհանուր թեկնածու։ Եվ սա է եղել խնդիրը, որ մենք իմացել ենք դրա մասին վերջին պահին եւ, փաստացի, մենք չենք կարողացել կանոնակարգի համաձայն ներկայացնել այլ թեկնածու պետաիրավական հանձնաժողովում»,-ասաց նա։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ