Հրազդանի ընտրություններին ով ում կսատարի

Հրազդանի ընտրություններին ով ում կսատարի

Ապրիլի 17-ին Հրազդանում կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններին մասնակցելու համար այսօր փաստաթղթերն է ներկայացրել «Հայկական վերածնունդ» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Արթուր Միսակյանը:



Հիշեցնենք, որ արդեն իսկ իրենց թեկնածությունն են առաջադրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը, Հրազդանի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը, եւ անկուսակցական Վաղարշակ Պողոսյանը: «Հանրապետություն» կուսակցությունը հայտարարել է, որ աջակցում է Սասուն Միքայելյանին Հրազդանի քաղաքապետի ընտրություններում: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը դիմել էր Լեւոն Զուրաբյանին, որպեսզի այդ ընտրատարածքի տեղամասային հանձնաժողովներում ՀԱԿ-ի տեղերը տան Սասուն Միքայելյանին,



Թե ընտրություններին ո՞ւմ կսատարի ՀՅԴ-ն, Հրազդանի ներկայացուցիչ Արտուշ Հունանյանը ասաց, որ դեռ որոշում չունեն: Չնայած դժվար չէ կռահել, որ եթե ՀՅԴ-ն կոալիցիա է կազմել, պարզ է, թե ում է սատարելու: Ինչ վերաբերվում է մյուս կուսակցություններին, ԲՀԿ-ի երբեմնի ներկայացուցիչ Արայիկ Ալեքսանյանը հայտնեց, որ կուսակցությունից դուրս է եկել, եւ Հրազդանում ԲՀԿ-ն ներկայացուցիչ չունի, բնականաբար` սատարելու մասին խոսք չկա: Իսկ թե մինչեւ ընտրությունները որ ուժերը ում կաջակցեն, պարզ կլինի առաջիկայում:



Նելլի Կարապետյան