Սահմանին սարքեր կտեղադրվեն

Սահմանին սարքեր կտեղադրվեն

Նախօրեին Ազգային ժողովում ղարաբաղաադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ մի քանի ժամ տեւած փակ քննարկման ընթացքում փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն ու պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն այդպես էլ չեն կարողացել մի քանի կարեւոր հարցերի պատասխանել։ Օրինակ, պատասխան չի տրվել, թե ինչպես կհանգուցալուծվի ապրիլի 2-ից հետո ձեւավորված վիճակը, եւ որքան կպահպանվի ներկայիս հարաբերական անդորրը։ Կլինի՞ հրադադարի նոր պայմանագիր, ի՞նչ պայմաններ են հայկական կողմին առաջադրվում, ի՞նչ ենք մենք առաջ քաշում։ «Բանակցություններն ընթանում են, գործընթացները դեռ ավարտված չեն». միակ որոշակի պատասխանը սա է եղել, ինչպես նաեւ Տոնոյանը չի բացառել, որ Ղարաբաղում պատերազմական վիճակը երկար տեւի։ Բանն այն է, որ Մինսկի խմբի կողմ հանդիսացող ԱՄՆ-ի առաջարկն ընդունելի չէ Ռուսաստանի եւ Ադրբեջանի համար։ Առաջարկվում է հրադադարի նոր պայմանագիր, որը կկրի «համապարփակ» անվանումը, եւ մի շարք սկզբունքային առաջարկներ պետք է կյանքի կոչվեն։ Դրանցից մեկը սահմանի ողջ երկայնքով հետաքննող սարքերի տեղադրումն է, որոնք կֆիքսեն, թե կրակը որ կողմից է, եւ այլեւս որեւէ կողմը մյուսին չի մեղադրի նախահարձակ լինելու հարցում։ Ավելին, ի լրումն առաջարկի, պետք է նաեւ ԵԱՀԿ մշտական դիտորդներ վերահսկեն դա, որպեսզի կողմերը կամայականություններ թույլ չտան։ Լղոզվել է նաեւ այն հարցի պատասխանը, թե որքան է մեր տարածքային կորստի չափը, ու արդյոք այս պահին ռազմավարական հենակետեր ունե՞նք զիջած հակառակորդին, եւ հայկական կողմի կորցրած դիրքերի հարցն ինչպես է լուծվելու: Պատասխանող «կողմը» փորձել է լղոզել՝ եթե ինչ-որ տարածքներում մի քանի մետր կորցրել ենք, կան տեղեր, որ մերոնք առաջ են գնացել, այնպես որ, կորուստը մեծ չէ, իսկ ռազմավարական նշանակության կետերի հարցին Տոնոյանն ասել է, թե ամեն ինչ հարաբերական է։ Հարց է հնչել նաեւ Արցախի հետ ռազմավարական փոխօգնության պայմանագրի մասին՝ ինչպիսին է լինելու, եւ ինչու է Հայաստանը հապաղում, քանի որ հակառակորդին վստահել պետք չէ։ Շավարշ Քոչարյանն է երկար-բարակ բացատրել, թե փաստաթղթի մշակման պրոցես է ընթանում, տեխնիկական պատճառներով է այն ուշանում։ Պատասխանը հարուցել է խորհրդարանականների վրդովմունքը, ծավալված բանավեճի ընթացքում օրենսդիրները պնդել են ԼՂ-ին բանակցության կողմ դարձնելու առաջարկով հանդես գալու մասին, նույնիսկ եթե դրա համար պահանջվի, որ Հայաստանն իր տեղը զիջի: 



Լուսինե
ՇԱՀՎԵՐԴՅԱՆ