Ավտոպարկի օպտիմալացումը մեկնարկեց

Ավտոպարկի օպտիմալացումը մեկնարկեց

Կառավարությունը հերթական «արշավն» է սկսում պաշտոնյաների դեմ: Երեկ գործադիրի նիստում ներկայացվեց որոշման նախագիծ, որի համաձայն՝ կառավարության աշխատակազմին ամրակցված 9 միավոր հին տրանսպորտային միջոցներն ամրացվում են Պետական գույքի կառավարման վարչությանը` հետագայում օտարելու նպատակով: Ներկայացվեց, որ սա արվում է գույքի օպտիմալացման ծրագրի շրջանակներում: Մեր տեղեկություններով, սրանով մեկնարկելու է կառավարական ավտոպարկի օպտիմալացման ծրագիրը, որի մասին նախկինում հայտարարություններ են հնչել, բայց գործ չի արվել: Հիմա ուսումնասիրվում են համակարգը, ավտոմեքենաների ու ստորաբաժանումների ֆունկցիաները, տեսնելու, թե դրանք ինչ գործառույթ են կատարում, որպեսզի հստակ չափանիշներ սահմանեն, թե որ պաշտոնյային ավտոմեքենա տրամադրեն, որին՝ ոչ: Մամուլի տեղեկություններով, 1000-ից ավելի մեքենա կա ավտոպարկում՝ նախարարությունների, մարզպետարանների, ԾԻԳ-երի եւ այլ կառույցների տնօրինության տակ: Տեղեկություններ կան, որ ավտոպարկի ավելի քան 10 տոկոսը, այսինքն՝ նվազագույնը 100 մեքենա, հին ու չշահագործվող են, նման մեքենաները հիմնականում ըստ հայեցողության են տրամադրվում, երբ, օրինակ, որեւէ նախարար որոշում է, որ իր վարչության այսինչ պետը պետք է ծառայողական ավտոմեքենայով ու վարորդով շրջի, ու դրա համար հայտ է ներկայացնում։ Որպես կանոն, հին մեքենաներն ավելի ծախսատար է, քանի որ հաճախակի են փչանում: Մեկ ծառայողական ավտոմեքենայի համար օրական 10 լիտր բենզին է հատկացվում, տարեկան սպասարկման համար՝ մոտ 400 հազար դրամ, իսկ վարորդների աշխատավարձը 140 հազար դրամ է: