Գյումրիում ընդդիմադիր քաղաքապետ ունենալու հավանականությունը մեծ է

Գյումրիում ընդդիմադիր քաղաքապետ ունենալու հավանականությունը մեծ է

Հոկտեմբերի 2-ին Գյումրիում քաղաքապետի ընտրություններ են լինելու, եւ քաղաքական կամ սոցիալական ցանկացած իրադարձություն դիտարկվում է այս տեսանկյունից։ Անգամ Սամվել Բալասանյանի բաժանած բաղնիքի կտրոնները կամ 10 հազարական դրամ օգնությունն անապահովներին ոմանք մեկնաբանում են որպես ընտրակաշառք։



Իշխանությունների վիճակն այնքան էլ հեշտ չէ։ Հայաստանի երկրորդ քաղաքն այս ի սկզբանե ընդդիմադիր է եւ ամեն ընտրության ժամանակ պրոբլեմ է դառնում ՀՀԿ-ի համար։ Ինչպես Գյումրիում են ասում, «խիարը ընտրությունից ընտրություն թարս կաճե»։



Սկսած 1996 թվականի ընտրություններից, Գյումրին «դեմ» է քվեարկել, եւ վերջին սահմանադրական հանրաքվեն էլ բացառություն չեղավ։ «Ոչ» ասողները մոտ 5 հազարով ավելի էին։ Ի՞նչ անել, որ այս անգամ խայտառակությունը մեծ չլինի։ Այս պահին հայտնի չէ՝ արդյոք ՀՀԿ-ն այստեղ իր թեկնածուն կառաջադրի՞, թե՞ կբավարարվի այլ կուսակցությունների՝ ՀՀԿ-ին նվիրված կամ ՀՀԿ-ին դեմ չգնացող ներկայացուցիչներով, ինչպես եղավ Բալասանյանի դեպքում։ Նրա ՀՀԿ-ահպատակությունը հատկապես երեւաց ԲՀԿ նախկին առաջնորդ Ծառուկյանի ընդդիմադիր խաղերի ժամանակ։ Երբ նա գնացել էր Գյումրի՝ միտինգ անելու, Բալասանյանը քաղաքում չէր։ Մյուս թեկնածուն, որի անունը, ըստ լուրերի, ՀՀԿ-ում քննարկվել է, Մարտուն Գրիգորյանն է։ Երկու թեկնածուները, անշուշտ, ունեն իրենց «մինուսները», բայց նրանով են օգտակար, որ պարտության դեպքում իշխող կուսակցությունը կարդարանա, ասելով՝ դե, մերը չէին։ Գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանն առավել հավանական է գտնում այն, որ ՀՀԿ-ն անկուսակցական լիդեր ընտրի։ «Շիրակի մարզում ՀՀԿ-ն խարիզմատիկ լիդերներ չունի,- ասում է նա։- Ճիշտ է, իրենք ունեն մարզային կառույցի ղեկավար, ստորաբաժանումներ, բայց այնպիսի խարիզմատիկ լիդեր, որը կարող է ստանձնել քաղաքապետի պաշտոնն ու իր վրա վերցնել լոկոմոտիվի դերը, որ ՀՀԿ ցուցակով նաեւ մյուսներին տանի ավագանու ընտրությունների ժամանակ, Գյումրիում չկա»։ Ըստ քաղաքագետի, եթե ՀՀԿ-ն ուզում է Գյումրիում քաղաքապետ ունենալ, նա պետք է անկուսակցական լիդեր ընտրի։



- Իհարկե, դա կարող է լինել քաղաքական գործիչ, որը կհամաձայնի մտնել ՀՀԿ կազմի մեջ, բայց այստեղ խնդիրն այն է, որ ընտրություններին մնացել է 7 ամիս, այստեղ այդ կուսակցության ռեյտինգը ցածր է, եւ նա պետք է բավականին մեծ աշխատանք կատարի այս 7 ամսում։ Բացի այդ, ՀՀԿ ցուցակի առաջին հորիզոնականն զբաղեցնող այդ գործիչը պետք է հաշվի առնի այն հանգամանքը, որ եթե ինքը պոպուլյար լինի, իր ռեյտինգը բավականին կիջնի, եթե նա մտնի ՀՀԿ-ի մեջ։



- Հնարավո՞ր է, որ Մարտուն Գրիգորյանը կամ Սամվել Բալասանյանը դառնան ՀՀԿ-ական։



- Օրինակ, Դուք երբեւիցե կպատկերացնեի՞ք, որ Արտաշես Գեղամյանը կլինի ՀՀԿ խմբակցության մեջ։ Ես չէի պատկերացնի։ Կամ՝ որ Արթուր Բաղդասարյանը դառնա մոլի ռուսամոլ եւ ասի, որ Հայաստանը պետք է կանգնի Ռուսաստանի կողքին, եթե տեղի ունենա ռուս-թուրքական պատերազմ։ Ժամանակին նա Մեծ Բրիտանիայի դեսպանին «Մարկո Պոլոյում» խոստանում էր պատժամիջոցներ կիրառել։ Ամեն ինչ սպասելի է։ Ամենակարեւոր խնդիրն այն է, թե ով կստանա այդ դաբրոն Բաղրամյան 26-ից։



- Գյումրիում ուժեղ են «Ասպարեզ» ակումբն ու ԳԱԼԱ հեռուստաընկերությունը։ Դրանք մեծ ազդեցություն ունեն։ Հնարավո՞ր եք գտնում այս երկուսի միացումը, եւ ի՞նչ շանս կունենան։



- Դրանք, իհարկե, մեծ շանսեր կունենան, եթե կարողանան ներկայանալ որեւիցե քաղաքական ուժի հետ եւ, անշուշտ, խնդիրներ կստեղծեն կուսակցությունների համար։ Պետք չէ մոռանալ նաեւ, որ մեր քաղաքի ընդդիմադիր ուժերը եւս կփորձեն ակտիվ լինել այս ընտրությունների ժամանակ, որովհետեւ նրանք էլ լավ գիտեն, որ իրենց ընտրազանգվածը մեծ է։



Ասում են՝ ԳԱԼԱ-ի եւ «Ասպարեզի» միավորման հնարավորությունը քննարկվել է իշխանական շրջանակներում։ Առաձնակի սթափություն պետք չէ հասկանալու համար, որ եթե այս երկուսին հաջողվի որեւէ քաղաքական տանիքի տակ միանալ, ապա քաղաքն իրենցը կլինի։ Միակ հույսը Լեւոն Բարսեղյանի եւ ԳԱԼԱ հեռուստաընկերության ղեկավար Վահան Խաչատրյանի միջեւ անհամաձայնությունն է, որը կխանգարի միավորման գաղափարին։ Թե ինչից է սկսվել երկու ազդեցիկ գործիչների միջեւ լարվածությունը, ոչ ոք չգիտի։ Հայտնի է, որ հարաբերությունների փչացումն սկսվել է այն բանից հետո, երբ մեծ դրամահավաք եղավ ԳԱԼԱ-ն փակումից փրկելու նպատակով, եւ «Ասպարեզն» այդ օրերին ակտիվ դերում էր։ Լեւոն Բարսեղյանը վիրավորված է Վահան Խաչատրյանից այն բանի համար, որ նա հրապարակավ հայտարարություն արեց, թե՝ գիտեք գո՞րծ եք արել, կզանգեի եղբորս, փողը կուղարկեր։ Ասում են՝ սա է պատճառը, որ նրանց միջեւ անհաղթահարելի տարաձայնություններ են առաջացել։



«Հնարավո՞ր է, որ դուք միանաք՝ մի կողմ դնելով հին վիրավորանքները։ Չէ որ միասին լուրջ ուժ եք»,- հարցրինք Լեւոն Բարսեղյանին։ «Չեմ կարծում։ Նախ, օրենքով ընտրությունը համամասնական սկզբունքով է լինելու։ Դրա համար պետք է կուսակցություն լինի, կուսակցությունների դաշինք, համաձայնեն, թե ով է լինելու քաղաքապետացուն։ Իսկ մենք կուսակցականներ չենք»։ Ըստ Բարսեղյանի, իրենց միավորումը «ռոմանտիկ գաղափար է»։ «Շատ լուրջ, օբյեկտիվ, ծանր գործիքներ կան դրա դիմաց՝ ընտրակաշառքը, կեղծիքների մեխանիզմը։ Քանի որ իրենք կիրառում են դրանք, Քրիստոսն էլ որ գա, մնալու է 8-րդ տեղում։ Ինչ-որ մեկը, եթե լավագույն թեկնածուն էլ դնի ռեժիմի դեմ, չի անցնելու»։



- Դուք կարո՞ղ էիք միավորվել ԳԱԼԱ-ի հետ։



- ԳԱԼԱ-ի հետ առանձին հարաբերություններ կան, որոնք թույլ չեն տալիս միավորվելու։ Եվ հետո՝ ջանք է, փող է պետք, պետք է թողնես հասարակական գործունեությունն ու մտնես դրա մեջ։ Ես այդ մասին մտածել եմ, բայց դա ահագին ծանր բան է։