Ադրբեջանի նախարարի հայտարարությունը ցինիկության գագաթնակետն է. ԼՂՀ ՊԲ

Ադրբեջանի նախարարի հայտարարությունը ցինիկության գագաթնակետն է. ԼՂՀ ՊԲ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ունեցած հանդիպման ժամանակ ապրիլի 6-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարի արտահայտած այն միտքը, որ «ի տարբերություն հակառակորդի՝ մենք չենք կռվում կանանց եւ երեխաների հետ», թերեւս, կարելի է համարել ցինիկության գագաթնակետ, մանավանդ, եթե դիտում ենք Թալիշի վայրագրությունների լուսանկարները: Այս մասին հայտարարություն է տարածել ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը:



«Իսկ լուսանկարում ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի տարեցներ Վալերա եւ Ռազմելա Խալափյաններն են, որոնց Ադրբեջանի «հումանիստ» նախարար Հասանովի ղեկավարած «հզոր բանակի» ասկյարները բարբարոսաբար գնդակահարել, իսկ այնուհետեւ վայրենի մոլուցքով կտրել են նրանց ականջները…



Այսքանից հետո, թե ով է «կռվում կանանց եւ երեխաների հետ» եւ ազնվության ինչպիսի որակներով է օժտված նախկին ոստիկանապետ, իսկ այսօր իրեն պաշտպանության նախարար համարող Զաքիր Ասկեր օղլու Հասանովը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կխնդրեինք դատել փաստերով»,- ասված է Պաշտպանության բանակի տարածած հաղորդագրության մեջ:



Հիշեցնենք, որ ադրբեջանական վայրագություններն իրենց ողջ «հմայքով» ի ցույց են դրվել Մարտակերտի Թալիշ գյուղում, որը հայկական ուժերն արդեն ազատագրել են:



Ադրբեջանի զորամիավորումներն ապրիլի 2-ին մտնել էին Թալիշ գյուղ, որտեղ այդ պահին մնացել էին մի քանի խաղաղ բնակիչներ, հաղորդում էր Hetq.am-ը:



Ադրբեջանցիները գնդակահարել են Վալերա Խալափյանին եւ նրա կնոջը՝ Ռազմելային, կտրել նրանց ականջները։ Նրանք գնդակահարել են նաեւ 1924 թվականին ծնված Մարուսյա Խալափյանին։