Աղբավայրերը՝ միջպետական ճանապարհի վրա. լուսանկարներ

Աղբավայրերը՝ միջպետական ճանապարհի վրա. լուսանկարներ

Տավուշի մարզի Դիլիջան և Իջևան քաղաքների քաղաքային աղբավայրերը արդեն իսկ ոչ պիտանի են շահագործման համար: Դիլիջանի քաղաքային աղբավայրը, որը գտնվում է քաղաքի սկզբնամասում, գտնվում է ուղիղ միջպետական ճանապարհի վրա: Ճանապարհ, որով անցնում են ոչ միայն Դիլիջան, Իջևան մեկնողները, այլ նաև Լոռու մարզից Սևան ու Երևան մեկնողները: Դիլիջանի աղբավայրի դեպքում ամեն օր ականատեսն ենք լինում ծխացող, հարակից գետակը լցված աղբակույտերի, իսկ ճանապարհին «թռչկոտող» տոպրակներն անպակաս են:



Նույն պատկերն է նաև Իջևան քաղաքում: Այստեղ ևս քաղաքային աղբավայրը գտնվում է միջպետական ճանապարհի վրա, իսկ գույնզգույն «ցելոֆոններն» անպակաս են ամեն օր: Աղբը քամին պարզապես ցրիվ է տալիս շուրջբոլորը, ու չնայած քաղաքապետարանից վստահեցնում են, թե պարբերաբար մաքրում են հարակից տարածքըւ, սակայն խնդիրն ամենօրյա է, որին ականատես է լինում նաև անձամբ մարզպետը, ով Նոյեմբերյանում գտնվող իր տուն մեկնում է հենց այս ճանապարհով:



Hraparak.am-ի հետ զրույցում Իջևանի քաղաապետ Վարդան Ղալումյանը չժխտեց, որ իսկապես աղբավայրի հետ կապված խնդիրներ առկա են, փոխարենը նաև վստահեցրեց, որ արդեն իսկ քննարկվում է նոր աղբավայրի կառուցման հարցը. «Քամին իսկապես, ցոլոֆոնները շաղ է տալիս, մենք պարբերաբար մաքրում ենք, խնդրի վերջնական լուծումը աղբավայրի տեղը փոխելն է»,-ասաց նա, հավելելով, որ մեկ անգամ ևս կհանձնարարի համապատասխան բաժնին զբաղվել խնդրով: