Ո՞վ կտանի Ալիեւին Հաագայի դատարան

Ո՞վ կտանի Ալիեւին Հաագայի դատարան

Պատահականությու՞ն էր, որ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայից մի-երկու օր առաջ Հաագայի դատարանը հրապարակեց Ռադովան Կարաջիչի դատավճիռը: 1991-94թ.թ. Ադրբեջանի իշխանությունը ռազմական հանցագործ է: Զինադադարի հաստատումից հետո մենք այդ ամենը պետք է փաստաթղթավորեինք, ներկայացնեինք միջազգային հանրությանը: Չենք արել: Ըստ երեւույթին, ռազմական հաղթանակի ոգեւորությունն ավելի մեծ էր, քան՝ ապագա երաշխիքների համար պատասխանատվությունը:
Ուսումնասիրողի իմ փորձից մատնանշեմ երկու օրինակ: Բաքվի ռեժիմի խոսափող Տատյանա Չալաձեն գիրք ունի, այն հասանելի է հետեւյալ հղումով՝ www.erevangala500.com: Գրքում հրապարակված են բազմաթիվ փաստաթղթերի պատճեններ: Դրանցից մեկը Ադրբեջանի Անվտանգության խորհրդի 1992թ. հունվարի 28-ի նիստի արձանագրությունն է, որտեղ կարդում ենք.



Մութալիբով- Իսկ հիմա խնդրում եմ զեկուցել՝ Ստեփանակերտի բնակֆոնդի ո՞ր մասն է ոչնչացված:
ՆԳ նախարար- Մեկ երրորդը, հիմա նրանք (Ստեփանակերտի բնակիչները՝ Վ. Ա.) հավաքվում են քաղաքի կենտրոնի բազմաբնակարան շենքերում…
Մութալիբով- Հարկ է Շուշին ամրապնդել, այնտեղ ուղարկել ողջ հրթիռահրետանային միջոցները, կարծում եմ՝ հասկանալի է, թե ինչ նկատի ունեմ:
Արձանագրությունը վավերացված է Ադրբեջանի նախագահի կնիքով, հավելյալ գրառմամբ. «Իսկականի հետ ճիշտ է: Ադրբեջանական Հանրապետության Պետական քարտուղար՝ Միդաթ Աբասով»:



Հիշյալ նիստից մեկ ամիս անց ադրբեջանական զինված ջոկատները գրավել են ԼՂՀ Մարտակերտի շրջանի Ղազանչի գյուղը: Տասնյակ խաղաղ բնակիչներ սպանվել են իրենց տներում, շուրջ 50 հոգի, հիմնականում՝ տարեց կանայք եւ մի քանի ծերունիներ, գերի են տարվել: Ստույգ հայտնի է, որ նրանք պահվել են Շահբուլաղում: Ավելի քան երկու շաբաթ տեւած բանակցություններից հետո ոմանք ազատ են արձակվել, հայկական կողմին են հանձնվել տասնյակ դիակներ:
Մի քանի հոգի սպանվել է առանձնակի դաժանությամբ: Ամենասարսափելին, սակայն, այն է, որ հայկական կողմին են հանձնվել… ածխացած աճյուններ, որ հանվել են Շահբուլաղի կրահորերից: Մարդկանց այնտեղ են նետել կենդանի՝ նախապես ոտք ու ձեռքերը կապելով ամուր մետաղալարով:



Միջազգային որեւէ կառույց տեղյա՞կ է այս սահմռկեցուցիչ փաստերին: Որեւէ մեկը պահանջե՞լ է պատասխանատվության ենթարկել Այազ Մութալիբովին, որը սառնասրտորեն հրամայել է Շուշիից հրթիռահրետակոծությամբ ոչնչացնել Ստեփանակերտը: Ոչ:
Մութալիբովից 24 տարի հետո Իլհամ Ալիեւի տեռորիստական խմբերը ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում գնդակահարել, ապա խոշտանգել են Խալափյանների ընտանիքին, իսկ զոհված հայ զինվորը գլխատվել է:



Ի՞նչ տեղի կունենար, եթե ադրբեջանական զինված ուժերը շփման մեջ մտնեին Արցախի քաղաքացիական բնակչության հետ: Կասկածել պետք չէ՝ լինելու էր ավելի ահավորը, քան Սրեբրենիցայում, որի համար Կարաջիչը դատապարտվեց 42 տարվա ազատազրկման:
Կարաջիչը, հավանաբար, մահկանացուն կկնքի բանտում: Իսկ ո՞վ Հաագա կտանի Ալիեւին: Մե՞նք, թե՞ ադրբեջանական ժողովուրդը: Ցանկալին կլիներ երկրորդը: Դրանով ադրբեջանցիներն ինքնամաքրման ճանապարհի առաջին քայլը կանեին: Բայց չպետք է հույսը դնել հրաշքների վրա: Այսօր Ալիեւին միջազգային պատասխանատվության ենթարկելու իրավական բավարար հիմքեր կան: Հարկավոր է անել նրան Հաագա տանելու ճանապարհի առաջին եւ ամենավճռական քայլը…



Վահրամ Աթանեսյան