Բալասանյանի նախկին խոսնակը` նոր պաշտոնակատար

Բալասանյանի նախկին խոսնակը` նոր պաշտոնակատար

Երեկ Գյումրու ավագանին քննարկեց օրակարգային հարցերից մեկը, այն է` ստեղծել Երիտասարդական համայնքային ոչ առևտրային կազմակերպություն եւ նշանակել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Ավագանին հաստատեց ՀՈԱԿ-ի ստեղծումը, իսկ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց քաղաքապետի նախկին խոսնակ Լիլիթ Մակարյանը: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ պաշտոնը ժամանակավոր է, քանի որ այն մրցույթային է, երբ կկայանա մրցույթը, այս պահին չի կարող ասել: Համենայնդեպս թեկուզ ժամանակավոր պաշտոնի համար նրա հետ մրցակից չի եղել: «Ծրագրերից առայժմ չեմ խոսում, միայն ասեմ, որ այս պաշտոնում առաջնային նպատակս լինելու է քաղաքի երիտասարդներին համախմբել մեկ հարկի տա: Ճիշտ է, մեր երիտասարդները ընդհանուր ակտիվ են, սակայն կա պասսիվ մասսա, որոնցով զբաղվել է պետք»,-ասաց նախկին խոսնակը: Լիլիթ Մակարյանի խոսքերով՝ ինքն հենց այնպես չէ այս պաշտոնում, դեռ նախորդ տարի վերապատրաստումների էր մեկնել Ավստրիա, Չինաստան, Լիտվա:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 8-ին, իր դիմումի համաձայն Լիլիթ Մակարյանն ազատվեց քաղաքապետի մամուլի խոսնակի պաշտոնից:




Արևիկ Հակոբյան, Գյումրի