Ֆառերի և բոգոների անպատժելիության ծայրը դեռ չի երևում

Ֆառերի և բոգոների անպատժելիության ծայրը դեռ չի երևում

Վարդենիսում օրերս տեղի ունեցած ծեծկռտուքի մասին ահազանգողը հենց զոհն էր՝ ազատամարտիկ Հեբո Խչեյանի որդին, ինչը հազվագյուտ է պատահում մեր օրերում։ Արման Խչեյանին ծեծել էին գծատերերը անձնական մեքենայով մարզից ուղևոր տեղափոխելու համար։ Հիմնականում մարդիկ նման միջադեպերից հետո նախընտրում են լռել, որովհետև չեն հավատում իրավապահների՝ անունով հանցագործներին վնասազերծելու պատրաստակամությանը։ Իսկ այս անգամ հենց անունով հանցագործների մասին է խոսքը՝ Ֆառ անունով Արթուր Սարգսյանի և նրա ընկերոջ՝ Ռուբեն Սիմոնյանի /մականունը՝ Բոգո/, որը ապարանցի է և ավտոկայանի նայողներից էր։ Երկուսն էլ հայտնի են տարատեսակ քաջագործություններով։ Ազատամարտիկի որդին ոչ բժշկի դիմեց, ոչ էլ ոստիկանություն, այլ դիմեց լրագրողներին` գիտակցելով, որ սա իր պաշտպանության միակ ձևն է։ Նա մամուլի միջոցով հայտարարեց, որ չի բացելու, մինչև ծեծողներն իրենից ներողություն չխնդրեն։ Հետաքրքիրն այն է, հանցագործներին մամուլով վախեցնելու այս քայլը արդյունք տվեց։ Ըստ լուրերի, Ֆառը և տղաները լեզու են գտել Արմանի հետ։ «Ամեն ինչ վերջացած է, - ասաց այս պատմության հերոսը՝ Արման Խչեյանը, - մենք բարիշել ենք իրար հետ» 



-Ինչպե՞ս բարիշեցիք։ Նրանք Ձեզ փո"ղ են տվել, թե՞ ներողություն են խնդրել։ 



-Չէ, ի՞նչ փող։ Մարդկայնորեն իրար հասկացել ենք, ամեն ինչ նորմալ է։ 



-Իսկ դուք շարունակելո՞ւ եք Ձեր մեքենայով աշխատել այդ գծում։



-Ոչ, ես այլ աշխատանքի եմ անցել։



-Իրե"նք են այդ աշխատանքը ձեզ տվել։



-Ոչ, ես միևնույն է, փոխելու էի գործս։



-Բայց ստացվեց, որ դուք զիջեցիք գծատերերին։



Ես չեմ ուզում էլ էդ թեմայով խոսել։



Իրավապահները, բնականաբար, գործով չզբաղվեցին, քանի որ ծեծը ծանր հանցագործություն չէ, իսկ նման դեպքերում չկա բողոք, չկա գործ։ Բայց Ֆառի և Բոգոյի քաջագործությունների շարքը հարստացավ։ Դրանցից ամենաուշագրավը, որի համար Արթուր Սարգսյանը՝ որպես սպանության պատվիրատու դատապարտվել էր ազատազրկման, տեղի էր ունեցել 2003 թվականին։ Հունիսի 25-ին, կեսօրին Նուբարաշենի խճուղում մարդասպանները կրակ էին բացել տաքսու ուղղությամբ։ Մահացան մեքենայի մեջ գտնվող երեք մարդիկ՝ վարորդը, Ծաղիկ Ռուբոյի եղբորորդին, ՀՀ պաշտպանության նախարարության բուժվարչության պետի տեղակալ Գարիկ Հարությունյանը։ Ֆառին կալանավայրում լավ էին պահում, նրա ծննդյան կապակցությամբ շնորհավորելու և բերդում այդ իրադարձությունը նշելու էին այցելել տարբեր պաշտոնատար անձինք։ Ընդամենը երկու տարի անց այդ նույն անձանց ջանքերով 15 տարվա ազատազրկման դատապարտված Ֆառին հանեցին բերդից առողջական խնդիրների պատճառով, այն դեպքում, երբ հասարակ մարդիկ կալանավայրում մահանում են քաղցկեղից, բայց չեն ակտավորվում։ Այս տարվա հունվարին ևս երկու անձ այս գործով դատապարտվեցին 15 տարվա ազատազրկման՝ Կամսար Հակոբյանը և Անդրանիկ Երեմյանը, իսկ երրորդը հետախուզման մեջ է։



Ի դեպ, Ռուբեն Գևորգյանի եղբորորդու սպանությունը այդ օրերի մամուլը կապում էր նրա եւ շաքարի արքա Սամվել Ալեքսանյանի միջեւ լարված հարաբերությունների հետ: Ալեքսանյանի անվան հետ էին կապում նաև Ֆառի հրաշալի ազատումը։ Իսկ Բոգոն՝ Ռուբեն Սիմոնյանը, Սամվել Ալեքսանյանի մտերիմներից է համարվում, նրա հովանավորյալն ու օգնականն է, որը աչքի է ընկել տարբեր ծեծկրտուքներով, «Փակ շուկայի» համար պայքարի օրերին ակտիվիստների դեմ գործողություններով, ինչպես նաև նրանով, որ պարբերաբար ճնշում է ավտոկայանի վարորդներին։ Նա այնքան մոտ է Ալեքսանյանին, որ երկու տարի առաջ նույնիսկ հաջողացրել էր ԼՂՀ անկախության տոնին լուսանկարվել ՀՀ նախագահի հետ։ Այնպես որ ֆառերի և բոգոների անպատժելիության ծայրը դեռ չի երևում։



Սյուզան Սիմոնյան