ՖԱՖ-ի առանց միջադեպերի երթը եւ երկրպագուի մարզադաշտ ներխուժելը

ՖԱՖ-ի առանց միջադեպերի երթը եւ երկրպագուի մարզադաշտ ներխուժելը

Այսօր` մարտի 25-ին` ժամը 17:00-ին, Արամ Խաչատրյան արձանի մոտից, մեկնարկեց Հայկական առաջին ճակատ ՖԱՖ երկրպագուական շարժման երթը: Դեռ մի քանի օր առաջ ՖԱՖ-ը հայտարարությումբ էր հանդես եկել՝  նշելով, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խոչընդոտներ է ստեղծում ՖԱՖ-ի համար, մասնավորապես, խոչընդոտում է ձեռք բերել Հայաստան - Բելառուս ընկերական խաղի տոմսեր: ՖԱՖ-ը, սովորաբար, մարզադաշտում զբաղեցրել է հարավային տրիբունան, սակայն այս անգամ հարավային տրիբունան, որը կազմում է 3710 նստատեղ, տոմսերի վաճառքի համար արգելափակված է, տոմսերը այդ տրիբունայում հատկացվելու են միայն հայտերով: Ըստ ՖԱՖ-ականների՝ սա կապված է դեռ նոյեմբերին իրենց հնչեցրած պահանջների հետ, սակայն սրանով, ՖԱՖ անդամների խոսքով, իրենց վրա ճնշում չեն զգալու, շարունակելու են պայքարել այս խնդիրների համար:



Երթի մասնակիցները, Մաշտոցի, Հյուսիսային պողոտաներով, Հանրապետության հրապարակով անցնելով Բյուզանդի և Վարդանանց փողոցները, հասան Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտ` հրաժեշտ տալու Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկուն: Երթը ընթացավ առանց միջադեպերի: Երկրպագուները երթի ընթացքում անընդհատ վանկարկում էին «ՖԱՖ», «Նեմեց հեռացիր», «Հայեր», «Հայաստան հուպ տուր» և կատարում ազգագրական երգեր: Նրանց ձեռքերին կային Հայաստանի և ՖԱՖի դրոշները, ինչպես նաև մեծ պաստառ, որի վրա փակցված էր Ռ.Բերեզովսկու նկարը և իրենց երախտագիտությունը հայտնող տող. «Շնորհակալ ենք լեգենդ»:Անգամ երթի ընթացքում տեղացող անձրևը չկոտրեց երկրպագուների մարտական տրամադրվածությունը:



Երթը խաղաղ ընթացք ունեցավ` զերծ մնալով միջադեպերից, սակայն, երբ երկրպագուները հասան Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտ, այստեղ խիստ վերաբերմունք ցուցաբերվեց նրանց նկատմամբ ոստիկանների կողմից: ՖԱՖ-ի անդամների վերնաշապիկները վեր բարձրացնելով` ստուգումներ էին կատարում, նոր հետո միայն նրանց մարզադաշտի դարպասներից ներս թողնում, անգամ ստիպում էին ջրի շշերի խցանները բացել: Դարպասններից ներս անցնելով` երկրպագուներին թույլ չէին տալիս իրենց հետ մարզադաշտի տրիբունա տանել ոգևորող գրվածքներով պաստառներն ու դրոշները: Մի քանի րոպե անց դարպասների ներսում հրմշտոց և քաշքշուկ առաջացավ ՖԱՖ-ի անդամի և մի անհայտ անձի միջև: Անհայտը անձը մոտեցավ երկրպագուին, դրոշը վերցրեց նրա ձեռքից` պատճառաբանելով, թե չի կարելի այդպես ներս անցնել: Բարկացած երկրպագուն սկսեց բղավել, միջադեպին խառնվեցին ոստիկանները: Երթի մասնակիցները պնդում էին, որ իրենց թմբուկն էլ է կորել, բայց քիչ անց հայտնաբերվեց այն: Տեղում ոչ ոք չիմացավ, թե այդ անհայտ անձը ով էր: Երկրպագուների համոզմամբ` նա սադրիչ էր: 
Միջադեպից հետո երկրպագուները հնարավորություն ունեցան գնալու մարզադաշտ և երկրպագել Հայաստանի հավաքականին:



Նշենք, որ Հայաստան- Բելառուս խաղը ավարտվել է 0:0 հաշվով: Խաղի ընթացքում երկրպագուներից մեկին հաջողվել է ներխուժել մարզադաշտ ` ձեռքին ունենալով պայթուցիկ, նրան բերման էին ենթարկել ոստիկանություն, այնուհետև որոշ ժամանակ անց բաց թողել: